Հանրային հեռարձակողի խորհուրդը մրցույթ է հայտարարել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար:
Հայտատուներից պահանջվում է բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հեռուստատեսային արտադրության կազմակերպման և իրականացման ոլորտում, ֆինանսների պլանավորման և կառավարման հմտություն, մեդիային վերաբերող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն:
Պահաջվում է նաև հաղորդակցության, բանակցությունների վարման հմտություններ, հրատապ և պատասխանատու որոշումներ ընդունելու ունակություն։ Կարևոր է հայերեն լեզվի գերազանց, անգլերենի և ռուսերենի բավարար իմացությունը:
Դիմելու համար նախատեսված է տասը աշխատանքային օր: Հանձնաժողովը ուսումնասիրելու և հաղթողին ընտրելու է փաստաթղթերի ընդունման վերջին օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է նաև մրցույթի մասնակիցներին հրավիրել հարցազրույցի:
Եթե դիմողների թիվը մեծ լինի, նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև քսան աշխատանքային օրով։
Փաստաթղթերն ուսումնասիրող հանձնաժողովի կազմում են լինելու Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Հանրայինի նախկին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց 2020թ-ի ապրիլին: Աշխատանքից հեռացման պատճառը ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի տեխնիկական փորձարկումների արտահոսքն էր: Իր հայտարարությամբ նա կիսեց տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանը։
Ըստ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի, նոր գործադիր տնօրենի նշանակման համար անհրաժեշտ էր մրցույթ հայտարարել:
Մայիսին Գրադարանում հաղորդման ժամանակ, խոսելով սպասվող մրցույթի մասին, Արա Շիրինյանը նշել էր, որ մայիս ամսվա վերջում հրապարակվելու է մրցութային հանձնաժողովի կազմը, իսկ բուն մրցույթն անցկացվելու է հունիս կամ հուլիս ամիսներին: Նա կարևորել էր հատկապես չափորոշիչների խնդիրը, քանի որ աշխատանքը բարդ է և պատասխանատու:
«Շատերին թվում է, որ կարելի է փողոցից գալ և ղեկավարել Հանրային հեռուստատեսությունը: Այդպես չէ: Այդ պաշտոնի համար պահանջվում են գերազանց գիտելիքներ, հմտություններ, բարձր պրոֆեսիոնալիզմ… Այս դեպքում մենք ուղղակի պարտավոր ենք ընտրել լավագույնին»,- նշել էր Արա Շիրինյանը:
Հունիսին սպասված և սեպտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված Հանրային հեռուստատեսության նոր գործադիր տնօրենի անունը հայտնի կդառնա ամենաուշը հոկտեմբերին:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: