Ուղիղ երկու տարի առաջ խոսում էինք այն մասին, որ հայաստանյան Յություբում հեղափոխություն է: Այսօր արդեն կարելի է հաստատել, որ իսկապես տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ։ Դիտարկենք մի քանի կարևոր զարգացման ուղղություններ։
1. Հայաստանյան յություբյան ալիքների դիտումները շարունակում են ակտիվորեն աճել։
Եթե երկու տարի առաջ դրդող ուժը հեղափոխությունն էր, որը տեղափոխեց մարդկանց դեպի տեսանյութերի ակտիվ սպառում, այսօր դա արդեն կորոնավիրուսն է։
Ամբողջ աշխարհում գլոբալ կարանտինի սկզբից կտրուկ աճել է վիդեո բովանդակության սպառումը։ Հայաստանը բացառություն չէ այս հարցում։
Բացի դրանից, այս հանգամանքի վրա դրական ազդեցություն ունի սմարթֆոնների տոկոսի աճը և բջջային ինտերնետի սակագների նվազումը։ Այնպես որ լսարանը Յություբում շարունակելու է աճել։ Իհարկե, այստեղ հարկ է նշել, որ սա միայն Յություբին բնորոշ հարց չէ, աճում է ընդհանուր վիդեո բովանդակության սպառումը։ Նույնը դիտվում է նաև Ֆեյսբուքում։
Սակայն, այստեղ կա մի տարբերություն․ Յություբը ավելի հեշտությամբ է մոնետիզացվում։ Եվ այսպես մենք մոտենում ենք երկրորդ կետին։
2. Յություբյան բովանդակությունը Հայաստանում վերջապես սկսում է ներգրավել գովազդային բյուջեներ։
Մինչև վերջերս գումար վաստակելու միակ տարբերակը հենց Յություբի ներքին մոնետիզացիան էր, որը, ինչպես գիտենք, Հայաստանում չի աշխատում։ Յություբերները որպես իրենց ալիքի վայր ստիպված են նշել այլ երկիր։ Իսկ հայալեզու բովանդակությունը փաստացի ստանում է մինիմալ եկամուտներ, քանի որ Յություբը հայերենի հետ դեռևս չի աշխատում։
Վերջին մեկ-երկու տարիներին Յություբում սկսեց թույլ, բայց զարգանել այն, ինչ անգլերեն կոչվում է influencer marketing: Սակայն այս տարի կարելի է փաստել, որ գովազդային շուկան վերաուղղորդվում է դեպի յություբերները։
Իհարկե, լրատվականների մոտ սա արդեն աշխատում էր։ Սակայն, հիմա գովազդային գումարներն արդեն մտնում են անկախ վլոգերական ծրագրեր։ Ինչը կարող է ունենալ երկու կարևոր հետևանք։
Մեկն այն է, որ գումարների առկայության դեպքում մենք վերջապես հույս կունենանք ստանալու միաժամանակ անկախ և հետաքրքիր բովանդակություն։
Մյուս կողմից, սա կարող է բերել ցանցային գովազդային բյուջեների վերաբաշխմանը։ Ինչը կարող է հարվածել լրատվականներին, որոնք չեն հետևի որակական փոփոխություններին։
Չնայած, այս պահին բովանդակությունը հիմնականում զարգանում է մի ուղղությամբ․ հարցազրույցներ տարբեր հայտնիների հետ։
Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ նման ուղղությունը շատ արագ կարող է իրեն սպառել, քանի որ Հայաստանում այդքան էլ շատ չեն հետաքրքիր մարդիկ։ Այնպես որ պետք է սպասենք, թե երբ այս ալիքն ինքն իրեն կսպառի և բովանդակությունը կդառնա ավելի բազմակողմանի։
3. Յություբի լսարանի աճը սկսել է ձգել նաև տարօրինակ բովանդակության արտադրողներին։
Սունկ կայքերը, որոնք դարձել են մեր կյանքի մասը, արդեն ծլում-ծաղկում են Յություբում։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում դիտվում է նման անտանելի բովանդակություն ստեղծող ալիքների դիտումների կտրուկ աճ։ Բերենք երկու նման սունկ ալիքների դիտումների վիճակագրություն։
Հստակ երևում է, որ վերջին ամիսներին դիտումները կտրուկ աճել են։ Եվ նման ալիքները քիչ չեն։ Կոնկրետ հասցեներ և անուններ չենք տա, բայց բերենք մի քանի տեսանյութի (տասնյակ հազարավոր դիտումներ ունեցող) վերնագիր, որպեսզի պարզ լինի, թե ինչ որակի բովանդակության տարածման հետ գործ ունենք․
ԴԻՏԵ ՛Լ, ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է․ Ով փորձի չգալ հանրահավաքի, կզրկվի աշխատանքից․ ո՞վ ռիսկ կանի չգնալ․․․
Պուտինի նոր Հրամանը Քոչարյանին․ Գիշերը զանգեց և ասաց
ԱԱԾ-ն նոր կործանիչ գրոհ է սկսում․ Մգերը չտիրապետեց իրեն /130 միլիոն դոլար
ԹՈՒ’ ՁԵՐ ՍՈԻՏ ՈՒ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ․․․ միայն իմանաք թե ինչից ենք մենք պրծել․ ՀԵՐԻՔ Է
Ինչպես տեսնում եք, Յություբում ուրախ է լինելու։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: