Լրագրողներն ամենից ավելի են դժգոհում ու բողոքում մեր մտավորականներից, բայց առիթով ու անառիթ մշտապես նրանց են դիմում` այս կամ այն հարցի մասին նրանց կարծիքն իմանալու:
Մեզանում առաջին հերթին մտավորական են համարվում գրողները: Բանաստեղծները` ներառյալ: Նկարիչներն ու քանդակագործները` նույնպես: Ինչպես նաև` ռեժիսորներն ու դերասանները:
Ավելի հազվադեպ` գիտնականները: Շատ ավելի հազվադեպ` ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչները: Եվ գրեթե երբեք` բժիշկները, ուսուցիչները, իրավաբանները, տնտեսագետներն ու մտավոր աշխատանքով զբաղվող այլ բնագավառների ներկայացուցիչները:
Այսինքն՝ մեզանում ամենից ավելի մտավորականի համարում ունեն արվեստագետները, որոնց աշխատանքն ավելի հույզերի հետ է առնչվում, քան մտքի. լավագույն դեպքում 50-50։
Եվ սովորաբար մեր լրագրողներն իրենց ու ազգին մտահոգող ամենալուրջ հարցերով ավելի հաճախ արվեստագետներին են դիմում` մոռանալով ու չհիշելով, որ արվեստագետները` մանավանդ ամենատաղանդավորները, հիմնականում ինքնամփոփ ու նորմայից շատ թե քիչ շեղված անհատականություններ են, մինչդեռ բուն մտավորականությանը (գիտնականներ, դասախոսներ, իրավաբաններ և այլն) հազվադեպ են մեր լրագրողները լուրջ հարցերով դիմում, և լուրջ հարցեր ասելով` առաջին հերթին նկատի ունեմ մեր ազգային, քաղաքական ու ներքաղաքական խնդիրները։
Եվ արվեստագետներից էլ հիմնականում իշխանամետներին ու ընդդիմադիրներին են դիմում, և չնայած մեր լրագրողներն ու ոչ լրագրողները համարում են, որ արվեստագետները Ազգային ժողովում ու քաղաքականության մեջ անելիք չունեն, այդուհանդերձ, քաղաքական ու մանավանդ ազգային հարցերով մշտապես արվեստագետներին են դիմում։
Եվ վերջիններս էլ կեղծ համեստությամբ առանձնապես աչքի չեն ընկնում և անմիջապես պատասխանում են ցանկացած լրագրողի ցանկացած հարցին, և շատ դեպքերում սրճարաններում ու արվեստանոցներում միանգամայն անսթափ վիճակներում են պատասխանում էդ միանգամայն կարևոր և միանգամայն լուրջ հարցերին։
Եվ լրագրողներն էլ ամենևին չեն խորշում անսթափ վիճակում միանգամայն լուրջ հարցերին պատասխանելու պատրաստ արվեստագետներից. ավելին՝ մեր լրագրողներին միանգամայն ձեռնտու են անսթափ և հարբած արվեստագետների անսթափ պատասխանները, որովհետև, որպես կանոն, անսթափ վիճակում գտնվող բանաստեղծը կամ գեղանկարիչը շատ ավելի էքսցենտրիկ, շատ ավելի համարձակ և շատ ավելի ընդդիմադիր է, և հարցազրույցն էլ շատ ավելի սուր ու հետաքրքիր է ստացվում։
Եվ էս դեպքերում ազգի հետ կապված կարևորագույն հարցերն էլ են հեշտուհանգիստ ու միանգամայն թեթևորեն լուծվում։ Էքսքլյուզիվը միանգամայն պատրաստ է, և կողմերը միանգամայն գոհ են ու հոգևոր իմաստով էլ` կուշտ։
Եվ եթե աչքովս էս տեսակ դեպքեր տեսած չլինեի, հիմա էդ մասին չէի գրի, բայց, մյուս կողմից էլ, միանգամայն բնական ու տրամաբանական է, որ մեր լրագրողները հիմնականում գրողներից ու արվեստագետներից են հարցազրույցներ վերցնում, որովհետև արվեստը բոլորին ու մանավանդ լրագրողներին մատչելի է, համենայն դեպս` բոլորին ու մանավանդ լրագրողներին էդպես է թվում։
Ու երևի հիմնականում էդ է պատճառը, որ մեր լրագրողները հիմնականում գրողներից ու արվեստագետներից են հարցազրույցներ վերցնում, որովհետև իսկական ու իրական մտավորականերից` բժիշկներից, ուսուցիչներից, դասախոսներից, իրավաբաններից, տնտեսագետներից, պատմաբաններից հարցազրույցներ վերցնելու համար որոշակի նախապատրաստական աշխատանք ու որոշակի գիտելիքներ են հարկավոր։
Մինչդեռ արվեստագետներին քաղաքականության, ազգի ու ամեն ինչի մասին ցանկացած հարց կարող ես տալ, և իրենք անվարան, առանց երկմտելու կպատասխանեն, որովհետև իրենք էլ են արդեն համոզվել, որ իրենք էս բազմաչարչար ազգի մտավորականության խորհրդանիշն ու մարմնացումն են։
Եվ հետաքրքիրն էն է, որ արդեն բոլորն են էդ կարծիքին:
Մանավանդ` լրագրողները:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: