2020.08.17,

Ստուգված է

Բելառուսի ցույցերն ու հայաստանյան հեռուստաընկերությունների օրակարգը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Բելառուսում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակմանը բողոքի ցույցեր հաջորդեցին։ Օգոստոսի 9-ից տեղի ունեցան արյունոտ բախումներ ուժայինների և ցուցարարների միջև, բռնություններ ձերբակալված քաղաքացիների նկատմամբ։ Խոչընդոտվեց լրագրողների աշխատանքը, խափանվեց ինտերնետ կապը, իսկ Բելառուսի նախագահը ցույցերում տեսավ արտաքին ուժերի ձեռքեր։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրողների 80.1%-ի վստահությունը ստացել է 1994-ից երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն։

Երկրորդ տեղում 10.12% արդյունքով Սվետլանա Տիխանովսկայան է, որն ընդդիմության ճակատը գլխավորեց ամուսնուն՝ որպես թեկնածու չգրանցելուց և ձերբակալումից հետո։ 

Մի շարք երկրների առաջնորդներ շնորհավորել են Լուկաշենկոյին, ներառյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մի շարք այլ երկրներ չեն ճանաչել ընտրությունների արդյունքները, խոսվում է պատժամիջոցների մասին։

Տիխանովսկայան օգոստոսի 11-ին լքել է Բելառուսը՝ ապաստան ստացել Լիտվայում։ 

Առ այս պահը գրանցվել է 2 մահ։ Բողոքի ակցիաները ընթանում են ոչ միայն Մինսկում, մասնակիցները սպիտակ հագուստով են և ծաղիկներով։ Երկրում գործադուլներ են։

Այս իրադարձությունները համաշխարհային և տեղական մամուլի ուշադրության կենտրոնում են։ Պարզելու համար հայաստանյան հեռուստաընկերությունների լուսաբանումների մոտեցումները՝ media.am-ն ուսումնասիրել է դրանց լրատվականների գլխավոր թողարկումները օգոստոսի 10-ից սկսած։ 

Հանրային հեռուստաընկերություն․ ինչ չէինք իմանա միայն նրանց լսելով

Եթե վեցօրյա կտրվածքով նայեինք Հանրային հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկումը ու համարեինք, թե սա էր մեր միակ ինֆորմացիոն աղբյուրը, ապա չէինք իմանա, որ Բելառուսում․

  • Համացանցն անջատվել է օգոստոսի 9-ի երեկոյան, իսկ հաջորդող օրերին ինտերնետը ոչ ամբողջապես է հասանելի եղել։ Օգոստոսի 8-ից արգելափակվել են մի շարք սոցիալական ցանցեր, մեսինջերներ։
  • Որոշ կայքեր արգելափակվել են 
  • Մեկուսարաններում ցուցարարները բռնության ու նվաստացումների են ենթարկվել
  • Օգոստոսի 16-ին աննախադեպ մարդաշատ ցույց է եղել․ սա դուրս է մնացել Լուրերի կիրակնօրյա թողարկումից

Լուսաբանումների հղումները․ 10/08, 11։08, 12/08, 13/08, 14/08, 15/08, 16/08

Օգոստոսի 11-ին «Լուրեր»-ի մեկնաբանն ասել է, որ նախագահի թեկնածու Տիխանովսկայան իր կողմնակիցներին կոչ է արել հարգել օրենքը, չդիմակայել ոստիկաններին և հավաքներ չանցկացնել (տեսանյութում 20:50 րոպեից)։

Սակայն, Հանրայինը չի տեղեկացրել, որ ընդդիմադիր թեկնածուի մասնակցությամբ նույն օրը երկու տեսանյութ է տարածվել՝ տարբեր բովանդակություններով, տարբեր վայրերում։

Առաջին հրապարակված տեսանյութում, որին չի անդրադարձել Հանրայինը, Տիխանովսկայան ակնարկում է, որ երկիրը լքել է՝ վախենալով երեխաների համար։ Նա Լիտվայում է ապաստան ստացել։

Բելառուսը լքելու նախորդ օրը՝ օգոստոսի 10-ին, ընդդիմադիր թեկնածուն մոտ 7 ժամ կալանքի տակ է պահվել, երբ գնացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու։

Իսկ երկրորդ տեսանյութում, որին անդրադարձել է Հանրայինը, Տիխանովսկայան թղթից կարդում է ցույցերը դադարեցնելու կոչը։ Ավելին, այս տեքստը կարդում է Բելառուսի ԿԸՀ-ի ղեկավարի աշխատասենյակում։ Այս բացահայտումը կատարել է փաստերի ստուգմամբ զբաղվող ‘Conflict Intelligence Team’-ը։ Նման եզրակացության նրանք եկել են սենյակի որոշ իրերի նույնականացման արդյունքում։

Նույն բացահայտումը կատարել է meduza.io-ն։

Կենտրոն. 3 օր անընդմեջ Բելառուսի իրադարձությունների մասին չի պատմել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «լավ ընկեր և բարեկամ» արտահայտություններով առաջիններից մեկն էր շնորհավորել Բելառուսի նախագահին հաղթանակի համար։ Ծառուկյանի հիմնադրած Կենտրոն հեռուստաընկերությունը 3 օր շարունակ չի լուսաբանել ընդդեմ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընթացող ցույցերը։ 

Լուսաբանումների հղումները․ 10/08, 11/08, 12/08, 13/08, 14/08 15/08 

Անցած օրերին Բելառուսի մասին 2 լուսաբանումների տեղեկատվական առիթները առաջին դեպքում օգոստոսի 10-ին Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքներն են։ 

Երկրորդ առիթը օգոստոսի 15-ին է։ Կենտրոնը տեղեկացնում էր նախօրեին կայացած Անվտանգության խորհրդի նիստն ու նույն օրվա հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

«Բելառուսի դեմ ագրեսիա է հյուսվում, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ահազանգել գունավոր հեղափոխության սցենարով երկրում արտաքին միջամտության սպառնալիքի մասին», – ասել է հեռուստամեկնաբանը (տեսանյութում 1։18 րոպեից)։

ԱրմՆյուզ․ արձակուրդում է

ԱրմՆյուզ հ/ը-ի լրատվական և վերլուծական հաղորդումները արձակուրդում են։ Սակայն, Բելառուսի իրադարձություններին հեռուստաընկերությունն անդրադարձել է «Ուղիղ խոսք» ձևաչափով։ 

Սա արձակուրդային շրջանում ստեղծված շարք է, որում այս հեռուստաընկերությամբ հեռարձակվող երկու տարբեր հաղորդումների հեղինակները՝ Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը թեմաներ են վերլուծում։ Այս թողարկմանը նրանք փորձել են գտնել Բելառուսին «Միֆերի և իրականության արանքում»։

Երկուսից ոչ մեկը շուրջ 44 րոպե զրույցի ընթացքում ոչ մի անգամ չի տալիս ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի անունը։ Փոխարենը նրան բնութագրում են «այս կինը», «ընդդիմադիր այդ թեկնածուն» արտահայտություններով։

5-րդ ալիք․ պաշտոնական տեղեկությունը անվերապահ ճշմարտություն չէ

5-րդ ալիքը Բելառուսի հետընտրական իրադարձությունները ակտիվ է լուսաբանել։ Նյութերից մեկում  երկու փաստական անճշտություն է գրանցվել։ 

❌ Օգոստոսի 11-ի անդրադարձում ռեպորտաժի հեղինակը տեղեկացրել է․ «Երկու ժամ հետո Տիխանովսկայան ձայնագրել է երկրորդ տեսանյութը, որտեղ ցուցարարներին կոչ է արել փողոց այլևս դուրս չգալ» (տեսանյութում 5։34 րոպեից)։

Հոդվածի՝ Հանրային հեռուստաընկերության հատվածում այս տեսանյութին ու լուրին անդրադարձել ենք։ Այս դեպքում մնում է հավելել, որ տեսանյութը ոչ թե ձայնագրվել, այլ հրապարակվել է ավելի ուշ։ 

❌ Ռեպորտաժի ավարտին լրագրող Լիլիթ Գասպարյանն ասել է․ «Ռետինե փամփուշտներով ոստիկանները ուզել են ցրել ցուցարարներին, երբ նրանցից մեկի ձեռքում պայթուցիկ սարքը պայթել է։ Ցուցարարը մահացել է» (տեսանյութում 7։05 րոպեից)։

Սա ոչ թե հաստատված տեղեկություն, այլ բելառուսական պաշտոնական տեսակետն էր, որին հակառակ շրջանառվում էր ուժայինների՝ ցուցարարին կրակելով սպանելու տարբերակը։ 

Այս վերջին վարկածն ավելի ուշ հաստատվել է փաստերը ստուգող լրագրողների կողմից։ Համադրվող տեսանյութերում երևում է, որ ոչ թե պայթյուն է, այլ՝ կրակոց։

Լուսաբանումների հղումները․ 10/08, 11/08, 12/08, 13/08, 14/08 (18:30-ի թողարկում, գլխավորը թողարկումը հասանելի չէ YouTube-ի ալիքում), 15/08

Իրադարձությունները առավել համակողմանի են լուսաբանել Շանթ, Երկիր մեդիա և Արմենիա հեռուստաընկերությունները։ Արմենիա հ/ը-ն հատուկ ուշադրություն է դարձրել բերման ենթարկված հայերին։ 

Կիրակնօրյա թողարկումներից մինչև մեր հրապարակումը հասանելի էր միայն Հանրային հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկումը, որում անդրադարձ չկա Բելառուսի զարգացումներին։ Մյուս հեռուստաընկերությունների դեպքում կամ կիրակնօրյա թողարկումներ չկան կամ մինչև մեր հրապարակման պահը դրանք տեղադրված չեն YouTube-ի ալիքներում։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *