2012.09.17,

Քննադատ

Նախագահի հետ զրույցում մի փորձեք նրան դուր գալ

Սկսնակ լրագրողների մեծ մասին թվում է, որ եթե երկրի նախագահի հետ հարցազրույց անցկացնի, ապա կդառնա հայտնի եւ դա կլինի իր կարիերայի գագաթնակետը: Իհարկե, միգուցե որոշ ժամանակ նրան հիացմունքով եւ նախանձով նայեն իր գործընկերները, բայց կանցնի ժամանակ եւ նրա մասին բոլորը կմոռանան: Լրագրողի համար հաջողություն կլինի ոչ թե ինքնին հարցազրույցի փաստը առաջին դեմքի հետ, այլ այն, թե ինչ հարցեր է շոշափել այդ զրույցի ընթացքում եւ որքանով է նրան հաջողվել ստանալ պատասխաններ, որոնք հետաքրքրում եւ հուզում են հասարակությանը: Եւ հետո մեր մասնագիտությունը պահանջում է ամենօրյա հաջողություներ, մեկ հարցազրույցը ոչինչ չի որոշում:

Պետք է խոստովանեմ, որ ես էլ էի ինձ զգում 7-րդ երկնքում, երբ առաջին անգամ հանրապետության փաստացի ղեկավարն ինձ հարցազրույց տվեց: Փաստացի, որովհետեւ այն ժամանակ` 1998 թվականի մարտին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահի պաշտոնակատարն էր, նախագահի թեկնածուն եւ վարչապետը: Նախագահի թեկնածուի մամուլի քարտուղարը (ներկայիս ԱԺ-ի պատգամավոր Աղվան Վարդանյանը) հարցազրույցի իմ խնդրանքը չմերժեց: Հարցերը նախապես պատրաստեցի, թեեւ իհարկե, զրույցի ընթացքում նախատեսում էի հանդես գալ նաեւ նոր հարցերով:

Գիտեի նաեւ, որ Քոչարյանը սովորաբար ցածր է խոսում եւ պետք է ձայնագրիչը մի քիչ մոտ պահել՝ իհարկե պահպանելով էթիկայի կանոնները (մեր որոշ վայ-լրագրողներ երբեմն ձայնագրիչը ուղղակի «խոթում են» զրուցակցի բերանը): Ինձ կառավարության շենքում արդեն սպասում էին` առաջինը, ով բարեւեց ինձ, Գրիգորի Սարկիսյանն էր, որն այն ժամանակ կատարում էր ե՛ւ վարչապետի վարորդի, ե՛ւ թիկնապահի դերը: Իսկ ընդունարանում դիմավորեցին վարչապետի մամլո քարտուղար Հասմիկ Պետրոսյանը եւ այն ժամանակվա օգնական, ներկայիս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Մինչեւ կառավարության ղեկավարի դուռը բացելն ինձ զգուշացրին, որ ժամանակը սահմանափակ է եւ 25-30 րոպեից ավելի խոսել չի կարելի: Ես իհարկե, փորձեցի ըմբռնումով մոտենալ այդ խնդրանքին, սակայն զրույցի ընթացքում այնքան էինք տարվել, որ մի 2-3 անգամ ներս էր մտնում վարչապետի օգնականը եւ ցույց տալով ժամացույցին հասկացնում էր, որ ժամանակն է «կարճ կապել»: Հետաքրքիր է, որ Քոչարյանի հետ հարցազրույցի ժամանակ մենք միայնակ էինք, ոչ ոք ներկա չէր մեր զրույցին: Պետք է նշեմ, որ Քոչարյանը պատասխանեց իմ բոլոր հարցերին եւ նույնիսկ չակնարկեց, որ մեր ժամանակը սպառված է եւ պետք է ավարտել զրույցը: Այդ հարցազրույցի ընթացքում ես ունեցա միայն մեկ դժվարություն` վերծանել ձայնագրածս: Պարզվեց, որ չնայած իմ ձեռնարկած բոլոր միջոցներին, ձայնագրիչից մի կերպ կարելի էր լսել պատասխանները` հանրապետության նախագահի պաշտոնակարատը կրկին շատ ցածր ձայնով էր խոսել: Ստիպված էի ամբողջ գիշեր մինչ առավոտվա ժամը 6-ը զբաղվել տեքստի վերծանմամբ` ամեն մի նախադասությունը մի քանի անգամ լսելով:

Այդ հարցազրույցը` հաշվի առնելով բազմաթիվ արտատպումները տեղական եւ արտերկրի մամուլում, կարծում եմ՝ հաջողված էր: Քոչարյանի տարբեր տեսակետների հետ հասարակությունն առաջին անգամ ծանոթացավ այդ հրապարակման միջոցով: Ինչի շնորհիվ էլ ինձ եւս մեկ անգամ հաջողվեց հարցազրույց վերցնել հանրապետության երկրորդ նախագահից: Հարցազրույց եմ ունեցել նաեւ Մոլդովայի նախագահ կոմունիստ Վլադիմիր Վորոնինի, Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի եւ նախագահական ընտրություններում նախընտրական քարոզարշավ անցկացնող նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ (Աբովյանում): Սակայն ոչ մի անգամ հարցազրույցի համաձայնություն չի տվել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չգիտես ինչու նա նախընտրում էր մեծամասամբ շփվել արտասահմանցի լրագրողների հետ:

Սկսնակ լրագրողներին խորհուրդ կտայի մինչ առաջին դեմքի հետ հարցազրույցի գնալը նախօրոք պատրաստել հարցերը, զրույցի ընթացքում չփորձել անպայման դուր գալ զրուցակցին, այդ իսկ պատճառով էլ հարցերը պետք է լինեն արդիական, որոնք հուզում են հասարակությանը:

Մի համաձայնվեք նաեւ գրավոր հարցազրույցին, երբ հարցերը նախօրոք ուղարկվում են, իսկ պատասխանները գրվում են սովորաբար մամլո քարտուղարի կողմից: Անմիջական զրույցին ոչինչ չի փոխարինի, հատկապես առաջին դեմքի հետ:

Երբեք զրույցի ընթացքում մի կաշկանդվեք, մի թողեք, որ զրուցակիցը խոսքերի տարափի միջոցով խուսափի հարցի պատասխանից:

Ուղղորդեք զրուցակցին, եթե տեսնում եք, որ նա խուսափում է ըստ էության պատասխանել ձեզ:

Աշխատեք քաջատեղյակ լինել այն հարցերից, որոնք պատրաստվում եք տալ նախագահին` պաշտոնյաներին դուր են գալիս տեղեկացված լրագրողները:

Եղեք ժպտերես եւ մի’ լարվեք. նախագահը ձեր նման մարդ է եւ զուրկ չէ այն ամենից, ինչը բնորոշ է հասարակ մահկանացուին:

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *