Ղարաբաղյան հակամարտությունը հայաստանյան լրատվամիջոցների մշտական գլխավոր թեմաներից է։
Թեման թեժացել էր ապրիլին, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցություններում քննարկվում է կարգավորման փուլային տարբերակը։
Լավրովի հայտարարության շուրջ քննարկումները ԱԺ-ում, տարբեր շրջանակներում և հետևաբար նաև լրատվամիջոցներում շարունակվեցին ոչ միայն ապրիլ ամսին, այլ նաև մայիսին։
Մայիսին հայաստանյան լրատվամիջոցները հիմնականում քննադատում էին ներկա իշխանություններին, մի մասն առաջ էր քաշում որոշ դավադրությունների թեմաներ, իսկ մի մասն էլ բավարարվում էր միայն պաշտոնական տեսակետներով։
Լավրովի հայտարարությունն ու արձագանքները
5-րդ ալիքը, հատկապես իր «Հարցազրույց» հաղորդման թողարկումներում հաճախակի էր անդրադառնում Լավրովի հայտարարությանն ու հայկական կողմի արձագանքներին։ Այստեղ քիչ չէին իշխանություններին քննադատող կարծիքները՝ Լավրովի հայտարարության համատեքստում, ինչն օգտագործվում էր նաև որոշ «դավադրություններ» առաջ քաշելու համար։
Գրեթե յուրաքանչյուր հաղորդման մեջ լրագրողի հարցերում հատուկ ընդգծվում էր Փաշինյանի ասածը Ալիևի կիրթ լինելու մասին։ Սա հստակ նկատելի էր նաև Արմնյուզի «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում։ Այս և Փաշինյանի մեկ այլ ձևակերպում, որ հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, անընդհատ էին նշվում այս երկու հաղորդումներում։
Հաղորդումների հյուրերն էլ հիմնականում այնպիսի մարդիկ էին, որոնք ընդգծված ընդդիմադիր դիրքորոշում ունեն ներկայիս իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հանդեպ։
Օրինակ ռազմական գործիչ ներկայացող Գևորգ Գևորգյանը հաղորդման ժամանակ հիշեցնում է, որ «Մենք ագրեսոր չենք, գիտենք, որ սա (ազատագրված տարածքները-հեղ) մերն է», «Թուրքը միշտ էլ մնացել է նույն թուրքը, ով մորթել է, ոչնչացրել է, երազում է, որ Երևանը պետք է իրենը լինի, ու էդ ազգի ղեկավարին այստեղ կիրթ են ասում»:
Շարունակելով թեման նա ընդգծում է, որ «Նիկոլ Փաշինյանը եկել է հողեր հանձնի»։
Այս հաղորդումը 5TV-ի յություբան հուլիսի 27-ի դրությամբ ուների 9153 դիտում։
«Օրագիր» հաղորդման այս թողարկման հյուր ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն էլ ասում է, որ «Ագրեսորի հետ պետք է ուժի լեզվով խոսել», «Հերիք է աշխարհին ապացուցենք, որ մենք կառուցողական ենք, իրենք ոչ»։
Նա նաև շարունակում է, որ «Իշխանությունները պետք է ոչ ասեն բանակցությունների սեղանին դրված փաստաթղթին։ Փուլային տարբերակի մանդատը ժողովուրդը չի տվել։ Երբ ինքը (Նիկոլ Փաշինյանը-հեղ) մանդատը վերցնում էր՝ խոսում էր Արցախը բանակցային սեղան բերելու մասին․․․»։
Այս թողարկումը 5TV-ի յություբան հուլիսի 27-ի դրությամբ 772 դիտում ուներ։
Արմնյուզի «Հայելու առաջ» հաղորդումն իր ոճով գրեթե չի տարբերվում «Հարցազրույցից»՝ և՛ հյուրերի կրկնությամբ, և՛ դիրքորոշումների։
Մայիսի 1-ին հաղորդման ժամանակ հյուրերը տարբեր թեմաների շարքում նաև անդրադարձել են Լավրովի հայտարարությանն ու արձագանքներին։ Այստեղ նույնպես հնչեցվել է Նիկոլ Փաշինյանի «հողեր հանձնելու ծրագրի առկայության մասին»։
«Եթե մեր վարչապետը խոսում է առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման ու խոսում է վերաբնակեցման մասին, դա կոնկրետ հողեր հանձնելու ծրագիր է», «Այսօրվա մեր իշխանությունը ապազգային իշխանություն է։ Նիկոլը ունի գենետիկ ատելություն պետության, պետականության հաղթանակների նկատմամբ, ամեն ինչ կանի վարկաբեկի այդ հաղթանակն ու հաղթանակ տարած մարդկանց», «Երկրապահը թույլ չի տա, որ Արցախյան հաղթանակը մսխվի»։ Այսպիսի մտքեր են հնչել հաղորդման ժամանակ, որի յություբյան դիտումների քանակը հուլիսի 27-ի դրությամբ 13 923 էր։
Մեկ այլ հաղորդման ընթացքում, որի հյուրը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն էր, կարծիք է հնչել, թե «Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ներքաշել է վտանգավոր խաղերի մեջ»։
Նա միաժամանակ շեշտել է․ «Հրաժարական պետք է տա Փաշինյանն ու իր թիմը, հետո՝ Արցախի իշխանությունը»։ Այս հաղորդումը Յություբում հուլիսի 27-ի դրությամբ դիտել են 26 377 անգամ։
Դավաճանության, հող հանձնելու մեղադրանքներն ու պատասխանը
Այս պահի դրությամբ 17 992 դիտում ունեցող այս հաղորդման մեջ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը նույնպես մեղադրում է Նիկոլ Փաշինյանին՝ արդեն դավաճանության մեջ։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ Ադրբեջանը կառուցողական է, նշել է․ «Մեզ համար ակնհա՞յտ է չէ, որ Ադրբեջանը մեզ համար թշնամի պետություն է։ Մարդկության պատմության մեջ այդպիսի դեպք չկա, որ թշնամի պետությունը գնահատվի կառուցողական։ Սա շատ լուրջ քաղաքական օգնություն է, որ Ադրբեջանը օգտագործելու է տարբեր հարթակներում։ Նա սպասարկում է Ադրբեջանի շահերը»։
Ի պատասխան Armtimes-ը իր խմբագրականում հիշեցրել է, որ Դավիթ Շահնազարյանը «ժամանակին ստորագրահավաք էր կազմակերպել՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանում դատելու համար, իսկ հիմա նրա ամենամոլի պաշտպաններից է»։
Այնուհետև ակնարկել, որ Հայաստանում բազմաթիվ քաղաքական ուժեր ու «գործիչներ» իրականացնում են ճիշտ այն քարոզչությունը, որը պատերազմ սկսելուց առաջ Ադրբեջանը պիտի իրականացներ՝ մեր հասարակությունը պառակտելու նպատակով։ «Ընդ որում՝ պատահական է, թե ոչ, բայց այդ քարոզչությունն իրականացնում են Հայաստանում կամ արտասահմանում գտնվող այն առանձնատներից, որոնց գումարով հայկական բանակի մարտունակությունը հաստատ հնարավոր կլիներ էապես բարձրացնել, և իրականացնում են այն քարոզչամիջոցներով, որոնց վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան ժամանակին ծախսում էին առաջնագիծն ամրապնդելու վրա։
Բայց լավ է, որ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածն ուսումնասիրում են։ Հետո չեն ասի՝ «տեղյակ չէինք»: Այս հոդվածի դիտումների քանակը կայքում հուլիսի 27-ի դրությամբ 3259 է։
«Հող հանձնելու ծրագրին» անդրադարձել է նաև Aysor-ը․
«Նիկոլին բերել են, որպեսզի արցախյան հիմնահարցը իրականություն դարձնեն, տան մեր ազատագրած, մեր հայրենակիցների սուրբ արյունով ներծծված հայրենի հողերը։ Նիկոլը վաճառել է մեր հայրենիքը, վաճառել է ինքն իրեն կոնկրետ գումարների դիմաց։ Մենք կանգնած ենք պատերազմի, սովի առաջ»։
Իրավունքը նույն հոդվածը մի քանի անգամ հրապարակեց
Իրավունքը Լավրովի հայտարարությունն ամեն անգամ օգտագործում էր Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար, իսկ նույնաբովանդակ նյութեր կային, որոնք տպագրվում էին մի քանի անգամ՝ նույն կամ այլ վերնագրով։
Դրանցից էր այս նյութը, որը հրապարակվել է մայիսի 4-ին՝ «Մնացականյանը կրկին խուսափեց պատասխանել, արդյո՞ք կա սեղանին դրված փաստաթուղթ» վերնագրով, որում այսպիսի մի հատված կա։
«Մեր ստուգվող տեղեկություններով ռուսական համապատասխան կառույցները արդեն սկսել են մշակել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների վերականգման, ինժեներական նախագծերը, դրանք քննարկելով այդ երկրների կառավարությունների հետ: Մասնավորապես քննարկվում են երկաթգծերի , ավտոճանապարհների և գազատարների վերականգնման հնարավորությունները»:
Նույն նյութը տպագրվել է նաև մայիսի 5-ին՝ այն էլ 2 անգամ։ Մեկը սա, մյուսն էլ այս վերնագրով՝ «Սկսվելու է ինտենսիվ բանակցային փուլ»։
Ալիևի և Մամեդյարովի միջև անհամաձայնությունները
Ի տարբերություն մյուս լրատվամիջոցների, Lragir-ը Լավրովի առիթը չօգտագործեց իշխանություններին քննադատելու համար։ Հեղինակ Հակոբ Բադալյանը իր մի քանի նյութում թեման վերլուծում էր բոլորովին այլ տեսանկյունից։
Լրատվամիջոցը մի շարք նյութերում անդրադարձել էր Լավրովի հայտարարությունից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի արած հայտարարությանը՝ դրանք կապելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև առկա անհամաձայնությունների հետ։
Դրանցից է Հակոբ Բադալյանի նյութը, որում նշվում է, որ «Զաքիր Հասանովի հայտարարությունն ունի մի քանի հնարավոր պատճառ: Փուլային տարբերակի մասին ՌԴ նախագահ Լավրովի հայտարարությունը Բաքվում խթանեց իշխանական որոշակի շրջանակների բացահայտ դժգոհությունը արտգործնախարար Մամեդյարովի հասցեին»:
«․․․Հասանովին Ալիև՞ն է մղել ռազմատենչ հայտարարության, թե՞ Հասանովն ու որոշակի ուժային շրջանակ դրան են մղում Ալիևին, ակնկալելով այդ միջոցով ոչ թե պատերազմ, այլ արտգործնախարարի փոփոխություն: Որովհետև, միայն ծայրահեղ անհամարժեքության պայմաններում ադրբեջանական ռազմական ղեկավարությունը կարող է մտածել իրական պատերազմի միջոցով հաջողության մասին»:
Շուշիի ազատագրում
Մայիսին ամենաքննարկվող թեմաներից էր Շուշիի ազատագրման տարեդարձը։
Արմնյուզի՝ մայիսի 8-ի իր եթերում Աբրահամ Գասպարյանն անդրադարձել է Շուշիի ազատագրմանը՝ նշելով, որ «Ադրբեջանում չեն պատրաստվում խաղաղության»։
«Շուշիի ազատագրման օրը նրանց համար ցեղային ամոթի օր է, պարտության ու նվաստացման օր։ Նրանք համարում են, որ հայկական բանակը պատվազրկեց իրենց, կոտրեց այն միֆը, որ քանակով ու տեխնիկայով տասնապատիկ հզոր Ադրբեջանն անպարտելի է»։
«Սա այն Ղարաբաղն է, որը վաղուց Ադրբեջան չէ, այլ հարևան, թշնամի հարևան»։
«Միջազգային իրավապաշտպան ո՞ր կառույցներն են կարողացել զսպել Ադրբեջանին, որի հռետորաբանությունը չի դադարում, չի էլ դադարի քանի դեռ այդ երկրում իշխանության հավերժացման գաղտնիքը հայատյացությունն է»։
Հիմնականում այս մեսիջներն են հնչել յություբում հուլիսի 27-ի դրությամբ 2 725 դիտում ունեցող հաղորդման ժամանակ։
5-րդ ալիքն էլ թեմային անդրադարձել է յուրովի՝ զուգահեռներ անցկացնելով Շուշիի ազատագրման ու Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի նշանակման միջև և շեշտելով, որ տարեդարձի շեմին դատական նիստի նշանակումը պատահական չէ։ Հաղորդումը հեռուստաալիքի կայքում այս պահի դրությամբ ունի 4 006 դիտում։
«Հարցազրույցի» ընթացքում ոչ միայն հյուրն է խոսել այդ երկու իրադարձությունների մասին, այլ նաև լրագրողը։
«Զավեշտ կա, որ Շուշիի ազատագրման օպերացիային մեծ ավանդ ունեցած մարդկանց այդ օրը դատում են, զոհվածների ծնողներին թույլ չեն տալու բարձրանալ Եռաբլուր, բայց իրենք տոնելու են Եռատոնը, մարդիկ, ովքեր անգամ բանակում չեն ծառայել»։
Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը Շուշիում
Երդմնակալության անցկացման լուրը Ադրբեջանում մեծ աղմուկ էր բարձրացրել, և հայկական կողմի արձագանքներն էլ «յուրօրինակ պատասխան էին»։
«Շանթը» իր՝ մայիսի 21-ի լուրերի գլխավոր թողարկման ընթացքում թեմային անդրադարձել է՝ մեջբերելով մի հատված Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթից՝ կապված Շուշիի ազատագրման օպերացիայի ու նրանց երազանքների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ղարաբաղյան շարժման տարիներին իր զոհված եղբորը երդում տվել՝ պետք եղած դեպքում զոհվել հանուն հայրենիքի։
Մեջբերվել է նաև նրա այս արտահայտությունը․ «Արցախը Հայաստան է ու վերջ»։
Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում էլ Պետրոս Ղազարյանի հարցազրույցն էր Արայիկ Հարությունյանի հետ։
Նա նշեց, որ հակամարտության կարգավորման որևէ լուծում չի տեսնում․ չկա առանցքը, որի շուրջ համաձայնություն լինի։ Ըստ նրա՝ առաջիկա 20 տարում և ավելի նույն հարցը քննարկվելու է։ «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին բանակում է, իսկ բանակը պետք է հզորացնել զարգացած տնտեսությամբ։ Եկեք տնտեսությունը զարգացնենք»։
Նա նաև հավելել է, որ պատերազմից չեն վախենում և պատերազմի դեպքում ելքը ի օգուտ իրենց է լինելու։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: