Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) տարեսկզբից սկսել է ուսումնասիրել գովազդային շուկան:
Նախկինում եղել են ուսումնասիրություններ, վարույթներ, բայց դրանք կրել են հատվածական բնույթ և չեն եղել մեդիա ոլորտում գովազդի տեղադրման իրավիճակի ամբողջական և ամփոփ վերլուծություն:
Հիմա կլինի համապարփակ ուսումնասիրություն՝ հասկանալու մեդիագովազդի շուկան, գովազդների բաշխման մեխանիզմներն ու հեռուստաընկերությունների միջև փոխկապակցվածությունը։
Մինչև ընթացիկ ուսումնասիրությունը, 2019թ-ին, «Դիջիթալ Կարամել» ընկերության կողմից ներկայացվել էր դիմում, որի համաձայն, «Մեդիա Սիսթեմ» ընկերությունը թույլ է տվել մրցակցային օրենսդրության խախտումներ, քանի որ իր հաճախորդներին առաջարկել է ակնհայտ հակամրցակցային պայմաններ:
«Մեդիա Սիսթեմ» ընկերությունը ներկայացրել է 2019թ-ի կնքած պայմանագրերը, հարկային հաշիվներն ու ծառայությունների արժեքները: Պայմանագրերի ուսումնասիրությունից պարզվել է, որ այդ պայմանագրերում առկա չեն լրացուցիչ ծառայություններից անվճար օգտվելու, դրանց անհատույց տրամադրման, զեղչերի կիրառման վերաբերյալ դրույթներ: Վարչական վարույթը կարճվել էր:
Գովազդի շուկայի ընթացող ուսումնասիրության համար հանձնաժողովը հավելյալ տեղեկատվություն ստանալու համար հարցումներ է ուղարկել հեռուստաընկերություններին, ռադիոընկերություններին, www.similarweb.com և www.alexa.com հասանելի հարթակներում առավել բարձր վարկանիշ ունեցող էլեկտրոնային կայքէջերին, գովազդային գործակալներին, որոնց մեծամասնությունը տրամադրել է պահանջվող տեղեկատվությունը: Հեռուստառադիոընկերությունները նշված ժամկետում տրամադրել են պահանջվող տեղեկությունները:
Որոշ կայքեր դժվարությամբ են համաձայնվել ներկայացնել պահանջվող տեղեկությունները։ Մտահոգությունները փարատելու համար ՏՄՊՊՀ-ում հանդիպել էին կայքերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առաջացած հարցերն ու իրենց հիմնական նպատակը։
ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը հանդիպման ժամանակ իր խոսքում ասաց, որ ուսումնասիրությունն ուղղված է ոչ թե բողոքների, այլ ընդհանուր մրցակցային իրավիճակի բացահայտմանը:
«Գովազդի շուկայի ուսումնասիրության նպատակն է պարզել գովազդի շուկայի կառուցվածքը, գործող տնտեսվարողների քանակը, մուտքի խոչընդոտները, գերիշխող դիրք ունեցողների բացակայությունը կամ առկայությունը»,-ասաց նա։
Հանձնաժողովի ներկայացուցիչը չի բացառում, որ ուսումնասիրության արդյունքում կարող են պարզել հնարավոր իրավախախտման դեպքեր, որոնք ուսումնասիրվեն առանձին և կներկայացվեն հանրությանը:
Հանդիպմանը ներկա էր 168 Ժամ-ի խմբագիր, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, որը պահանջում էր հանձնաժողովից այս գործընթացի մաքսիմալ թափանցիկություն․ «Դուք մամուլի առաջ թափանցիկ չեք, չեք ապահովում պայմանագրերի կոմերցիոն գաղտնիությունը, չեք հրապարակում լրատվամիջոցների ցանկը, չեք ասում, որ կազմակերպությունն է բողոք ներկայացրել»։
«Blognews.am» կայքէջի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանն ավելի շատ տեխնիկական խնդիրներ է տեսնում և ասում է, որ համացանցում ոչ մի կայք չունի փաստաթուղթ, որ ինքը զանգվածային լրատվամիջոց է և օրինակ է բերում Յություբը, որն ուսումնասիրելու գործիք ՏՄՊՊՀ-ն չի կարող ունենալ:
«Զավեշտալի է տնտեսավարողի բողոքը, որովհետև եթե հեռուստատեսային շուկայում ամեն ինչ մաքսիմալ պարզ է, ապա էլեկտրոնային գովազդում հստակ չափանիշ չկա»,-ասում էր նա։
Քննարկման ժամանակ մտահոգություններ ունեցող կայքերն ուզում էին հանձնաժողովի հետ աշխատել փոխվստահության միջավայրում և տրամադրել միայն պայմանագրերը, քանի որ մնացած պահանջվող ինֆորմացիան գտնելն ու ներկայացնելը ժամանակատար է և հավելյալ ռեսուրսներ է պահանջում նրանցից:
Ուսումնասիրության ողջ գործընթացում գաղտնիության ապահովումը, ըստ ՏՄՊՊՀ-ի ներկայացուցչի, կարևոր նախապայման է։ Եվ եթե չլիներ գաղտնիությունը, դժվար կլիներ բենզինի, ձվի և այլ, ավելի մեծ շուկաների տնտեսավարողների հետ աշխատանքը:
ՏՄՊՊՀ-ից Aravot.am-ին հայտնել են, որ քննարկման վերջում հանձնաժողովն ու խմբագրերը եկել են ընդհանուր հայտարարի, որ պահանջվող փաստաթղթերը կներկայացնեն:
«Փրայմ Քոմերշլ» ցանցային գովազդային գործակալության ղեկավար Սամվել Սահակյանն ասում է, ՏՄՊՊՀ-ն այս ուսումնասիրության հարցում պետք է համագործակցի մասնագետների հետ:
«Իրականում դաշտում խաղացողները երկուսն են, որոնցից մեկը՝ գերիշխող, և խնդիր կա հասկանալու՝ ինչու է այդպես ստացվում։ Մինչդեռ առողջ մրցակցությունը հուշում է, որ դաշտում շատ խաղացողներ պետք է լինեն և համարյա հավասար հնարավորություններով»,-ասում է նա։
Նրա խոսքով, թափանցիկության խնդիր կա այս գործընթացում, որն էլ առաջ է բերում քաղաքական շահարկումներ։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասում է, որ հանձնաժողովն ազատ է ուսումնասիրել և պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, հատկապես եթե կա բողոքի հիման վրա վարույթ. կազմակերպությունները պարտավոր են ապահովել ուսումնասիրության նյութերն, այդ թվում՝ ֆինանսական պայմանագրերը:
«Գովազդի ոլորտում ինչպես հասկանում եմ լայնածավալ հետազոտություն նախկինում չի եղել, դա նշանակում է, որ պետք է հստակ մեթոդաբանություն ունենալ: Եթե խնդիր են տեսնում հրապարակայնության հետ կապված, անհրաժեշտ է տալ բոլոր երաշխիքները, որ արդյունքները լինելու են անանուն»,-ասում է նա:
Նրա խոսքով, կարևոր են նաև ընտրանքի հետ կապված պարզաբանումները, հիմնավորումները, օրինակ թե ինչքան են իրար հետ համադրելի վերջին ամիսների alexa-ի տվյալները:
Ուսումնասիրություններն ավարտվելու են 2020-ի վերջին, արդյունքները հրապարակվելու են հանձաժողովի կայքում, որին հաջորդելու է այս թեմայով ասուլիսը:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: