2020.06.26,

Տեսակետ

«Բոլոր կայքերը դիտարկում ենք որպես գովազդի հարթակ, մեզ չի հետաքրքրում դրանց բովանդակությունը»

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրում է գովազդի շուկան, բնականաբար նաև՝ մեդիա դաշտը:

ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանն ասում է, որ նպատակը ամբողջական պատկեր ստանալն է, և ուսումնասիրության շատ ուղղություններ ի հայտ են գալիս ընթացքում, երբ հավելյալ ինֆորմացիա հավաքելու կարիք է առաջանում:

ՏՄՊՊՀ-ն հանդիպելու է նաև խմբագիրների հետ՝ քննարկելու բուռն արձագանքները, թե տեղի է ունենում արշավ ազատ խոսքի դեմ և այս ուսումնասիրությունն ընդհանրապես քաղաքական ճնշում է:

Հայկ Կարապետյանն ասում է, որ պատճառն իրենց աշխատանքի մասին թյուր ընկալումն է և պետք է «պարզ, բաց քննարկում», որի ընթացքում լսելի կլինեն մտահոգությունները և առաջարկները: Նա ուզում է, որ հունիսի 29-ին տեղի ունեցող այս քննարկումը լինի արդյունավետ ոչ միայն ուսումնասիրվող, այլև բոլոր այլ մեդիա ընկերությունների համար:

Եվ պնդում է. «Խմբագրությունների գործունեությունը միայն մեկ առումով է մեզ հետաքրքիր՝ գովազդի շուկայում նրանց մասնակցությունը»:

Ինչու՞ ծագեց անհրաժեշտություն ուսումնասիրելու գովազդի շուկան: Եվ ե՞րբ եք սկսել անել դա:

Մեր հանձնաժողովը 2020-ի հունվարին սկսեց ուսումնասիրել հեռուստատեսությունում, ռադիոյում և թվային հարթակներում գովազդի տեղադրման ծառայությունների մատուցումը՝ մրցակցային իրավիճակը պարզելու համար:

Մինչ այդ էլ հանձնաժողովը տարիներ շարունակ ստացել է բողոքներ՝ գովազդի տեղադրման հնարավոր մրցակցային խնդիրների վերաբերյալ:

Եղել են ուսումնասիրություններ, վարույթներ, բայց դրանք կրել են հատվածական բնույթ, և երբեք չի եղել մեդիա ոլորտում գովազդի տեղադրման իրավիճակի ամբողջական և ամփոփ վերլուծություն:

Վերջին բողոքը եղել է 2019-ի հոկտեմբերին: Կոնկրետ խնդիր չհայտնաբերվեց, բայց հանձնաժողովը միանշանակորեն որոշեց, որ անհրաժեշտ է ուսումնասիրել ողջ գովազդային շուկան:

Արդյունքում՝ հանձնաժողովը ամրագրեց այդ որոշումը:

Իսկ ի՞նչ բնույթի բողոքներ էին լինում: Եթե կարող եք, նշեք նաև, թե ով էր բողոքում:

Օրինակ, բողոքում են, որ կա մենաշնորհային կամ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ, որն օգտագործելով իր մրցակցային առավելությունը, թելադրում է իր պայմանները:

Կամ՝ կան սուբյեկտներ, որոնք առավելություն ունենալով հեռուստագովազդի շուկայում, առավելություն են ստանում նաև թվային հարթակներում:

Բազմաթիվ են բողոքները, որ կա միմյանց հետ համագործակցող սուբյեկտների կոնկրետ շրջանակ, որը ողջ շուկային թելադրում է իր պայմանները:

Ինքնուրույն հետազոտություններ են արել նաև ՀԿ-ները և դիմել մեզ՝ ավելի խորքային ուսումնասիրության պահանջով:




Բայց մեր ուսումնասիրությունն ուղղված է ոչ թե բողոքների, այլ ընդհանուր մրցակցային իրավիճակի բացահայտմանը: Ասենք, պարզելու, թե ինչ ապրանքային տեսակներ կան շուկայում, ովքեր են այդ շուկայի մասնակիցները, ինչ մասնաբաժիններ ունեն այդ շուկայում, ինչպես է իրեն դրսևորում գերիշխող դիրք ունեցողը: Եվ ընդհանրապես, ինչ է իրենից ներկայացնում գովազդի շուկան և ինչ ծավալի է այն:

Մենք ավելի շատ երևույթն ենք ուսումնասիրում, ոչ թե խնդիրները: Իհարկե, չենք բացառում, որ նաև կարող ենք խնդիրներ բացահայտել:

Ուսումնասիրում ենք գովազդ տրամադրողների, գովազդային գործակալների շուկան՝ հասկանալու համար, թե ովքեր են այստեղ գործում, ում հետ են համագործակցում և ով ունի մրցակցային առավելություն կամ շուկայական իշխանություն և ինչպես է դա արտահայտվում:

Մեդիա դաշտի վրա գովազդն ունի ուղիղ ազդեցություն: Ուսումնասիրվելու՞ է լրատվականների գործունեությունը:

Այս պահին ուսումնասիրում ենք հեռուստատեսային, ռադիոյի և թվային մեդիայի գովազդային իրավիճակը, այս փուլում չենք անդրադարձել տպագիր մամուլին և արտաքին գովազդին:

Եվ արդյունքում ամփոփելու ենք առկա իրավիճակը յուրաքանչյուր սեգմենտում:

Նպատակը բարվոք իրավիճակ ապահովելն է, և կարծում եմ, որ ուսումնասիրությունը հենց շուկայի մասնակիցների համար կունենա կողմնորոշիչ նշանակություն:

Լրագրությունը զգայուն թեմա է: Արդեն կան կարծիքներ և մեղադրական հրապարակումներ, որ ուսումնասիրությունը քաղաքական ուղղորդում ունի: Այսինքն, նպատակ կա վերաձևելու գովազդի շուկան:

Լրագրության հետ կապված որևէ ուսումնասիրություն չենք իրականացնում:

Հանձնաժողովը դիմել է նաև կայքերին՝ տեղեկատվություն ստանալու պահանջով: Այդ շարքում են կայքեր, որոնք ընդհանրապես կապ չունեն լրագրության հետ, դրանք գովազդի տեղադրման հարթակ են:

Օրինակ, list.am-ը՞:

Կամ առքուվաճառքով զբաղվող նման կայքեր: Ընդհանրապես բոլոր կայքերը դիտարկում ենք որպես գովազդի հարթակ, մեզ չի հետաքրքրում դրանց բովանդակությունը:

Մեր ուսումնասիրությունը չունի որևէ քաղաքական երանգ, և առավելևս սա քաղաքական պատվեր չէ: Ես պաշտոնապես հերքում եմ նման մեղադրանքները:

Սահմանադրության համաձայն՝ ՏՄՊՊՀ-ն անկախ և ինքնավար մարմին է և կապ չունի որևէ պետական կառույցի հետ: Բացի դրանից՝ հանձնաժողովի մուտքը որևէ քաղաքական գործընթացների մեջ չունի ո՛չ իմաստ, ո՛չ անհրաժեշտություն: Ոչ էլ կա նման հնարավորություն:

Դժվար է պատկերացնել, թե հանձնաժողովի ունեցած գործիքակազմով ինչպես է հնարավոր վերաձևել շուկան: Հանձնաժողովը չի կարող շուկայում այնպիսի միջամտություն ունենալ, որը կհանդիսանա շուկայի խաղացողների դիրքի փոփոխության հանգամանք:

Եթե ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվեն փաստեր, որոնք կարող են պարունակել իրավախախտումներ, ապա կլինեն կոնկրետ վարույթներ:

Բայց այս փուլում մենք այդ ուղղությամբ չենք էլ մտածում: Եվ շուկայի վրա ազդելու որևէ մեխանիզմ չունենք:

Երկար տարիներ մեդիան համարվել է վերահսկվող տարածք, շատ են բողոքները, որ այստեղ մենաշնորհ է, «սև փողեր»: Վերջին տարում եղան մի քանի քայլեր՝ Հանրային վերադարձավ գովազդը, ստեղծվեց երկրորդ սեյլս հաուսը, աուդիտ անցավ վարկանիշ չափող ընկերությունում: Այս ֆոնին ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը կարծես նույն փաթեթում է:

Մեր ուսումնասիրությունը սկսելու պահին Ձեր նշած գործընթացների մեծ մասը չի եղել:

Մենք ընդամենը ստանալու ենք շուկայի պատկերը և դրա հրապարակային մասը ներկայացնելու ենք հանրությանը, իհարկե, փակելով առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը:

Եվ ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչի արդյունքում են սկսվել մյուս գործընթացները, որոնք բացարձակապես կապ չունեն մեր հանձնաժողովի հետ և ընթանում են զուգահեռաբար:

Մեր ուսումնասիրությունների առիթը մեր կայքում տեղադրված վարույթներն էին: Անցկացրել ենք լսումներ, նիստ, խնդիրները բարձրացրել և որոշում կայացրել ուսումնասիրելու տվյալ շուկան:

Ի՞նչ փուլում է ուսումնասիրությունը և ի՞նչ խոչընդոտներ կան:

Մենք դիմել ենք հեռուստա և ռադիո հեռարձակող ընկերություններին, կայքէջեր սպասարկող իրավաբանական անձանց, գովազդային գործակալներին, վարկանիշային չափում իրականացնող ընկերությանը:

Անհրաժեշտ տեղեկատվության մեծ մասը արդեն ստացել ենք: Հարցեր բարձրացրեցին որոշ ընկերություններ, հիմնականում կայքէջեր սպասարկողներ, որոնց հետ փորձում ենք համագործակցել, որպեսզի ստանանք շուկայի ամբողջական պատկերը:

Կան լրատվամիջոցներ, որոնք վստահ չեն, թե առևտրային գաղտնիք պարունակող իրենց պայմանագրերը չեն հրապարակվի: Եվ չեն ուզում տրամադրել կայքերի այցելությունների տվյալները, առևտրային պայմանագրերը: Ինչպե՞ս է դա պաշտպանվելու:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը մեր հանձնաժողովին իրավունք է վերապահում ստանալու այդ թվում նաև առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն:

Նույն օրենքը նաև պարտադրում է չհրապարակել դա, իսկ հրապարակելու դեպքում՝ ենթարկել մեզ քրեական պատասխանատվության:

Հանձնաժողովում կան նաև ներքին մեխանիզմներ, որոնք նվազեցնում են կամ վերացնում այն ռիսկը, որ տեղեկատվությունը հանկարծ կարող է հրապարակվել հանձնաժողովի առանձին անդամների կողմից:

Եվ չի եղել մի դեպք, երբ հրապարակվել է որևէ տնտեսվարողի առևտրային գաղտնիքը: Ընդ որում՝ դրանք այն տնտեսվարողներն են, որոնք տասնյակ անգամ ավելի մեծ շրջանառություն և ազդեցություն ունեն, քան կայքեր սպասարկող տնտեսվարողները: Եվ ցանկացած հրապարակում կարող էր բացասաբար ազդել թե՛ նրանց հեղինակության, թե՛ տնտեսական գործունեության վրա:

Բայց նրանք համագործակցում են հանձնաժողովի հետ՝ ապահովագրված իրենց զգալով:

Այսինքն, գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքը գրեթե հավասար է զրոյի:

Իսկ կայքեր սպասարկողներից մենք պահանջել ենք միայն այն տեղեկատվությունը, որը պետք է ամփոփ պատկեր ստանալու համար՝ գովազդի տեղադրման, այն սուբյեկտների, որոնց հետ կա համագործակցություն, ընկերությունների վարկանիշների մասին տվյալներ:

Դա պետք է գովազդի գնագոյացման հիմքերը և ընդհանրապես ողջ շղթան հասկանալու համար: Բնական է, որ կայքի այցելությունները ևս ազդում են գովազդի գների վրա:

Հնարավոր է, որ շահարկվի նաև այն հանգամանքը, որ դիմել ենք փակ բաժնետիրական ընկերություն հանդիսացող իրավաբանական անձանց, որպեսզի բացահայտենք սեփականտերերին (ՓԲԸ-ների մասին տեղեկատվությունը մեզ հասանելի չէ, ի տարբերություն՝ ՍՊԸ-ների):

Այդ քայլն ուղղված է շուկայում գործող փոխկապակցված ընկերությունների բացահայտմանը, որպեսզի այդպիսով նրանց դիտարկենք որպես մեկ սուբյեկտ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության իմաստով: Այսինքն, գումարվեն նրանց մասնաբաժինները:

Ասում են, որ սա մեդիայի դեմ արշավ է, իսկ հանձնաժողովը ասոցացվում է վարչապետի հետ:

Եվ չեմ կարող հասկանալ այս ենթադրությունների հիմքում եղած հանգամանքները:

Այնուամենայնիվ, եթե կա ընկալում, որ սա արշավ է ոլորտի դեմ, նույն տրամաբանության համաձայն՝ արշավ պիտի լինեն բոլոր ոլորտային ուսումնասիրությունները: Մեր հանձնաժողովը տարեկան հինգ և ավելի նման ուսումնասիրություն է կատարում: Օրինակ, հիմա նաև ուսումնասիրում ենք հանքարդյունաբերության ոլորտը:

Եվ այդ տրամաբանությամբ՝ ուրեմն արշավ է այդ ոլորտի դեմ:

Հանձնաժողովի առջև չկան փակ ու բաց դռներ, և հանրությունը չի որոշում, թե որտեղ կարող ենք ուսումնասիրություն իրականացրել և որտեղ՝ ոչ:

Ուսումնասիրվող ընկերությունների ցանկը նախօրոք որոշվա՞ծ է, թե՞ այն կարող է ընդլայնվել:

Հեռուստա և ռադիո ալիքների դեպքում այսպիսի չափանիշներ են. դրանք պիտի զբաղվեն գովազդով և սփռվեն Երևանում կամ ողջ հանրապետությունում:

Օրինակ, Հանրայինը մեր ցանկում չկար, այժմ ունի գովազդային գործունեությամբ զբաղվելու իրավունք և պիտի ներառվի ցանկում:

Կայքերի ընտրության հիմքում մեկ չափանիշ է՝ այցելությունների քանակը: Դա օբյեկտիվ չափանիշ է, և հանձնաժողովը ընտրել է բարձր հաճախելիություն ունեցող կայքերին:

Չենք բացառում, որ ցանկը կարող է ընդլայնվել:

Շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ տեսք է ունենալու ուսումնասիրությունը, մտածելով, որ պիտի կոնկրետ անուններ ու գումարներ հրապարակվեն:

Հրապարկվող ուսումնասիրության մեջ կնշվեն միայն այն ընկերությունների անունները, որոնք ունեն գերիշխող դիրք և ազդեցություն շուկայի վրա:

Եվ դրանով իսկ այդ ընկերություններն արդեն կդառնան հանրային ուսումնասիրության առարկա:

Իսկ մասնավոր ընկերությունների մասին տեղեկատվությունը արտացոլվելու է ամփոփ տեսքով, ընդհանուր թվերով, առանց անունների:

Մեր թիրախը մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող խոշոր ընկերություններն են:

Հնարավո՞ր է, որ ուսումնասիրությունից հետո հարուցվեն վարույթներ:

Այո: Նախորդ տարի, օրինակ, մենք ուսումնասիրել ենք կարագի և շաքարավազի շուկաները և արդյունքում ունենք ընթացիկ վարույթներ, որոնք արդեն մոտենում են ավարտին:

Բայց նաև չենք բացառում, որ ուսումնասիրության ընթացքում կարող է չբացահայտվել որևէ խնդիր:

Ո՞ր ընկերությունները չեն տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը և ի՞նչն է պատճառը:

Որոշ տնտեսվարող սուբյեկտներ երբեմն հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել: Բայց օրենքը մեր հանձնաժողովին օժտել է նաև որոշակի գործիքներ կիրառելու լիազորությամբ:

Երբ տնտեսվարող սուբյեկտը չի տրամադրում հանձնաժողովին պահանջվող տեղեկատվություն, հանձնաժողովը պարտավոր է հարուցել վարույթ, որ պարզի, թե ինչով է դա պայմանավորված:

Եթե դա պայմանավորված է դիտավորությամբ, չարամիտ գործողություններով, հանձնաժողովն ունի իրավունք կիրառելու ֆինանսական պատժամիջոցներ (նախազգուշացում կամ տուգանք մինչև 5 մլն դրամ):

Իսկ եթե դա անփութության կամ աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման հետևանք է, հանձնաժողովը տեղեկացնում է այդ մասին:

Բայց բոլոր դեպքերում մենք պարտավոր ենք անդրադառնալ տեղեկատվության չտրամադրման փաստին:

Հիմա մենք գրությամբ նշել ենք, որ 15 օրվա ընթացքում մեզ տրամադրեն պահանջվող տեղեկատվությունը: Իհարկե, հաշվի ենք առնելու նաև համավարակի իրավիճակը, հեռավար աշխատանքի պայմանները, և եթե դիմեն մեզ, կընդառաջենք և կերկարացնենք ժամկետը:

Հարցազրույցը Գեղամ Վարդանյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *