Մի քանի շաբաթ առաջ Ֆեյսբուքի այն գողտրիկ անկյունում, ուր հավաքված են հպարտ հայ օգտատերերը, մի նոր հիթային շարք հայտնվեց: Այդ տեսածները հրճվող զմայլիկներ կամ սրտիկներ են դնում, հիացական մեկնաբանություններ թողնում ու կիսում, նշելով, թե որքան դիպուկ է եղել գրառման հեղինակը։
Այս նոր հիթային գրառումների շարքի հեղինակը դիզայներ-նկարազարդող Վիլյամ Կարապետյանն է (ներստեղծագործ շրջանակում՝ պարզապես Վիլո)։ Վիլոն վերջերս խորացել է պարզ, միանգամից աչքի ընկնող տեքստային ազդագրերի ստեղծման մեջ։ Գուցե հիշեք մի քանի տարի առաջ արված նրա «ՎՐԵՆ» մինիմալիստական ստեղծագործությունը։
Բայց այս անգամվա շարքը ոչ միայն սիրուն էր, այլև կոնկրետ ասելիք ուներ («Վրենն» էլ, իհարկե ունի, բայց ավելի աբստրակտ, ոչ այսքան կոնկրետ)։ Այդ ասելիքն ամփոփված է ազդագրերն ուղեկցող հեշթեգում՝ #տպիրհայատառ։
Իսկ բովանդակությունը շատ պարզ է՝ լատինատառ կամ կյուրեղատառ տրանսլիտով հայերեն արտահայտությունը, որը, մեղմ ասած երկիմաստ է դիտվում (օրինակ, SEXI SEZONY BACVEL A, երբ քաղցրահամ սեխի փոխարեն ստացվում է սեռական կյանքի մասին ակնարկ), ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ անկապ է գրել այլատառ, երբ միտքդ հայերեն է։
Վիլոն շարունակեց շարքը ու մեկը մյուսի հետևից բոցվեց մի շարք նմանատիպ արտահայտությունների վրա։
Շարքը մի կողմից շատ սրամիտ է, բայց մյուս կողմից էլ՝ թվում է, թե տրանսլիտը վաղուց արդեն այդքան տարածված չէ և ուրեմն դրա վրա ղժժալն էլ մի տեսակ 2020-ի բան չէ։ Բայց մինչև ձեր խոնարհ ծառան մտորում էր՝ լայքե՞լ, թե՞ ոչ ANTERI TESK UNEK պաստառը (երբ ուզում ես հաճոյախոսել՝ «անթերի տեսք ունեք», բայց ստացվում է «անտերի տեսք»), մեկ այլ արժանավոր դիզայներ, Արա Ասլանյանը (ներստեղծագործ շրջանակում՝ պարզապես Արո) ներկայացրեց ֆասթ-ֆուդ ռեստորանի բրենդինգի կոնցեպտ։
Ապագա ռեստորանը կոչվում է Burgernoc, գովազդային պաստառին գրված է kyanq inch utenq? [B)rgrnci havesy tvec։ Գրողը տանի, մի՞թե հիմա ոչ թե համաճարակային 2020-ն է, այլ ձանձրալի 2010-ը։
Այդ հեռավոր 2010-ում էր, որ ես լծվել էի չՏեսություն պորտալում տարատեսակ մեմերի (այն ժամանակ անհամեմատ հազվադեպ և ուրեմն, ավելի պատմական) մասին հանրագիտարանի հարստացման գործին։
Ու հենց այդ թվականին՝ ուղիղ տասը տարի առաջ, գրվել է Տրանսլիտ հոդվածը։ Այնտեղ բերված էին օրինակներ, թե ինչու են ոմանք համառորեն hayereny grum translitov, իսկ մյուսները՝ ճիշտ Վիլոյի ու նրա երկրպագուների պես, պախարակում այդ սովորությունը։
Լուրջ, դեռ 2010-ին ֆեյսբուքյան Ես նեռվային եմ էջում (այնտեղ անանուն ադմինը հայոց իրականությունում նյարդայնանալու բազում առիթների մասին էր խոսում, հետո դադարեց) դրվել էր [ես նեռվային եմ ու բեսամթ եմ նեռվայնանում erb mardik translitOven hayeren grum…] տեքստով պատկերը, իսկ iCon ինտերնետ պրովայդերի արտաքին գովազդը (Qaghaki lavaguyn anlar internet) դեռ այն ժամանակ Ֆեյսբուքում ծաղրուծանակի առարկա էր դարձել։
Այստեղ, իհարկե, պետք է նշել, որ այն հեռավոր հին Հայաստանում իսկապես կար տեխնիկական խնդիր (որը միևնույն է լուծելի էր, բայց դե կար, ինչ խոսք)։
Իսկ այս՝ նոր Հայաստանում ամեն թեյնիկ ու լվացքի մեքենա ի ծնե ունի հայերեն շարադրելու ու հայերեն տեքստ արտահայտելու հնարավորություն։
Այդուհանդերձ, ոմանք սովորության գերին են մնացել, մյուսները չեն ուզում ժամանակ կորցնել հեռախոսի կամ համակարգչի ստեղնաշարի լեզուն փոխելու վրա (ինչքա՜ն կարևոր գործ կարելի է հասցնել այդ մեկուկես վայրկյանի ընթացքում)։
Մյուսներն էլ ոչ միայն նորմալ են համարում տրանսլիտի գոյությունը, այլև համարում են, որ թերևս շատ էլ հավես է այն կիրառել մարքեթինգային արշավներում (ինչպես iCon-ը՝ տասը տարի առաջ)։
Այստեղ հավանաբար շատերը կասեն, որ դե սա առանձնապես ի՞նչ մի քննարկելու խնդիր է, ով ոնց ուզում է, թող գրի։ Եվ ճիշտ կասեն մի կողմից։ Բայց մյուս կողմից, իմ համեստ կարծիքով, մտահոգիչ է ոչ թե mi qani bar авел пакас уриш тареров греле, այլ մտածելակերպը (հատկապես Արոյի պես առաջադեմ ու պրոֆեսիոնալ մարդկանց):
Որ այդքան հեշտ կարելի է արհամարհել հայերեն տառերը, որ այդքան հեշտ կարելի է ընդառաջել այն զանգվածներին, որոնք վաղուց արհամարհում են հայերեն տառերը, որ նորն ու հավեսը հակադրվում են կայացած պատմականին։
Չէ՞ որ ինչպես դեռ տարիներ առաջ գրել էր Կարեն Ղարսլյանը (գրառման օրիգինալը չի պահպանվել, բայց մեզ հասել է շնորհիվ նույն չՏեսության հոդվածի)՝ «Տրանսլիտով հայերենը բերանդ խեռով բացելն ա, երբ պարզապես ուզում էիր դա անել խերով»։
Արտավազդ Եղիազարյան
«Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: