2012.09.07,

Նյուսրում

Վանաձորում նախընտրական եթերը առատ էր թեկնածուների հոլովակներով

Վանաձորում Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների քարոզարշավի վերջին օրերին հեռուստաընկերություններում քաղաքական գովազդի պատվերների թվի աճ էր նկատվում: Թեկնածուները նույնիսկ պատվիրում էին խտացնել իրենց գովազդների քանակը երեկոյան ժամերին, երբ հեռուստադիտողների քանակը մեծ է:

Վանաձորյան հեռուստաընկերությունները քաղաքական գովազդի համար վճարովի եթերի տարբեր գներ էին սահմանել: «Միգ» հեռուստաընկերությունում մեկ րոպեն 1000 դրամ էր, «9-րդ ալիքում»`1500-2000 դրամ: «Ֆորտունա» հեռուստաընկերությունը քաղաքական գովազդի 1 րոպեի գինը սահմանել էր 3500 դրամ: Ամենաթանկ քաղաքական գովազդը «Լոռի»-ի եթերում էր՝ րոպեն 7000 դրամ:

Չնայած համեմատաբար թանկ գնին, նախընտրական քարոզչության վերջին օրերին «Լոռի» հեռուստաընկերության գովազդային բլոկներում ոչ մի վայրկյան ազատ ժամանակ չէր մնացել:

Հեռուստաընկերությունը նաեւ քաղաքապետի թեկնածուների հետ ուղիղ եթերում հարցազրույցների շարք է եթեր հեռարձակել: «Լոռի»-ի տնօրեն Նարինե Ավետիսյանը  դժգոհ է, որ նախընտրական բանավեճեր չհաջողվեց կազմակերպել:

«Ցանկացած լրատվամիջոցի համար ամենամեծ հաղթաթուղթը ուղիղ եթերում նախընտրական բանավեճ ունենալն է: Եվ իրեն հարգող ցանկացած լրագրող ցանկանում է բանվեճի ամբիոնում լինել, հատկապես քաղաքապետի թեկնածուների հետ: Մենք չենք պատճառը, չկա ցանկություն թեկնածուների կողմից»,- ասում է Նարինե Ավետիսյանը:

«9-րդ ալիք» հեռուստաընկերությունը նախընտրական շրջանում յուրաքանչյուր թեկնածուի հնարավորություն էր տալիս օրական մեկ անգամ օգտվելու անվճար եթերից`մինչև 30 վայրկյան հոլովակի ցուցադրությամբ: Չնայած դրան, կան թեկնածուներ, որ ընդհանրապես որևէ հեռուստաալիքով ոչինչ չեն հեռարձակել: «Ես կասեի`ավելի շատ հեռարձակելու ինչ- որ բան չունեն»,- ասում է «9-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Լիլյա Աբրահամյանը:

«Միգ» հեռուստաընկերությունը թեկնածուների համար 30 րոպե անվճար եթեր է սահմանել ընտրությանը նախորդող հինգ օրերի համար: «Միգ»-ի տնօրեն Սամվել Հարությունյանի խոսքովանվճար եթերից օգտվում են բոլոր թեկնածուները:

«9-րդ ալիքը» ուղիղ եթերի համար տեխնիկական հնարավորություններ չունի և չի կազմակերպում: «Միգ»-ը ավագանու թեկնածուների մասնակցությամբ երեք հաղորդաշար է ուղիղ եթեր հեռարձակել: Քաղաքապետի թեկնածուները մերժել են «Միգ»-ում ուղիղ եթերի հրավերները, նույնիսկ խուսափել են միաժամանակ միևնույն հաղորդմանը մասնակցելուց`թեկուզ տեսաձայնագրվելու տարբերակով:

Ադրինե Թորոսյան, Վանաձոր


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *