Media.am-ը ներկայացնում է համավարակի մասին անցած շաբաթ տարածված ապատեղեկատվությունները և դավադրության տեսությունները։
Անցնող շաբաթ շարունակվեցին ընդդեմ պատվաստանյութերի հակաքարոզչությունը։ Այս առիթով և համավարակի ստեղծած իրավիճակի համատեքստում թիրախավորվեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ իր կրոնական հայացքների, քաղաքական համակրանքների համար։ Նրան մեղադրեցին կոռուպցիայի մեջ։
Անժելա Թովմասյանն առանց աղբյուրներ նշելու հայտարարություն կատարեց
«ԱրմՆյուզ» հ/ը-ի եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդաշարը շարունակում է ապատեղեկատվություններ տարածել համավարակի մասին։
Հուլիսի 8-ին այս գործում հյուրերից առաջ ընկավ «Հայելու առաջ» հաղորդման հեղինակ Անժելա Թովմասյանը։ Հիշելով կորոնավիրուսից մահացած անձի դիակի շփոթության դեպքը՝ առանց փաստական հիմնավորման աղբյուր նշելու, հարցազրուցավար, լրատվական կայք և մամուլի ակումբ ղեկավարող Թովմասյանը հայտարարեց՝ թե հայտնի դեպքը միակը չէ։
«Էդպիսի մեկ այլ դեպք էլ էր եղել, բայց բարեբախտաբար էդ հարազատները չգիտեմ ինչի որոշել էին բացել և տեսել էին, որ իրենց հարազատը չի։ Եւ երբ որ փորձել էին վերադարձնել, էնտեղ իրենց ասել էին՝ դե ինչ մեծ աղմուկ եք բարձրացնում, ինչ տարբերություն նա՝ այնտեղ, նա՝ այստեղ», – ասաց Թովմասյանը (տեսանյութում 5։40 րոպեից)։
Դիակի թեման շահարկեց նաև «Մասիս» բ/կ-ի նախկին տնօրենը Livenews.am-ի հետ զրույցում։ «Տատիկի դիակի կորուստը փաստում ա, որ դիակների հետ նորմալ չեն վերաբերվում։ Դիակների հետ վերաբերվում են որպես բժշկական թափոններ», – ասաց Նունե Ներսիսյանը (տեսանյութում 25։12 րոպեից)։
Պատվաստանյութերը փորձարկված չեն
«ԱրմՆյուզ» հ/ը-ի երեկոյան լուրերի ռեպորտաժում լրագրողը, Ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ Գոհար Ջրբաշյանին հղում տալով, ասաց՝ պատվաստանյութը պարտադիր պետք է նախնական փորձարկվի կենդանիների վրա, բայց COVID-19-ի դեմ ստեղծվող պատվաստանյութերից չի փորձարկվել ոչ մեկը (տեսանյութում 16։27 րոպեից)։
❌ Սա սուտ պնդում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուլիսի 6-ին հրապարակել է պոտենցիալ պատվաստանյութերի պատկերը։ Համաձայն առկա տվյաների դրանցից 21-ը կլինիկական փորձարկումների փուլում է, 139՝ նախնական փորձարկման փուլում։
Ընթանում է ԱՆ Թորոսյանին վարկաբեկելու գործընթաց
Հայաստանում համավարակի ստեղծած իրավիճակից օգտվելով՝ ընդդիմադիր դաշտից շարունակում են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պիտակավորել և մի շարք հարցերում մեղադրել։
? Բժիշկ Նունե Ներսիսյանը, Livenews.am-ի հետ վերևում մեջբերված հարցազրույցի ժամանակ, բացի այն, որ պնդեց՝ Թորոսյանը ոչ մի լավ բան չի արել և նրա մոտ չի ստացվում ոչ մի լավ բան, նաև թիրախավորեց նրան կրոնական հայացքների համար։ «Մի մարդ, որ ինքը սորոսական է, մի մարդ որ աթեիստ է․․․», – ասաց Ներսիսյանը՝ աթեիստ լինելը հակադրելով հայի կերպարի հետ (տեսանյութում 29։28 րոպեից)։
? COVID-19-ը «Covig-19» անվանող (հնարավոր է սխալմամբ) irates.am-ը իր բամբասանքներ տարածող «Ասում են» խորագրի տակ գրեց՝ «…թե Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, անգամ եթե ողջ հայ ազգին վերջինս քշի կառափնարան»:
Կայքը գրածն ապացուցելու համար ոչ միայն Թորոսյանին պիտակավորեց «ԼՏՊ-ի հոգեզավակ», այլև նրա «անձեռնմխելիությունը» բացատրեց դավադրության տեսությամբ․ «Հայաստանում նա իրականացնում է գլոբալիստների-սորոսականների առողջապահական հակածրագրերը, դրանց թվում են արդեն իսկ պայմանավորվածության ուժ ստացած Covig-19-ի դեռ «չստեղծված» վակցինային առնչվող ծրագրերը»:
? Այս նույն դավադրապաշտական թեզը հայտնվեց «5-րդ ալիք»-ում։ Շաբաթներ առաջ իշխանությանը «մարդկանց մահի վրա փող աշխատելու» մեջ մեղադրող կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը շարունակեց զարգացնել իր թեզը։
«Օրագիր» հաղորդման տաղավարում նա ասաց, թե «Գավի»-ն և Գեյթսի հիմնադարամը «պատուհաս» առողջապահության նախարարներին երրորդ երկրներ են կանչում, լավ հյուրանոցում պահում և նվերներ տալիս, օրինակ, ժամի տեսքով։ «Բիլ Գեյթսը պիտի իրա փողը հետ բերի։ Վսյո, վերջացավ։ Ինչ ուզում եք արեք։ Հմի ինքը իրա փողը հետ ա բերելու վակցիանացիայով, մեր վրա հակավիրուսային դեղը ծախելով»,- ասաց Գրիգորյանը (տեսանյութում 10։16 րոպեից)։
Ճիշտ է, Արսեն Թորոսյանը «Գավի» պատվաստանյութերի գլոբալ դաշինքի խորհրդի անդամ է, իսկ Բիլ Գեյթսի հիմնադրամը ֆինանսավորել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործընթացը։ Սակայն, թանկարժեք հյուրանոցների և Գրիգորյանին հայտնի նվերների համար ներդրված գումարը հետ բերելը պատվաստանյութերի և դեղերի միջոցով դավադրության տեսությունների դաշտից է։
? «Ռազմավարական բարեփոխումների Ազգային խորհրդ»-ի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը 168 TV-ի հետ զրույցում մանիպուլացրեց Թորոսյանի խոսքը։ Նա ասաց, թե նախարարը իրեն թույլ տվեց բժշկին ոչ վայել արտահայտություն՝ «ինքը հպարտանում է մեր մահերով»։ Բացատրեց․ – «Նույնիսկ մեկ մահով հպարտանալ չի կարելի, դա մարդու կյանք է»։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Թորոսյանը հպարտացել է ոչ թե մահերով, այլ կորոնավիրուսից 1 միլիոն բնակչին բաժին ընկնող մահերի լավ ցուցանիշով։ «Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Եվ ես հպարտանում եմ, որ մենք ունենք նման լավ ցուցանիշներ», – ասել է նախարարը (տեսանյութում 5:29 րոպեից)։
Ամեն ինչ արդեն վերջացել է, մնացածը պատվաստումների համար է
Բժիշկ Հայկ Մանասյանն առաջ է քաշում թեզը, թե ամեն ինչ արդեն վերջացել է։ Սակայն, չի բացատրում, թե ինչ փոփոխություն է եղել այս ընթացքում, որ նման եզրակացության է իրեն հանգեցրել։ Փոխարենը, նա զարգացնում է դիմակների դեմ իր հակաքարոզչությունը՝ կապելով այն պատվաստանյութերի հետ։
? Մանասյանն իր ֆեյսբուքյան մի գրառմամբ հարց տվեց․ «Ջոկե՞լ եք, որ նորմալ կյանքին կարող ենք վերադառնալ թեկուզ վաղը։ Հերիք է միայն, որ պարետատունը էսօրվա նման հայտարարի, որ դիմակների ձևական դնելն այլևս անիմաստ է»։
Իսկ արդեն ուղիղ եթերում՝ լսարանի հարցին ի պատասխան, ասաց, թե համավարակը մասամբ առողջապահական և մասամբ քաղաքական խնդիր է․ «Ավելի շատ իմ մոտ տպավորություն ա թողնում, որ համբերեք, հեսա պաստվաստանյութը կլինի։ Եւ պատվաստանյութով զբաղացնելով փորձում են մարդկանց ավելի հեռու պահել բնական ճանապարհով իմունիզացիայի գաղափարից» (տեսանյութում 17։39 րոպե)։
? Դիմակների և պատվաստանյութերի կապի մասին Մանասյանը գրել էր նաև հուլիսի 7-ին։ Բացատրել էր․ «Ըստ ինձ դիմակները քաղաքական որոշում են, ու քաղաքական հարցերի լուծմանն են ուղված՝ սկսած արտակարգ դրության ապօրինի երկարաձգումից վերջացրած չեղած պատվաստանյութի նկատմամբ շուկայական պահանջարկի ստեղծումով»։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: