Կապանի «Խուստուփ Թիվի» հեռուստաընկերության «Կապանլուր» լրատվական ծրագիրը նախընտրական շրջանում եթեր չի հեռարձակվի: Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է չլուսաբանել սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավը:
Թեկնածուները երկուսն են՝ Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Աշոտ Հայրապետյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ՀՅԴ անդամ եմ՝ հեռուստաընկերությունը թիրախ չդարձնելու, ավելորդ պիտակավորումներից զերծ պահելու համար, սեփական լրատվական թողարկումները դադարեցրել ենք»,- ասում է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սասուն Մանուկյանը:
Քաղաքական գովազդից «Խուստուփ Թիվի»-ում չեն հրաժարվել: Հեռուստաընկերությունը վճարովի եթերաժամ է առաջարկում քաղաքապետի եւ ավագանու թեկնածուներին:
«Քարոզարշավի մեկնարկից սկսած հավասար պայմաններ ենք ապահովել բոլոր թեկնածուների համար, անգամ քաղաքական գովազդի վճարովի[[wysiwyg_imageupload:317:]] ժամանակահատվածի հերթականությունը վիճակահանությամբ է կազմակերպվում` քաղաքապետի 2 թեկնածուների շտաբերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասում է Սասուն Մանուկյանը:
Քաղաքական գովազդը հեռարձակվում է «Կապանլուրի» թողարկումների ժամերին, օրը երկու անգամ` 20:30 եւ 23:30-ին: Թեկնածուներից յուրաքանչյուրին տրամադրվում է 5-ական րոպե: Քարոզչական բնույթի նյութերի մեկ րոպի արժեքը քաղաքապետի թեկնածուների համար հեռուստաընկերությունը սահմանել է 6000 դրամ, իսկ ավագանու անդամի թեկնածուների համար վճարովի եթերի մեկ րոպեի սակագինը 4800 դրամ է:
Առայժմ վճարովի եթերից օգտվում են միայն քաղաքապետի թեկնածուները: Ավագանու անդամի թեկնածուները վճարովի եթերից օգտվելու ցանկություն են հայտնել քարոզչության վերջին օրերին:
Քաղաքական գովազդ է հեռարձակում նաեւ Կապանի «Սոսի» հեռուստաընկերությունը: Այստեղ քաղաքապետի թեկնածուների համար քաղաքական գովազդի մեկ րոպեի արժեքը սահմանվել է 5000 դրամ, իսկ ավագանու անդամների համար` 4000 դրամ:
«Սոսին» նաեւ լրատվական թողարկումների ժամանակ է լուսաբանում քարոզարշավը: Հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանն ասում է, որ իրենց «Լուրեր» լրատվական ծրագիրը պահպանում է թեկնածուների հավասարաչափ եթեր հատկացնելու սկզբունքը:
«Քաղաքապետի թեկնածուների նախընտրական շտաբերը գիտեն, որ իրենց հանդիպումների մասին կարող են մեզ տեղյակ պահել, եւ մենք էլ պարտավորվում ենք հավասարաչափ լուսաբանել»,- ասում է Վահե Սարգսյանը:
Մերի Սողոմոնյան, Կապան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: