2020.06.30,

Քննադատ

Թագաժահրանգները-3

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Միայն ինդուկցիա և դեդուկցիա, ապագայի համար

Մարդկությունը պատերազմում է համավարակի դեմ։ Նաև՝ մեդիայի ոլորտում։ Թվում է մեդիան ճանաչողական նյութերով պետք է օգներ մարդկանց պաշտպանվելու թագաժահրից, որը… իր լրատվամիջոցները չունի, ընդամենը վարակ է։

Բայց պատերազմ ծավալվում է նաև մեդիայում՝ որոշակի լրատվամիջոցներ, որ ճնշող մեծամասնությամբ նախկին իշխանության վերահսկողության տակ են, ծառայում են վարակին, դարձել են կամավոր «թագաժահրանգներ»։ 

Իտալացի փիլիսոփա Ջորջո Ագամբենի կարծիքով, «Բացառված չէ, որ համաճարակը, որը մենք ապրում ենք, համաշխարհային քաղաքացիական (իմ ընդգծումն է – Վ.Մ.) պատերազմի մարմնավորումն է, որը, ամենազգույշ քաղաքագետների բնորոշմամբ՝ եկել է փոխարինելու ավանդական քաղաքացիական պատերազմներին։ Բոլոր ազգերն ու ժողովուրդները հիմա անդադար պատերազմում են իրենք իրենց դեմ, որովհետև անտեսանելի ու անորսալի թշնամին, որի դեմ պատերազմում են, մեր ներսում է»։

Հոդվածիս երկրորդ մասում «թագաժահրանգ» մեդիայում արտահայտված գաղափարախոսական դրույթները համեմատեցի իտալացի մեկ ուրիշ փիլիսոփայի և մեծ գրողի՝ Ումբերտո Էկոյի «Հավերժական ֆաշիզմ» էսսեի 14 կետերի հետ։ Ներկայացրի դավադրապաշտության և էլիտիզմի համընկնումը «Հավերժական ֆաշիզմի» ցուցակի 7-րդ ու 10-րդ կետերի հետ։  

Էկոյի ցուցակի առաջին կետը ավանդույթների պաշտամունքն է։ «Հավերժական ֆաշիստների» համար «ճշմարտությունը արդեն հռչակված է մեկ անգամ և ընդմիշտ. կարելի է միայն մեկնաբանել նրա մութ պահերը»։ (Նման չէ՞ քրեական ենթամշակույթին՝ «գողականների» սիրած «ճիշտը մեկն ա, ախպեր» բանաձևին)։

Հետխորհրդային երկրներից շատերի նման՝ Հայաստանում ավանդապաշտության «փաթեթի» մեջ է կրոնը։

Ըստ Տիգրան Սարգսյանի արդեն հիշատակածս հոդվածի, հայ «եկեղեցին սկզբնական տեսքով է պահպանել հիմնական ավետարանչական դավանությունները՝ տոգորված քրիստոնեական մաքրամաքուր ազատականությամբ»։ 

Եվ ահա «Հայելին» հրապարակում է տեր Սահակ քահանայի «Սա դերասանություն է. Հայաստանում ոչ մի մարդ չի մահացել կորոնավիրուսից» վերնագրով 40 րոպեանոց մենախոսությունը՝ մեջբերելով նրա մակագրությունը. «Հայաստանում ամբողջ իշխանությունը գտնվում է խավարի ուժերի ձեռքում»։

Նիկոլ Փաշինյանին մեղադրելով, որ մասնագետ չէ, հոգևորականը ցասումով ժխտում է հիվանդությունը և պնդում, «պաշտոնապես», որ Հայաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում հանգուցյալի հարազատներին փող են բաժանում, որպեսզի ասեն՝ մահը թագաժահրից էր։ «Ես ձեզ հորդորում եմ՝ հեռու մնալ չիպավորման ծրագրից… 5G-ից… մեր երիտասարդները, մեր ջահելները, ովքեր որ լավ էներգիա ունեն, թող կոտրեն և այրեն…» (23։28՛)։  

Ավանդույթների պաշտպանությունը ես կհամեմատեի թագաժահրի ախտանիշներից բարձր ջերմության հետ, որովհետև առողջ, սառը դատող ազգասերը չի կարող կոչ անել հայրենի երկրում ոչնչացնել տեխնիկական առաջընթացի սարքեր… որոնք, ի դեպ, դեռ տեղակայված էլ չեն։

 

Եկեղեցին, ազգայնականությունը հենասյուն են դառնում այնպիսի կաշառասուն վարչակարգերին, ինչպիսին ռուսականն է, որի նախագահը եղել է տասնյակ հազարավոր հոգևորականների ոչնչացրած անվտանգության ծառայության՝ КГБ-ի սպա, Հայաստանի՛ երկու նախկին ղեկավարների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությանը, որոնք Սովետի օրոք եղել են աթեիզմ քարոզող կոմունիստական կուսակցության ֆունկցիոներներ։ 

Համանման կենսագրությամբ նրանց գործակիցները կրոնական հասկացությունները շահարկում են զավեշտի աստիճան։

Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Արտաշես Գեղամյանը, ինչպես ասում են, «Աստծուց չվախեցավ», որ 2018-ի հեղափոխությունից երկու շաբաթ առաջ ազդարարի, թե «Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու օրը սուրբ կլինի»:

Մյուս կողմից, սա ևս սովետական ավանդույթի յուրատեսակ շարունակությունն է։ Մեջբերեմ «Առանց գրաքննության» ցուցահանդեսի նյութերից՝ «Ժողովուրդների հայր» Ստալինի մահից ամբողջ քառորդ դար անց, 1978-ին, հրապարակախոս Զորի Բալայանը գրում է. «Լ. Ի. Բրեժնևը հայրական հոգատարություն է ցուցաբերում հանրապետության սոցիալ- տնտեսական պրոբլեմների լուծման նկատմամբ» («Ավանգարդ», 19.04.1978):

Ընդ որում, 1978-ին նշվում էր Հայաստանը Ռուսաստանի հետ «միավորելու» 150-ամյակը, բայց Բրեժնևն այցելեց այդ տարի ոչ թե Երևան, այլ՝ Բաքու, որտեղ Հեյդար Ալիևը իր «որդիական» զգացմունքները նրա հանդեպ ավելի շոշափելի արտահայտեց՝ ադամանդե մի մեծ և 15 փոքր քարերով մատանի նվիրելով։ 

Համավարակ ժխտողների հայացքը ևս դրսի ուժերին է ուղղված, հուսահատեցնող միօրինակությամբ՝ Մոսկվային։ Նրանք հղում են անում ՌԴ մեդիային կամ այն արտասահմանցիներին, որոնց ռուսներն են մեջբերում… Ինչպես նաև համավարակն արհամարհող Դոնալդ Թրամփին, որին բացահայտ կամ թաքուն համակրում է Կրեմլը։  

Ահա հատված ֆբ-ում խիստ ագրեսիվ օգտատիրոջ գրառումից, որին հասարակությունը կարող է հիշել 2018-ի մի հեռուստաբանվեճից. «Հունիսի 24-ին Մոսկվայում տեղի է ունենալու մայիսի 9-ին հետաձգված զորահանդեսը: Հապա պատկերացրեք, զորահանդես! Սա նշանակում է, որ Թրամփ-Պուտին ալյանսը կայացել է, և Պուտինը վերջնականապես դուրս է գալիս կորոնախաղից»:

 

Ճիշտ է, մութ է մնում թշնամական ուժերի կազմը, եթե Պուտինն ու Թրամփը բարեհաջող լքում են նրանց շարքերը։ Ընդ որում, ԱՄՆ-ում «սովորական շնչառական հիվանդությունից» արդեն 100.000-ից շատ ավելի զոհեր են եղել։

Բայց ինչքան անորոշ են դավադիրները, այնքան… ավելի դավադիր։ 

Ինչպես այս տիկնոջ, այնպես էլ համավարակը մյուս ժխտողների հետևորդները սոցցանցերում իրենց հայրենասիրական զեղումներն ու կառավարության հանդեպ ատելությունը արտահայտում են մեծ մասամբ լատինատառ կամ կյուրեղատառ, այդ թվում, ի դեպ՝ աներևակայելի քերականական սխալներով ու վրիպակներով։ (Թեև սա երևի բնորոշ է բոլոր թևերից տարածվող ատելության խոսքին)։

 

Նրանք չեն հագնում «նամոռնիկ», նրանց հատուկ է նաև հանցագործությունների մասին հարազատ երկրի իրավապահներին հայտնելը անվայել համարելը։ Հանցագործությունը պարտակելն ինքնին քրեորեն պատժելի է, բայց նրանք գերադասում են իրենց հայրենիքի հանցագործները լինել, քան օրինավոր քաղաքացի, որն իրենց աչքին, նույնպես՝ ռուսերեն, «ստուկաչ» է, «սուկա»։ Դժվար է տրամաբանություն գտնել, բայց նրանց համար անընդունելի է… ԱՄՆ-ի և ԵՄ հետ վիզաների ազատականացումը։ 

Ըստ Ումբերտո Էկոյի էսսեի 2-րդ կետի, «Հավերժական ֆաշիզմը» թշնամի է արդիականությանը, ազատականությանը, ըստ 5-րդ կետի, «ռասիստ է ինքստինքյան», 12-րդ բնորոշիչը մաչիզմն է, որը սովորաբար բավարարության է հասնում հոմոֆոբ դիրքավորման մակարդակում։ 

Հետահայաց

ՄՆԿ «Լրատուն» նախագծի «Առանց գրաքննության. ճակատագրական 8-երի մեդիադրամաներ՝ 1988, 1998, 2008, 2018» ցուցահանդեսի հպէկրանների «Պրոպագանդա» բաժնում ես ներկայացրել էի տասնյակ նյութեր, որոնք ցույց էին տալիս խտրականության, ատելության խոսքի բազմաթիվ նմուշներ նախահեղափոխական վարչակարգի մեդիայում։

Օրինակ, ՀՀԿ Աժ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի դրսևորած այլատյացությունը եզդի փոքրամասնության հանդեպ կամ չէր լուսաբանվում, կամ ներողամտության էր արժանանում դրանցում։ Լիբերալիզմը «քաղցկեղային վիրուս» է անվանվում մի թերթում, որի խմբագրական խորհրդի նախագահը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանն է։

«Հայոց աշխարհ», «Գոլոս Արմենիի» թերթերը, որոնց հետադիմականությունն ու ծառայամտությունը նույնիսկ Մարտի 1-ի սպանությունները չզսպեցին, ընդդիմությանը վարկաբեկելու համար պարբերաբար գործածում են հակահրեա ու հոմոֆոբ պիտակներ։ 

Վահրամ Մարտիրոսյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *