2020.06.20,

Ստուգված է

Կորոնամիֆեր․ հունիսի 13 – 19

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Անցած շաբաթվա ընթացքում կորոնամիֆերի պակաս չկար․ դիմակները սխալմամբ ավելորդ համարվեցին, մամուլը կոնտեքստից կտրեց Արսեն Թորոսյանի խոքսը, իսկ նախարարի ներողություն խնդրելը առիթ դարձավ նորից վերհիշելու կորոնավիրուսով հանրաքվե չեղարկելու մասին մի քիչ մոռացված թեզը։

Արսեն Թորոսյանի խոսքը կոնտեքստից կտրվեց

7or.am-ը, 168.am-ը, 4news.am-ը և մի շարք այլ կայքեր կոնտեքստից կտրեցին Արսեն Թորոսյանի խոսքերը։ Կառավարության նիստին նրա ելույթը լուսաբանող նյութերը այս կայքերում վերնագրվեցին «Կոչ եմ անում կտորից դիմակ չկրել»։

❌ Վերնագրից պարզ չէր, որ Թորոսյանը կոչ է անում կտորի դիմակ չկրել եթե կա ֆինանսական հնարավորություն գնել բժշկական դիմակ։

Նախարարը խոսում էր վերջին շրջանում կտորի դիմակի մոդայիկ դառնալու մասին։ Նա շեշտում էր, որ կտորից դիմակը պետք է կրել միայն եթե կան ֆինանսական դժվարություններ և հնարավոր չէ գնել բժշկական դիմակներ։

Դահլիճում ներկա գտվողներին և մնացած քաղաքացիներին նա կոչ արեց չկրել կտորից դիմակ, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում։

ArmNews-ը կասկածեց, որ Առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ի մասնաճյուղ է, իսկ կառավարությունը համավարակի օգնությամբ քաղաքական խնդիր է լուծում

Հունիսի 10-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով ներողություն խնդրեց թույլ տված հնարավոր սխալների համար և շնորհակալություն հայտնեց քննադատներին։

Տեսաուղերձը լայնորեն լուսաբանվեց։ Նախկին ՀՀԿ-ական 4  պատգամավորների պատկանող «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի կազմում գտնվող ArmNews հեռուստաալիքի առավոտյան հաղորդավար Լիկա (Լիլիթ) Թումանյանը («Ադեկվադ» ծայրահեղ պահպանողական կուսակցության անդամ է) մի քանի ուշագրավ պնդում հնչեցրեց։

Թումանյանը հարցադրում արեց․ «Կառավարությունը անընդհատ շեշտում է Հայաստանի սուվերենությունը, ինքնիշխանությունը։ Սակայն այս համավարակի ժամանակ պարզվեց, որ մենք առաջնորդվում ենք միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տված տեղեկատվությամբ։ Մեր առողջապահության նախարարությունն ինչ է ԱՀԿ-ի մասնաճյո՞ւղն է»։

Թումանյանը նաև կասկածեց, թե կառավարությունը դիտավորյալ էր վիրուսը պակաս վտանգավոր ներկայացրել, քանի որ մտադիր էր «զավթել Սահմանադրական դատարանի իշխանությունը»։

Վերջում Թումանյանը հույս հայտնեց, որ Արսեն Թորոսյանը հրաժարական կտա։

ՀՎԿ ազգային կենտրոնը՝ նորից քարոզչության թիրախում

Հայաստանցի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, թե դիմել է դատարան՝ պահանջելով կասեցնել կենսաբանական լաբորատորիաներին տրամադրված լիցենզիաները։

Խոսքը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասին է, որտեղ կատարվում է ախտորոշում և համաճարակային իրավիճակի վերլուծում։ ՀՎԿ-ն, ինչպես և հետխորհրդային երկրների այլ նման լաբորատորիաները, ռուսական քարոզչության թիրախներից է՝ դրա մասին պարբերաբար տարածվում են կեղծ պնդումներ։ Այդ պնդումները բազմիցս հերքվել են։ Այդպես,

❌ լաբորատորիաներում կենսաբանական զենք չի ստեղծվում

❌ վիրուսը լաբորատորիաներից չի տարածվում Հայաստանում

❌լաբորատորիաները գտնվում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ և չեն վերահսկվում ԱՄՆ զինվորականների կողմից

Կոչուբաևը իր գրառման մեջ կրկնեց կեղծ պնդումներից մի քանիսը։ Նրա գրառումը նույնությամբ վերատպեցին 7or.am-ը, livenews.am-ը։

2018-ի ընրություններին վարչապետի թեկնածուն շարունակում է պայքարը դիմակների դեմ

Մինչդեռ ԱԺ ԲՀԿ պատգամավորներից մի քանիսը որպես սկզբունք դիմակ չէին կրում և տուգանվում, հետհեղափոխական արտակարգ ընտրություններին վարչապետի թեկնածու Լուսինե Հարոյան-Դալլաքյանը շարունակում էր պնդել, թե դիմակ կրելը անիմաստ է։

Մայիսին ֆեյսբուքում հրապարակած նրա լուսանկարով, որտեղ պատկերված էր դիմակի տուփ և գրված «Չի կաշտպանում Covid-19 դեմ», կիսվեցին 1,400 անգամ։ Լուսանկարը լայնորեն շրջանառվեց սոցցանցերում, իսկ դրա հրապարակումից օրեր անց ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նույն փաստարկը օգտագործեց ԱԺ ելույթում։

Հունիսի 17-ին Հարոյան-Դալլաքյանը, վկայակոչելով ռուսական պետական հեռուստաալիքով դիտած հաղորդումը, նորից պնդեց, թե տաք եղանակին կորոնավիրուսը ոչնչանում է (ինչը սխալ է), հետևաբար պետք չէ կրել դիմակներ։

Հարոյան-Դալլաքյանը նշել էր, որ դիմակի անօգուտ լինելը «ոչ միայն հայտնի գիտական փաստ է, այլև` լիովին տրամաբանական»։

Դիմակները իսկապես վիրուսից չեն պաշտպանում առանձին վերցրած մարդուն։ Սակայն դրանց համատարած կրումը էականորեն դանդաղեցնում է վիրուսի տարածումը։

Կորոնավիրուսի ցուցումով թեստերը անվճար են

Հունիսի 18-ին «Հայելու առաջ» հաղորդման եթերում ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը ասաց, որ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար քաղաքացիները մուծում են 15,000 – 85,000 դրամ։

Նա բաց թողեց այն հանգամանքը, որ բժշկական ցուցումով թեստերը անվճար են, քաղաքացին վճարում է միայն եթե ինքն է ուզում ստուգվի՝ առանց ցուցումի։ Փոխարենը Եղիազարյանը հարցադրում արեց․ «Ո՞ւմ գրպանն է դա գնում»։ Եվ պատասխանեց․ «Մենք կիմանանք ձեր հետ միասին մի քիչ ավելի ուշ, թե ով, ինչու լափեց այդ գումարները»։

Հաղորդավար Անժելա Թովմասյանը նրան ընդհատեց․ «Ասեք, որ իրենց բառն եք օգտագործում, հակառակ դեպքում մեզ կասեն եթերային բառ չեք օգտագործում ասելով «լափել» բառը»։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *