Այսօր «ԶԼՄ-ները Հայաստանում. 2010-ի անդրադարձները եւ 2011-ի միտումները» կոնֆերանսին պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ԶԼՄ-ների եւ նրանց ազատությունների խնդիրները, օրենսդրական նախաձեռնությունները եւ 2010 թվականին Հայաստանում տեղ գտած իրավակիրառ պրակտիկան:
Ուսումնասիրելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքը եւ ոլորտը կարգավորող մյուս իրավական ակտերը՝ հայ եւ միջազգային փորձագետները արձանագրեցին մի շարք թերություններ: Նրանք ընդգծեցին լիցենզավորման պարզ ընթացակարգի ներդրման, ինչպես նաեւ լիցենզիա տրամադրող մարմնի կառավարությունից անկախ լինելու անհրաժեշտությունը:
Ըստ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի տեղեկատվական իրավունքի ամբիոնի վարիչ Անդրեյ Ռիխտերի՝ օրենքի հիմնական բացերից մեկն այն է, որ հեռարձակման կարգավորման մոդելը հստակ եւ թափանցիկ չէ եւ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, իսկ նման օրենքները հարիր չեն ժողովրդավար պետությանը:
Մեկ այլ խնդիրը լիցենզիայի կասեցումն է, որը, ըստ ԵԽ փորձագետ, Տեղեկատվական հասարակություն կազմակերպության խորհրդատու Քրիստիան Մյոլլերի,
պետք է դիտվի որպես միջամտության ծայրահեղ ձեւ: Նա գտնում է, որ օրենքում պետք է լինեն նաեւ այլ՝ ավելի մեղմ սանկցիաներ:
«Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանը, ով լուսաբանել է հեռուստաընկերությունների լիցենզավորման եւ կապուղիների մրցույթները, հայտարարեց, որ իրականում մրցութային գործընթաց տեղի չի ունեցել եւ ամեն ինչ եղել է նախապես պլանավորած եւ համաձայնեցված սցենարով: Նրա խոսքերով՝ միայն 2-ի դեպքում կար իրական մրցակցություն՝ Գյումրիի «Գալա»-ի եւ «Ա1+»-ի, իսկ մրցույթի ողջ գործընթացը վերածվեց գերազանցապես իմիտացիայի` մրցույթներում իրական մրցակցության բացակայության պատճառով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: