2020.06.08,

Նյուսրում

Հանրայինը ինքն է չափելու իր մասին կարծիքը՝ օգտագործելով սոցցանցերը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հանրային հեռուստաընկերությունը 2020թ-ին ինքնուրույն է գնահատելու իր աշխատանքի մասին հանրության կարծիքը՝ օգտագործելով ավանդական և ոչ ավանդական հաղորդակցության ձևերը: 

Հեռուստատեսությունը դադարեցրել է գնել «Ադմոսֆեր Արմենիա» հանրային կարծիքի ուսումնասիրությունները: 

Հեռուստաընկերությունը հանրային կարծիքի ուսումնասիրության համար 2019-2020թթ. պետական բյուջեով գումար չի ստացել: Այդ գործառույթները ժամանակին վերապահված են եղել Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնին (ՀԿՈՒԿ), որը լուծարվել է 2019թ-ի հունվարին։ 

Իր բյուջեում սակայն հեռուստաընկերությունը 2019թ-ին նախատեսել է լսարանին վերաբերող տեղեկության համար գումար և հեռուստավարկանիշի չափման ծառայություն ստացել «Ադմոսֆեր Արմենիա»-ից։

Ի պատասխան Mediaam-ի հարցման, հեռուստաընկերությունից հայտնել են, որ 2020թ-ի փետրվարից հետո չի երկարաձգվել «Ադմոսֆեր Արմենիա»-ի հետ պայմանագիրը:

Այդ նպատակով ընկերության 2019թ-ին մատուցած ծառայությունների տարեկան արժեքը կազմել է 12 մլն դրամ։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը  Հանրային հեռուստատեսությանը հորդորել  է «Ադմոսֆեր Արմենիա»-ից հեռուստատեսային ռեյտինգների չափումների վերաբերյալ ծառայություններ այլևս չգնել:

2020թ-ի հունվարին Կառավարությունը որոշել էր «Ադմոսֆեր Արմենիա»-ում աուդիտ անցկացնել և պարզել եթերի մոնիտորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Եվ գործառույթը վերապահվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին: Ուսումնասիրության աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:

Նման աուդիտ Հայաստանում ի դեպ երբեք չի անցկացվել։

Հանրայինը տարեկան նախահաշվում ներառված գումարն այսուհետ ուղղելու է ընկերության ընթացիկ գործունեության կազմակերպման այլ անհրաժեշտ, լրացուցիչ չնախատեսված ձեռքբերումների իրականացմանը։

Հանրայինն իր հաղորդումների վարկանիշին այժմ սկսել է հետևել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) կողմից հրապարակվող եռամսյակային վերլուծությունների միջոցով, որն ի դեպ կառույցին տրամադրում է «Ադմոսֆեր Արմենիա»-ն:

Հեռուստաընկերությունից հայտնում են, հանրային կարծիքի ուսումնասիրման համար սկսել են օգտագործել նաև սոցիալական ցանցերի ինֆորմացիան․ «Ուսումնասիրության համար հիմք ենք ընդունում սոցիալական ցանցերի մեկնաբանություններն ու արձագանքները, ինչպես նաև հեռուստաընկերության ստացած հեռախոսազանգերը և նամակները»:

Հունիսի 4-ի տվյալներով, Ֆեյսբուքում հեռուստաընկերության պաշտոնական էջին հետևում է մոտ 290 հազար օգտատեր, էջը հավանել է մոտ 220 հազար օգտատեր, Ինստագրամում ունի մոտ 104 հազար հետևորդ, Թվիթերում համեմաբար պասիվ է, ունի մոտ 3600 հետևորդ։

Ամենաակտիվը Յություբում է, ունի 360 հազար բաժանորդ:

Հեռուստաընկերությունից հայտնում են, որ չեն կարող հանրայնացնել հանրային կարծիքի ամենաթարմ ուսումնասիրությունը, քանի որ այն միայն հետագա հաղորդումների պլանավորման համար է նախատեսված:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Հանրայինը ինքն է չափելու իր մասին կարծիքը՝ օգտագործելով սոցցանցերը”
  1. Khoren Beglaryan says:

    Միջազգային աուդիտ Հայաստանում եզել է 2006-07 թ․ երեք փուլով (AGB Nielsen):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *