2020.06.05,

Տեսակետ

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փորձում է լինել «հայրիկի» դերում»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Նիկոլ Փաշինյանը լայնածավալ ամոթանքի արշավ է սկսել Ֆեյսբուքում՝ ցույց տալով առանց դիմակի ու սոցիալական հեռավորությունը չպահպանող մարդկանց լուսանկարները: Զգոնության դրդելուն միտված այս արշավը տարբեր գնահատականների է արժանանում:

Հոգեբան Սոնա Մանուսյանը, որը հիմնականում սոցիալական ու մշակութային  հետազոտություններ է անում, համարում է, որ վարչապետի վարքը հասկանալի է, թեև ոչ արդյունավետ:

Բոլոր դեպքերում՝ դա փորձ է խոսել ժողովրդական լեզվով, անգամ եթե ամոթանքը հաճախ դուրս է գալիս ափերից ու ձեռք բերում տգեղ ֆորմաներ՝ դառնալով վիրավորանքների, բուլինգի, պառակտումների առիթ: 

«Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետեւ մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու և մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց»,- գրեց վարչապետն իր էջում, երբ շատերը ըմբոստացան, որ նա խախտում է անձնական տվյալների օրենքը կամ անտեղի թիրախավորում է մարդկանց:

Սոնա Մանուսյանը նկատում է, որ այս արձագանքների տարափը նաև հայր-երեխա հարաբերությունների մակարդակում է: Եվ կարիք կա դուրս գալու այդ թակարդային ընկալումներից:

Այս ամոթանքի արշավը արդյունավե՞տ է, թե՞ նաև պախարակելի մոտեցում է:

Արդեն հասցրել եմ Ֆեյսբուքյան երկրորդային արձագանքներից իմանալ, որ Փաշինյանը չափազանց ակտիվ է սոցցանցերում: Փաստացի ստացվում է, որ մենք կարծես արձագանքների արձագանքի շղթայում ենք:

Այսինքն, Փաշինյանն արձագանքել է մարդկանց վարքին, Փաշինյանին արձագանքել են շատ մարդիկ ու հիմա մենք այդ մասին տեղեկանում ենք հենց արձագանքների արձագանքի միջոցով:

Կարծում եմ, որ արդյունավետության մասին խոսելուց առաջ պիտի հասկանանք, որ գործ ունենք սթրեսային վիճակում գտնվող, գերծանրաբեռնված մարդու վարքի հետ: Իսկ սթրեսի պայմաններում մտածողության և գործողությունների արդյունավետությունը ընկնում է, ավելանում է հուզականությունը:

Բայց սա նաև լավ ցուցիչ է, որ հանրության հետ կապը ընկած է միայն վարչապետի վրա, որը փորձում է համատեղել տարբեր դերեր (նույնիսկ անհամատեղելի): Օրինակ ամոթանք տվողի դերը:

Իհարկե, կարող էին լինել ամոթանք տվողներ, բայց արդյո՞ք դա պիտի լիներ վարչապետը:

Բոլորս հիշում ենք, որ այս նույն սթրեսային վիճակում հայտնվել էին Իտալիայի տարբեր քաղաքապետեր, որոնք արդեն ուղղակի գոռում էին տեսախցիկների առաջ՝ վիրավորելով մարդկանց, քանի որ արդեն երևում էին հուսահատության նշանները:

Կարծում եմ՝ Փաշինյանի այս վարքը, թեև արդյունավետ չէ, բայց շատ հասկանալի է:

Հասկանում ենք, թե ինչու է վարչապետը դա անում: Միգուցե հույս ունի, որ հենց ամոթանքն է այս հասարակության մեջ աշխատող ուղերձը:

Բայց նրան քննադատում են, մեղադրում անձնական տվյալների հրապարակման համար: Կան նաև ծաղրական արձագանքներ:

Նախ վերապահումով ասենք, որ երբ Ֆեյսբուքում ամոթանք են տալիս հենց Փաշինյանի ամոթանքին, դա նշանակում է, որ նրա ուղերձը լավ չի ընդունվել: Տարածվում են նաև հումորային գրառումներ ու մեմեր:

Տեսա մի մեմ, որ երբ Փաշինյանը մի համբուրվող զույգ է տեսնում, լուսանկարը միանգամից դնում է իր էջում: Այսինքն, որոշ իմաստով նաև Փաշինյանին են հումորով շեյմինգ անում:

Միգուցե դա հիսափեցնում է, քանի որ վարչապետից ուրիշ բան էինք սպասում:

Սա առաջին հերթին շատ լուրջ մեդիա խնդիր է: Փաստորեն, և՛ Փաշինյանը, և՛ մեզանից յուրաքանչյուրը միայն կարողանում է արձագանքել անգամ ոչ թե իրավիճակին, այլ իրավիճակի միայն մեկ, տվյալ կետին: Եվ այդ արձագանքը ըստ էության միայն խոսքով է:

Կարծում եմ՝ հիմա ավելի շատ պետք է քննադատել ոչ թե վարչապետին, այլ այն իրավիճակը, որ չկան այն մարդիկ և այն մեդիան, որոնք Փաշինյանից բացի կկարողանային խոսել մարդկանց հետ և նաև հետազոտել, թե ինչն է ավելի արդյունավետ ազդում հասարակության յուրաքանչյուր անդամի վրա:

Բայց փաստացի Փաշինյանը փորձում է դեռ լինել ժողովրդական, նույնիսկ իր այս բարկացած ու խիստ գրառումներում: Անձնական տվյալներ հրապարակելու նրա մոտեցման մեջ էլ կա ցանկություն խոսելու ժողովրդի հետ մեր հասարակությանը շատ բնորոշ ամոթանքի ռեժիմում:

Չգիտեմ, դա բնազդով է անում, թե գիտակցված, բայց ըստ էության, նա փորձում է նորից լինել «հայրիկի» դերում:

Եվ հոգեբանորեն օգտագործում է խրատական, դաստիարակչական, փաղաքշական և այլ երանգներ, և մեծ հաշվով բոլորս նորից հայտնվում ենք երեխա-ծնող հարաբերությունների մեջ, որտեղ երեխաներն իրենց վատ են պահում:

Բայց չէի ասի, որ հանրության արձագանքը Փաշինյանին շատ հասուն է:

Շատերն, օրինակ, ասում են՝ օ, տվյալների գաղտնիություն է խախտվում, սասանվում են մարդու իրավունքները: Եվ դա ասում են այն մարդիկ, որոնք իրենց երեխաների հարյուրավոր նկարներ են տեղադրում սոցցանցերում:

Մեր հանրության մեջ չկա հստակ ընկալում, թե ինչն է անձնական տվյալ, որն է տվյալների պաշտպանությունը: Փաշինյանին հիմա քննադատում են մարդիկ, որոնք միշտ շատ հանգիստ սքրինշոթեր են անում անձնական նամակագրությունից ու հրապարակում դրանք:

Եվ այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության շատ տիպիկ անդամ է, որը հուսահատության ֆոնին փորձում է ինչ-որ բան անել:

Ինձ համար նրա վարքը շատ հասկանալի է: Այլ հարց է, որ դա արդյունավետ վարք չէ:

Բայց նորից եմ ասում՝ դա հենց մեդիայի խնդիր է: Մենք փաստորեն չենք ունենում ժամանակի մեջ ձգված և ծավալ ունեցող մեդիա քննարկումներ, և արդյունքում մեդիան դառնում է միայն Փաշինյանի իրավիճակային ամոթանքը:

Զարմանալի է, թե ինչու հայր-ծնող հարաբերությունները պետական մակարդակում ամրագրվեցին նաև «Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը» կարգախոսով: Դա իրոք հետադիմական էր ու հիմա հարվածում է իշխանություններին:

Եթե դնենք դա հոգեբանական հարթության վրա, այո: Կան հոգեվերլուծական մոտեցումներ, ըստ որոնց կարևոր է, թե քո որ «տեղից», կետից ես արձագանքում (ծնողի, երեխայի, մեծահասակի):

Եվ եթե նայենք քաղաքական ուղերձի մակարդակում, կտեսնենք, որ օջախի ուղերձը, դրա շուրջ աշխատանքը որոշ իմաստով դարձավ այս իշխանությունների թակարդը:

Չհայտնվեցին այլ գործիչներ, այլ հանրային խոսք, որ հստակ երևար, թե հանրությունը բացի օջախից ու ծնող-երեխա հարաբերությունների մաս լինելուց, էլ ինչ է:

Դա չեղավ, ավաղ:

Ֆեյսբուքը ուժ է: Միակը, ստացվում է:

Եթե անգամ մեր ֆեյսբուքյան վարքի արձագանքը դառնում է քաղաքական կամ հանրային վարքի ցուցիչ, պետք է մտքում ունենալ վերապահում, որ խոսքը նույնացնում ենք իրավիճակի հետ: Ընդ որում՝ Ֆեյսբուքյան խոսքը:

Մեզ մոտ ամեն ինչը հանգեցված է խոսքին:

Փաստորեն ամբողջ իրականությունն ընկալում ենք և այս հակահամաճարակային աշխատանքները պատկերացնում ենք միայն Ֆեյսբուքյան խոսքի մակարդակում:

Ընդհանրապես ցանկացած իրավիճակում հայկական Ֆեյսբուքը լավ ցույց է տալիս մեր հասարակության մեջ եղած երկակի հարաբերությունները: Ո՛չ իրար հետ ենք կարողանում, ո՛չ առանց իրար:

Եվ կարծում եմ, որ հիմա առավել, քան երբևէ, պետք է ավելի լավ օգտագործել հենց այդ «առանց իրար»-ի պոտենցիալը:

Կարծես այնքան ենք խրված Ֆեյսբուքի մեջ, որ դա դառնում է ներկայացուցչական հարթակ հանրության խնդիրները հասկանալու համար:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *