2020.06.04,

Նյուսրում

«5-րդ ալիք»-ը միայնակ չէ․ ո՞ր ալիքների հեռարձակումն է ժամանակավորապես անհասանելի Արցախում

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հունիսի 1-ից Արցախում դադարեցվել է «5-րդ ալիքի» հեռարձակումը։ Այս վերնագրով լուրը շրջանառվում է հայկական մեդիա տիրույթում։

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը նշել է, որ իրենց ոչ ոք չի տեղեկացրել հեռարձակման դադարեցման մասին, լսել է Երևանում՝ «բոլորին շատ հայտնի անկախ պատգամավորի շրջանակներից»: «Ես հասկացա, որ այդ պատգամավորն է այս գործողության քավորը, որովհետև անգամ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները հերքում են, որ մեզ փակել են, իսկ ինքը հաստատում է»,- ասել է Հարությունյանը։

Հեռուստաընկերության տնօրենը նկատի ունի ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Արցախում դադարեցվել է հայկական 5-րդ TV5 հեռուստաալիքի հեռարձակումը: Իրական փոփոխությունները սկսվում են Արցախից»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է լուրը։ Նա գրել է, որ Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է:

Նա դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ է տվել «ավելի օգտակար գործով զբաղվել»։

Մեզ հետ զրույցում Արցախում հեռուստաալիքները հեռարձակող «Արցախկապ» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Ալեքսանյանն ասել է, որ խնդիրը տեխնիկական է։

Միայն «5-րդ ալիքը» չէ, որ չի հեռարձակվում։ Ընդհանուր 5 հեռուստատեսային ալիքի հեռարձակում դադարեցվել է սարքավորումը վնասվելու պատճառով։ Այդ ալիքներից հայկական են «Շողակաթ»-ը և «ATV»-ին։ Մյուս երկուսը ոչ հայկական են՝ ֆուտբոլային ու ժամանցային։

«Սարքավորումը հիմա Հայաստանում է, մաքսատանը, ուղղակի մոտ 10-15 օր կտևի մինչև մաքսատնից հանենք, խոստացել են շուտ հանել, տեսնենք»,- ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ համապատասխան մարմինների թույլտվությունից հետո միայն կարող են սարքավորումը մաքսատնից հանել։ Նամակներ են ուղարկել ու սպասում են պատասխանի։

«Արցախկապը» կառավարության ֆինանսավորմամբ Արցախի բնակիչների համար անվճար հեռարձակում է սոցփաթեթում ընդգրկված 18 հեռուստաալիք, որոնք հնարավոր է դիտել արբանյակային ալեհավաքի միջոցով։

Սովորական ալեհավաքով, երբ հեռուստացույցն ունի DVB-T2 ձևաչափի թվային ընդունիչ կամ հեռուստացույցին միացված է DVB-T2 կցուրդ, անվճար հնարավոր է դիտել 11 հեռուստատեսային ալիք։

«Կառավարությունն է անվճար հեռարձակվող հեռուստաալիքների ցանկը որոշում, իսկ մնացածը ընկերությունը հեռարձակում է վճարովի հիմունքներով»,- ասում է ընկերության տնօրեն Ալեքսեյ Ալեքսանյանը։

Սոցփաթեթի 18 հեռուստաալիքների շարքում են հիմնական հայկական, մի քանի ռուսական ալիքներ և այլն։ Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *