Ինչպես գիտեք, Հանրապետության նախագահը, հատկապես հոբելյանական առիթներով, զանազան կոչումներ, մեդալներ ու շքանշաններ է շնորհում տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց` իրենց բնագավառներում հանդես բերած լավ աշխատանքի ու նվաճումների համար: Երեք նախագահների օրոք էլ այդպես է եղել։
Եվ երեք նախագահների օրոք էլ դժգոհություններ եղել են` հատկապես լրագրողների ու լրատվամիջոցների կողմից, եւ դժգոհությունները հիմնականում վերաբերել են մեդալներ, շքանշաններ ու կոչումներ ստացած մեր երգիչներին ու երգչուհիներին` հատկապես ու առանձնապես էստրադային եւ հատկապես որոշակի ժողովրդականություն ու ճանաչում վայելող։ Եվ էս ասածս ուզում եմ ուղղորդել ու մասնավորեցնել մեզանում առավելագույն ժողովրդականություն ու ճանաչում վայելող Թաթայի օրինակով, մանավանդ որ` ժամանակին լրագրողների կողմից ամենից ավելի հենց Թաթայի՛ վաստակավոր արտիստ դառնալու փաստը քննադատության արժանացավ եւ նույնիսկ ծաղրի ենթարկվեց։
Դրա պատճառը երեւի այն է, որ Թաթա Սիմոնյանին բոլորն են ճանաչում, իսկ շատերն էլ ոչ միայն ճանաչում, այլեւ սիրում էլ են, մինչդեռ գրականության կամ գեղանկարչության բնագավառի մեր վաստակավորներին ու մեդալակիրներին քչերն են ճանաչում, որպեսզի քննադատեն ու ծաղրեն։ Գրականության բնագավառի մեր վաստակավորներին ու մեդալակիրներին էլ ձեր խոնարհ ծառան է ճանաչում, եւ եթե իրենց գրածները չեմ կարդացել, դրա պատճառն էն է, որ նրանցից շատերի գրածները կարդալու համար պիտանի ու հետաքրքիր չեն։
Եւ որոշ չափով էլ վաստակավոր ու մեդալակիր գեղանկարիչների ու քանդակագործների աշխատանքներին եմ ծանոթ, եւ կարող եմ վկայել, որ նշածս բնագավառների վաստակավորներն ու մեդալակիրներն, ինչպես նաեւ մրցանակակիրներն իրենց բնագավառում անգամ հայտնի ու հարգված չեն, ի տարբերություն Թաթայի, որն արդեն մեր հանրապետության սահմաններից դուրս էլ է բավական ճանաչված ու սիրված, եւ Թաթային էսքան անդրադառնալս էլ է միտումնավոր, որովհետեւ մեր լրագրողներն ու լրագրողուհիները ժամանակին ամենից ավելի հենց Թաթայի՛ վաստակավոր արտիստի կոչում ստանալը հեգնեցին ու ծաղրի ենթարկեցին։
Եւ Թաթան, փաստորեն, ծաղրի ենթարկվածներից միակն է, որ որեւէ լրագրողի կամ լրագրողուհու հեգնանքին որեւէ կերպ չպատասխանեց, եւ էս մոլեգին թաթայասիրությանս պատճառներից մեկն էլ հենց էդ հանգամանքն է, այսինքն` առանձին վերցված էս վաստակավորի մարդկային ու տղամարդկային պահվածքը։ Եվ չնայած էսպես սրտանց պաշտպան եմ կանգնել առանձին վերցրած էս մի վաստակավորին, հրաշալի հասկանում եմ, որ վաստակավորներից էս մեկն իմ պաշտպանության կարիքը բացարձակապես չունի, ու նաեւ հրաշալի հասկանում եմ, որ եթե լրագրողներից ու մանավանդ լրագրողուհիներից քամահրված Թաթան համաձայնվի հարցազրույց տալ դույն լրագրողներին ու լրագրողուհիներին, վերջիններս իրար հերթ չտալով ու իրարից առաջ ընկնելով` վազելու են մեր վաստակավորին ընդառաջ, որպեսզի տվյալ էքսքլյուզիվի մենաշնորհն ու պատիվն իրենց վերագրվի։
Բայց մեր պաշտպանյալ վաստակավորը հարցազրույցներ տալու առանձնակի սեր չունի, եւ ոչ էլ` հավելյալ վաստակավորության պահանջ, որովհետեւ ինքն իր երգելով ու իր արտիստական կեցվածքով է վաստակավոր, ընդ որում` նախքան իշխանություններից վաստակավորի կոչումն ստանալն էր վաստակավոր, եւ ոչ էլ զանազան մարդկանց ու կուսակցությունների ընտրարշավների ժամանակ է իր երգը վճարովի կամ անվճար տարածում, եվ եթե դեպքից դեպք էդ էլ է անում, երեւի նրա համար, որ իր կոլեգաներից կտրուկ ու կտրականապես չտարբերվի։
Իր մասին շարունակում եմ էսպես միայն լավը մտածել, որովհետեւ ինքս էլ ուզում եմ տարբերվել իմ էն կոլեգաներից, որոնց մտքով անգամ չի անցնում իրենց ժամանակակից արտիստների ու մանավանդ վաստակավորների մեջ որեւէ լավ բան տեսնել։ Կոլեգա ասելով` ոչ միայն լրագրողներին նկատի ունեմ, այլեւ` գրողներին, որովհետեւ ինձ ոչ միայն գրող, այլեւ լրագրող էլ եմ համարում, եւ, կարծում եմ, դրա իրավունքն ունեմ, մանավանդ հիմա` էս պահին, երբ արդեն կայքերի համար էլ եմ սկսել գրել, ընդ որում` վեպս էլ է արդեն «Առավոտի» կայքում հրամցվում, այլ ոչ թե` թերթի մեջ։
Եվ հիմա էսպես կայքերին անդամակցելով` շատ կուզեի Թաթայի հանդիսատեսների մի տոկոսն իմը լինեին, եւ հանդիսատես բառն եմ օգտագործում, որովհետեւ երբ տվյալ կայքի քեզ ներկայացնող էջը մտնում ու դուրս են գալիս, էդպես էլ անհայտ է մնում` գրածդ կարդացի՞ն, թե՞ ընդամենը նայեցին ու տեսան, մինչդեռ Թաթային տեսնողները ոչ միայն տեսնում, այլեւ լսում էլ են, եւ շատերը Թաթային տեսնելով ու լսելով` քեֆերի ու հարսանիքների ժամանակ լավ էլ տրտինգ են տալիս։ Եվ տրտինգ տվողների մեջ անկասկած նաեւ էլիտար լրագրողներ ու մտավորականներ էլ են պատահում, որոնք հետագայում ի խորոց սրտի քննադատում են Թաթային` վերջինիս ռաբիս համարելով:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: