Մեդիաաշխարհի ազդեցությունը մարդկանց վարքագծի վրա վաղուց արդեն գաղտնիք չէ: «Երիտասարդ Վերթերի տառապանքները» գրական ստեղծագործությունը ժամանակին բազում երիտասարդներին ստեղծագործության հերոսի նման սիրված աղջկանից մերժում ստանալու արդյունքում մղեց ինքնասպանության:
Այն այնքան ազդեցիկ էր, որ մի շարք բնակավայրերում գիրքը արգելվեց: Հանրահայտ մարդկանց ինքնասպանության փորձից հետո վիճակագրությունը արձանագրել է գրանցված միջին տվյալներից շեղված արդյունքներ, որոնք ուղղակի կապ են ունեցել այդ ինքնասպանության հանրային հնչեղության հետ: Օրինակ` Մերլին Մոնրոյի ինքնասպանությունից հետո երկրում արձանագրվել է նախորդ տարվա միևնույն հատվածում ինքնասպանությունների թվի աճ, որը 200 հոգով գերազնացել է ցուցանիշը:
Գիտությունը վաղուց արդեն պատճառահետևանքային կապ է հաստատել ինքնասպանությունների թվի աճի և դրանց լուսաբանման հետ: Հայաստանյան լրատվամիջոցներից մեկի 2012թ.-ի հոդվածները ուսումնասիրելիս մի զարմանալի փաստ արձանագրեցի: Միայն այս տարվա ընթացքում այդ լրատվամիջոցը Հայաստանում կատարված ինքնասպանությունների մասին 27 հոդված էր հրապարակել:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ինքնասպանությունների պատկերը ավելի բացասական է եղել 1981, 1995, 2006 թվականներին, սակայն լրատվամիջոցներն այսպիսի հաճախականությամբ չեն անդրադարձել այս երևույթին: Հետաքրքիր է, որ ըստ վիճակագրության ինքնասպանությունների թիվը գրեթե անփոփոխ է մնացել 2008-12 թվականներին, սակայն լրատվամիջոցներից մեկը փորձում էր անգամ այս ողբերգական երևույթը կապակցել վատթար սոցիալ-տնտեսական իրավիճակի ու քաղաքական փակուղայնության հետ` դրանով քաղաքական միավորներ վաստակելով սեփական լսարանից:
Սա հավանաբար բազում գործոնների արդյունք է: Միգուցե նախկինում լրատվամիջոցների խմբագիրները ավելի տեղեկացված են եղել ինքնասպանության լուսաբանման էթիկական նորմերի մասին և շուկայական տնտեսության տրամաբանությանը ստորադասվելու հակումները ենթարկվել են լրագրության առաքելությանը:
Ակնհայտ է, որ ինքնասպանության մասին սենսացիոն նորություները լսարան են գրավում, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ լրատվամիջոցը առաջին հերթին պիտի լուսաբանի իրադարձությունը՝ մի պահ մի կողմ դնելով էթիկական մտորումների անհրաժեշտությունը, անընդունելի է հոդվածների կամայական աճը, երբ վիճակագությամբ պատկերը չի փոխվել:
Լրատվամիջոցի նման վարքագիծը որևէ հիմնավորում ունենալ չի կարող՝ բացի հերթական համարը վաճառելու ու քաղաքականացված ընդդիմադիր լսարանին այդ հենքի վրա գիտականորեն չհիմնավորված քաղաքական ու տնտեսական պատճառահետևանքային մտորումներով կերակրելու մոլուցքով: Սա անբարոյականություն է:
Վերջապես, անդրադառնալով ինքնասպանության լուսաբանման էթիկական դատողություններին՝ նորից պիտի վերադառնամ «Վերթերի էֆեկտ» կոչված նմանարկվող ինքնասպանություններին, որոնք գիտությամբ ապացուցված են, և թե՛ ԱՀԿ-ն, թե՛ մի շարք այլ միջազգային կազմակերպություններ ու լրատվամիջոցներ այս երևույթի լուսաբանման համար առաջարկում են ուղեցույցներ, որոնք թույլ կտան հնարավորինս չեզոքացնել նմանարկման միտումը:
Որոշ երկրներում լրատվամիջոցները անգամ դիմում են ծայրահեղ միջոցների և ընդհանրապես արգելում են սեփական լրագրողներին անդրադառնալ այս թեմային: Մի շարք լրատվամիջոցներ էլ այս նյութը լուսաբանում են միայն հատուկ խմբագրական հանձնաժողովի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում: Ամենալիբերալ մոտեցումը որդեգրել են ԱՄՆ լրատվամիջոցները, որտեղ այս էֆեկտի մասին նշված է և լրագրողներին առաջարկվում է լինել հնարավորինս զգույշ, լուսանկարներ չտեղադրել, ինքնասպանության մեթոդի մասին մանրամասներ չլուսաբանել, խուսափել լուսաբանման արդյունքում համակրանք առաջացնելուց և լինել հնարավորինս հակիրճ:
Ես լրագրող չեմ, բայց եթե լրագրությամբ զբաղվեի, ապա ինձ համար կսահմանեի հետևյալ մոտեցումը. ինքնասպանությանը անդրադառնալ միայն այն դեպքում, երբ այն ակնհայտ բացասական միտում է արձանագրել, իսկ լուսաբանման դեպքում դատողությունները կառուցել փաստերի վրա և այս դեպքում երբեք չմտածել ռեյտինգի մասին:
Նվարդ Մանասյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: