Մինչ մեր գրավոր ու բանավոր լեզվի հետ կապված հարցերն էի ձեզ հետ միասին քննում ու փորձում հասկանալ, մտավորականների մի խումբ նամակով դիմեց Հանրապետության նախագահին, որպեսզի վերջինս իր լծակներն ու հնարավորություններն օգտագործելով` ամեն ինչ անի, որ մեր հեռուստաընկերությունները դադարեցնեն ցուցադրել իրենց կրիմինալ ու ապաբարոյական սերիալները, որոնք բարոյալքում են հասարակությանն ու մատաղ սերնդին:
Չնայած ես ավարտել էի մեր հեռուստասերիալների մասին իմ մտմտուքները, այդուհանդերձ, մի խումբ մտավորականների նամակը ստիպում է վերադառնալ սերիալների թեմային:
Հանրապետության նախագահն, իհարկե, չստանձնեց գլխավոր ցենզորի դերը` էդ շնորհն ու պատիվը զիջելով Հանրային խորհրդին, իսկ Հանրային խորհուրդն էլ, իհարկե, չհրաժարվեց իրեն վստահված էդ «առաքելությունից», եւ հիմա երեւի արդեն քննարկում են` ինչպես էդ վտանգավոր սերիալներից ազատվեն ու փրկեն մեր բազմաչարչար ժողովրդին, որը թարսի պես նայում է մեր հեռուստաալիքներով իրար հերթ չտվող ու իրար կրնկակոխ հաջորդող էդ, ուրեմն, կրիմինալ ու կիսակրիմինալ սերիալները։
Եւ մեր սերիալահեն մտավորականների մտքով երբեւէ չի անցնում ժողովրդին հորդորել` չնայել դրանք, եւ, իրենց կարծիքով՝ ամենակարճ ու ամենաարդյունավետ ճանապարհն են ընտրել` գրավոր նամակով դիմել Հանրապետության նախագահին` ընթացիկ սերիալներն արգելելու եւ արգելափակելու խնդրանքով։ Եվ ՀՀ նախագահն էլ, ի տարբերություն նամակագիրների, հասկանալով, որ Եվրախորհրդի անդամ պետության նախագահը խոսքի ազատությունն ու ստեղծագործողի ազատությունը սահմանափակելու ու կարգավորելու իրավունքներ ու հնարավորություններ չունի, իր հերթին դիմել է Հանրային խորհրդին, որն էլ իր հերթին հաճույքով ստանձնել է սերիալային հարցերի կարգավորման գործը:
Եւ վերստին տարբեր ռադիո եւ հեռուստաալիքներով ծայր առան ու վերսկսվեցին հասարակական բուռն քննարկումները: Եվ ինչպես միշտ, քննարկողները բաժանված են երկու խմբերի` հստակորեն թշնամական ու հարյուր տոկոսով իրարամերժ:
Կողմերից մեկը գտնում է, որ մեր կրիմինալ սերիալներն են մեր ժամանակակիցներից շատերի այլասերման բուն պատճառը: Մյուս կողմն էլ համոզված է, որ ընդհակառակը, մեր հեռուստասերիալներն ընդամենը մեր խեղաթյուրված իրականության հայելին ու արտացոլումն են: Ինչպես միշտ` հա՞վը, թե՞ ` ձուն: Եվ, ինչպես միշտ, ճշմարտությունը կարծես թե երկուսի մեջտեղում է: Թերեւս: Իմ կարծիքով, իհարկե: Է՛ս պահի իմ կարծիքով:
Որովհետեւ երբեմն կյանքից ավելի ես զզվում, քան` զզվելի ֆիլմերից, եւ երբեմն էլ ճիշտ հակառակն է լինում ու տեղի ունենում. եթե, իհարկե նայում ես էդ սերիալները:
Ամբողջ հարցն այն է, որ սերիալներից խուսափել կարող ես, իսկ կյանքից` ոչ: Կյանքից խուփողներ ու կյանքից փախչողներ էլ կան, իհարկե, բայց, բարեբախտաբար, սերիալներից խուսափողներն անհամեմատ շատ են, եւ ես էլ եմ դրանցից մեկը, եւ հենց էդ հանգամանքն ինձ իրավունք չի տալիս խոսել նայողների անունից:
Չնայելով հանդերձ, ես արդեն բոլորից շատ խոսեցի ու գրեցի իմ չնայած սերիալներից, եւ եթե հիշում եք, ես էլ էի էն կարծիքին, որ ավելի շուտ մեր կյանքի լեզուն է մեր սերիալների լեզվի վրա ազդում, քան` հակառակը։ Ու նաեւ կյանքից սերիալներ ներթափանցող կրիմինալի հարցում եմ էդ կարծիքին, բայց, որոշ ու որոշակի կարծիք ունենալով հանդերձ, մշտապես խուսափել եւ խուսափում եմ սերիալների շուրջ անավեճերից, եւ նույնիսկ էդ բանավեճերը նայելուց եմ խուսափել եւ խուսափում, որովհետեւ, սովորաբար, մեր սերիալային հեռուստաբանավեճերի երկու կողմում էլ սերիալ չնայողներն են։
Եվ չնայած երկու կողմից էլ տաք-տաք են վիճում, երկու կողմերի ասածների մեջ ճշմարտության լիքը հատիկներ կան. մի կողմի ներկայացուցիչները ճիշտ են ասում, որ մեր հայրենական սերիալները չափազանց անհաջող են, մյուս կողմի ներկայացուցիչներն էլ ճիշտ են, երբ ասում են, որ Եվրախորհուրդ մտած պետության ներսում գրաքննության երեւույթներ չեն կարող լինել։ Եվ եթե գեղարվեստական խնդիրներ են ծագում, դրանով պիտի զբաղվի տվյալ հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը կամ տնօրինությունը: Եվ ահա երկու կողմերին էլ ճիշտ համարելով` ինքս ինքնաբերաբար երրորդ կողմ եմ դառնում, եւ ծիծաղելին այն է, որ, փաստորեն, երեք կողմերս էլ սերիալներ չենք նայում կամ, լավագույն դեպքում, երբեմն-երբեմն ենք նայում ` քննադատելու կամ պաշտպանելու նպատակով:
Իսկ սերիալ նայողները սերիալ են նայում եւ փիլիսոփայորեն լռում են, որովհետեւ նրանց ոչ ոք հեռուստաբանավեճերի չի հրավիրում: Առա՛յժմ չեն հրավիրում: Հուսանք, որ մի օր էլ նրանց կհրավիրեն, եւ մենք վերջապես նաեւ նրանց կարծիքը կլսենք մեր սերիալների մասին: Եվ միգուցե հասկանանք` ինչու են նայում:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: