2020.05.19,

Քննադատ

Չիպավորման դեմ և դեմ չիպավորման դեմերին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Արդյո՞ք հայաստանյան հասարակությունը մտահոգված է անձնական տվյալների պաշտպանությամբ։ Կարելի է ենթադրել, որ այո։ Այն էլ ոնց է մտահոգված։ Թե չէ ուրիշ ինչպե՞ս բացատրես չիպավորման դեմ համատարած պայքարը։

Ինչպես հայտնի է լայն շրջանակներին, նեղ շրջանակները փորձում են լայն շրջանակներին չիպավորել, որպեսզի ամեն ինչ իմանան այդ լայն շրջանակների ամեն մի ներկայացուցչի վերաբերյալ։ Որպեսզի հետագայում նաև կարողանան կառավարել լայն շրջանակներին և իրենց բոլոր բարեկամներին։

Չիպավորման դեմ պայքարը հասել է այնպիսի սահմանների, երբ մարդիկ հրաժարվում են թեստավորվել կորոնավիրուսի կասկածի ժամանակ, քանի որ լսել են, որ նեղ շրջանակները նույնիսկ այս պարզ գործողությունն են օգտագործում չիպավորելու համար․ բնականաբար, լայն շրջանակների վառ ներկայացուցիչներին։

Նույնիսկ կա կասկած, որ կորոնավիրուսը ստեղծվել է (կամ հորինվել է), ու վիրուսի առկայությունը զուտ թեստավորման պատրվակով մարդկանց չիպավորելու համար է։ Եվ մարդիկ մղում են պայքար չիպավորման դեմ, հանուն մեր անձնական տվյալների պաշտպանության, ազատ և անվերահսկելի քաղաքացի լինելու համար։

Սակայն, պայքարը անձնական տվյալների համար այստեղ սկսվում է ու անմիջապես էլ անհետանում է։ Նման եռանդի գոնե տասը տոկոսը եթե ուղղվի դեպի իրական խնդիրներ, որոնք գոյություն ունեն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, մենք կլինենք խիստ առաջադեմ հասարակություն։ Բայց նման բան չի երևում, նույնիսկ չի նշմարվում։

Արդեն երրորդ ամիսն է՝ Հայաստանը ապրում է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։ Արդեն երկար ժամանակ է երկրում գործում է տոտալ վերահսկողության համակարգ․ հանուն կորոնավիրուսի դեմ պայքարի, անշուշտ։

Առաջին օրերին, երբ այս համակարգը սկսեց աշխատել, մի քիչ աղմկեցինք ու լռեցինք։ Արտակարգ դրությունը, ինչպես արդեն կարելի է կռահել, դառնում է մեր կյանքի գեղեցիկ մի մասը, այն կտևի ամիսներ և ամիսներ (եթե տարիներ տևի, նույնպես չեմ զարմանա)։ Իսկ դա նշանակում է, որ համակարգը շարունակում է հավաքագրել մեր տեղաշարժի և անձնական կապերի մասին մանրամասն տեղեկատվությունը; Ընդ որում հիմա, երբ արդեն բոլորը #ՄնաՏանը չեն ու լավ էլ բացահայտում են իրենց առօրեական տեղաշարժը։

Իսկ ի՞նչ իմացանք մենք այս ընթացքում համակարգի մասին։ Որ մի քանի հազար մարդու վերաբերյալ տվյալներ են ստացվել, որը թույլ է տվել մի քանի հարյուր վարակակիր բացահայտել։ Ինչը, համաձայնեք, հիանալի է։

Բայց, այդպես էլ չիմացանք, թե ով մուտք ունի համակարգ, ինչպես է այն սպասարկվում և այլ բազմաթիվ հարցերի պատասխաններ չստացանք։

Խոսակցություններ կային, որ ԱԺ-ում կստեղծվի հանձնաժողով, որը կվերահսկի տվյալների օգտագործումը։ Բայց, ոնց հասկանում եմ պատգամավորները ավելի հետաքրքիր զբաղմունքներ ունեն։ Քիթ սրբելու ժամանակ չկա, ինչ անձնական տվյալներ, ինչ վերահսկողություն։ Համակարգը ինքն իր համար աշխատում է, մարդիկ մոռացել են, երևի չարժի մեկ էլ հիշեցնել։

Շատ ավելի հեշտ է մի կողմից պայքարել չիպավորման դեմ, մյուս կողմից՝ պայքարել չիպավորման դեմ պայքարողների դեմ։ Ու հիմա ես անձամբ հարց ունեմ․ որտե՞ղ են հավաքվում նրանք, ովքեր ո՛չ չիպավորման դեմ են պայքարում, ո՛չ էլ չիպավորման դեմ պայքարողների դեմ են պայքարում։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *