2020.04.06,

Քննադատ

Կարանտինային վերահսկողությունը պետք է վերահսկվի հանրության կողմից

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան

Մեդիա հետազոտող

Մենք ապրում ենք հիանալի նոր աշխարհում։ Կատարվում են հոռետեսների գրեթե բոլոր կինո-երազանքները։ Շուրջը զոմբի ապոկալիփսիս է, բայց մեղմացված տեսակի, առանց զոմբիների։ 

Պետությունները մարդկանց վերահսկում են, ինչպես կարողանում են։ Մի տեղ արգելում են հեռախոսը անջատել, մի տեղ պարտադրում են սելֆի անել օրվա ընթացքում ու ուղարկել իշխանություններին, մի տեղ դրոններով են հետևում և  այլն, և այլն։ 

Ու այս ամենը միայն մեզ համար, ժողովրդի համար, անվտանգության և ապահովության համար։ 

Հայաստանում նույնպես սկսել է աշխատել վերահսկողության համակարգ։ Հասկանալի է, որ համաճարակն ու դրա ազդեցությունը ողջ հասարակության, պետական համակարգի, տնտեսության և այլնի վրա այնպիսին է, որ մենք որպես հասաակություն և պետություն անցել ենք ռուբիկոնն ու ստիպված ենք կիրառել սահմանափակումներ։ 

Արտակարգ դրությունը Հայաստանի պատմության մեջ այնքան էլ հաճախ երևույթ չի եղել։ Ես ինքս չորս դեպք հիշեցի։ Եվ բոլորն արդեն ավելի կարճ էին, քան այս մեկը, որը դեռ պարզ չէ, թե ինչքան կտևի։ 

Սա առաջին արտակարգ դրությունն է, որի շուրջ քիչ, թե շատ, բայց գոյություն ունի հասարակական կոնսենսուս։

Ավելին, հանրության մի մասը (առանց սոցիոլոգների հետազոտությունների հիմա չես գնահատի, թե հանրության որ հատվածը) դրական է ընդունում նաև վերահսկողական համակարգը, որն ապրիլի սկզբից պետք է ներդվի Հայաստանում։ 

Ստեղծված համակարգը փորձում է ներդնել Հայաստանում այն, ինչն արդեն աշխատում է, օրինակ, Թայվանում, որտեղ կարանտինը թուլացել է, տնտեսությունը քիչ, թե շատ շնչում է, իսկ երբ որևէ մեկը վարակվում է, նրա հետ շփված միաջավայրն անմիջապես մեկուսացվում է։ 

Սա, անշուշտ, կարող է նվազեցնել կորոնավիրուսի տարածման տեմպերը և լուծել բազմաթիվ հարցեր։ Բայց…

Բայց պետք է հասկանանք, որ հանուն համաճարակի դեմ պայքարի մենք ընդունել ենք օրենք, որը ստեղծում է քաղաքացիների վերահսկման ծայրահեղ համակարգ։ 

Այսօր կարելի է լսել, որ առանձնապես բան չի փոխվել, քանի որ առանց այդ էլ հատուկ ծառայություններն ունեին նման հնարավորություններ մինչ արտակարգ դրություն հայտարարելը։ Եկեք հասկանանք, թե ինչ է փոխվել։ 

Համակարգը, փաստացի, ենթադրում է քաղաքացիների շատ լուրջ վերահսկողություն․ պետությունն անդադար ռեժիմով ստանալու է քաղաքացիների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն՝ հիմնված բջջային օպերատորի մեր մասին անընդհատ հավաքագրվող տեղեկատվության վրա։ 

Այստեղ հարկ է նշել, որ սա GPS-ի միջոցով ստացվող տեղեկատվություն չէ։ Հույս մի ունեցեք, որ ունենալով հին ոչ-խելախոս, կխուսափեք այս համակարգից։ 

Երկրորդը՝ հեռախոսազանգերի մասին տվյալներն են։ Սա գաղտնալսում չէ, խոսակցությունների բովանդակությունն այս համակարգը չի լսելու։ Բայց դա չի նշանակում, թև ձեզանից քիչ տվյալ են ստանալու։ 

Հատուկ ծառայությունը կստանա բոլոր զանգերի, SMS-ների հետ կապված տվյալներ, կիմանա, թե ում հետ է եղել կապը, երբ է եղել, որքան ժամանակ է տևել։ 

Սրանք չափազանց զգայուն տվյալներ են, որոնք շատ դեպքերում կարող են մարդու կապերի մասին ավելի շատ բան ասել, քան զրույցի բուն բովանդակությունը։ 

Իսկ բոլոր այս տվյալների համադրությունն ավելի խոցելի է դարձնում մարդկանց՝ մեծացնելով հնարավոր բացասական ազդեցությունը: Մանավանդ, հաշվի առնելով, որ ահռելի քանակությամբ այդ տվյալները նաև մշակվելու են՝ նորագույն տեխնոլոգիաների հնարավությունների կիրառմամբ։ 

Նախկինում իսկապես կայի՞ն նման հնարավորություններ։ Ամենայն հավանականությամբ, առանձին տարրերը հեշտ հասանելի էին ուժայիններին։ Բայց, չկար մի քանի կարևոր բան․

ա․ Հիմա հետևում են ոչ թե առանձին անհատներին, այլ ԲՈԼՈՐԻՆ ու միաժամանակ։ Ինչը հնարավորություն է տալիս գտնել մարդկանց միջև թաքնված կապերը:

բ․ Աշխատում է տեխնոլոգիական համակարգ, որը մշակում է տվյալներն օնլայն ռեժիմով։ Ընդ որում, համակարգը օնլայն ռեժիմով ստանում է տվյալներ ԲՈԼՈՐ օպերատորներից։

Այս երկու կետերի համադրությունը տվյալ համակարգի աշխատանքը դարձնում է աննախադեպ։ Եվ ոչ միայն Հայաստանի, այլև շատ ու շատ այլ երկների տեսանկյունից։ 

Ամեն դեպքում, որոշումն արդեն կա: Համակարգն, ամենայն հավանականությամբ, արդեն աշխատում է։ Հուսանք, որ այն կօգնի նվազեցնել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը մեր հանրապետության վրա, իսկ մենք կհասկանանք, թե ինչպես կարելի է նվազեցնել այդ համակարգի բացասական ազդեցությունը մեզ վրա։

Պատասխանենք այսօր ամենակարևոր հարցերից մեկին՝ Quis custodiet ipsos custodes? 

Եկեք հասկանանք, թե ինչ է պետք անել այս իրավիճակում, որ չվտանգվի հանրությունը, ժողովրդավարությունը կամ առանձին քաղաքացիների անձնական կյանքը։ 

ա․ Պետությունը պետք է հստակ բացահայտի, թե ով է արտադրել համակարգը, քանի կազմակերպություններ են ներգրավված եղել։ Եթե կան արտասահմանյան գործընկերներ, այդ մասին նույնպես պետք է հայտնել շատ թափանցիկ, քանի որ տվյալներն այնպիսին են, որ արտահոսքը դեպի այլ երկների հատուկ ծառայություններ կարող է ունենալ աղետալի հետևանքներ։ 

բ․ Պետք է ամենայն հստակությամբ տրամադրվի տեղեկություն բոլոր այն մարմինների և անձանց մասին, որոնք մուտք ունեն այս տվյալներին։ Ինչպես պետական, այպես էլ մասնավոր։ 

գ․ Հարկավոր է իրազեկել, թե որտեղ են այդ տվյալները հավաքագրվում և պահպանվում։ Որքանով են դրանք պաշտպանված հնարավոր հարձակումներից և արտահոսքներից։ Արդյո՞ք կատարվել է համակարգի անվտանգության աուդիտ, հաշվի առնելով, որ ներդրումն իրականացվում է գերարագ տեմպերով, ինչը ենթադրում է նաև որակի վրա հնարավոր բացասական ազդեցություն։ 

դ․ Հանրությունը պետք է պարբերաբար իրազեկվի, թե ինչպես են հավաքարվում, պահպանվում և մշակվում տվյալները։ 

Ամենակարևոր կետը, որը հարկավոր է հանել այս ցուցակից և ներկայացնել որպես առանձին պահանջ (քանի որ այն հասունացել է ոչ միայն տվյալ դեպքի հետ կապված), հանրային վերահսկողության մարմնի ստեղծումն է:

Այդ մարմինը պիտի թույլ չտա, որ արտակարգ դրությունն օգտագործվի քաղաքացիական ազատություններին վնաս տալու համար՝ ելնելով չարամտությունից, ինչ-որ պաշտոնյաների կոռումպացվածությունից։ Կամ հասարակ անփութությունից։ 

Այսօր ամենատրամաբանականը կլինի Ազգային Ժողովում հատուկ վերահսկող հանձնաժողովի ստեղծումը, որտեղ մեծ տոկոսային ներկայացչություն կունենա ընդդիմությունը։ 

Հարկավոր է նաև ներգրավել ոլորտի մասնագետներին, քանի որ թեման պահանջում է, օրինակ, տեխնիկական խնդիրների խորը իմացություն։ 

Առանց տրամաբանական թափանցիկության ու վերահսկողության համակարգը ոչ միայն վստահություն չի ներշնչում, այլև դրա կիրառումը կարող է ունենալ այս պահին կանխատեսելի ու ապագայում անկանխատեսելի բազմաթիվ հետևանքներ։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *