Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը համոզված է, որ Հանրայինում շատ բան է փոխվել, բայց այդ փոփոխությունները մնում են հանիրավի չնկատված:
Ըստ նրա՝ պատճառը բացասական իներցիան է, որը դժվար է կոտրել.
«Կարևոր քայլը կատարվել է, այսինքն, տեղից շարժվել է փոփոխությունների լոկոմոտիվը: Բայց դա միակողմանի պրոցես չէ: Թող հեռուստադիտողը չմտածի, որ տանը բազմոցին նստած պիտի հեռուստաէկրանին փոփոխություններ տեսնի… Դա փոխադարձ պրոցես է: Մենք փորձում ենք կոտրել շատ կարծրատիպեր, բայց հասարակությունը նաև իր կողմից պիտի վերանայի կարծրատիպերը»:
Նա վստահ է, որ կան կարծրատիպեր, որոնք փոխվում են մեկ կամ երկու հաղորդմամբ, բայց կան նաև այնպիսի կարծրատիպեր, որ պահանջում են ավելի երկարատև իմաստավորման փուլ: Եվ բարդ է «հաղթահարել մարդու ներսում նստած չկամությունը»:
Նա տեսնում է, որ կա դժգոհություն և հիասթափություն Հանրայինից.
«Անգամ ասում են, որ Հանրայինը շարունակում է մնալ իշխանությունների կամակատարը, բայց դա այդպես չէ, քանի որ իշխանությունները չունեն նման հավակնություններ»:
Որպես գլխավոր ձեռքբերում Արա Շիրինյանը նշում է տեղեկատվական և ժամանցային համամասնության կտրուկ փոփոխությունը (տեղեկատվությունը կրկնապատկվել է): Եվ մի քանի կետով ուրվագծում է դրական փոփոխությունները.
- կրթական և մշակութային հաղորդումները դարձել են ավելի ստույգ, տարանջատվել են շոու-բիզնեսից,
- կառավարության որոշումները ոչ միայն լուսաբանվում են, այլև պարզաբանվում, մեկնաբանվում և բանավիճային հաղորդումների միջոցով նաև՝ քննարկվում,
- Հանրայինի լրագրողներն ավելի ազատ են, կարող են հարցեր տալ առանց կաշկանդվածության,
- վերացել են տաբու թեմաները,
- ժամանցային հաղորդումների էությունն է փոխվել, հատկապես սերիալների, որոնք սկզբունքորեն հիմնվելու են գրական ստեղծագործությունների վրա:
«Հանրությունը ակտիվ մասնակից է այն նախախաձեռնություններին, որոնք իրականացվում են Հանրային հեռուստաընկերության հարթակում: Նկատի ունեմ համազգային միջոցառումները»,- Արա Շիրինյանը օրինակ է բերում Ֆրանկոֆոնիայի օրերը, մարաթոնը, ապրիլի 24-ի համերգը և այլն:
Նախկինում ալիքը միայն լուսաբանում էր, իսկ հիմա՝ մասնակից է:
«Մենք ուղղակի ծրագրավորված ենք հանրային ռեակցիան զգալու»,- համոզված է նա:
Հանրային պահանջի ու հանրային շահի տարբերության մասին խոսելիս, նա ասում է. «Միշտ չէ, որ դրանք համընկնում են: Հանրային շահը ձևակերպված կատեգորիա է, իսկ հանրային պահանջը հախուռն է»:
Արա Շիրինյանը որպես հանրային շահի գիտակցված աշխատանք նշում է նաև համավարակի ժամանակ կառավարության նախաձեռնությունների լուսաբանումը:
Եվ վստահեցնում է. «Հանրայինը նույնիսկ իր ավելացված տեղեկատվական ժամաքանակի մեջ ունի բավականաչափ հաղորդումներ, որոնք ունեն երկիրը ճանաչելու, հայ մարդուն նոր փոփոխությունները ներկայացնելու հնարավորություն: Մենք ունենք բազմաթիվ նման հաղորդաշարեր»:
Արա Շիրինյանը խոսում է նաև գովազդի (որի վերադարձը Հանրային պարտավորված քայլ է առողջ մրցակցության համար), երկրորդ սեյլս հաուսի (որը միաժամանակ կա և դեռ չկա) ու Հանրայինի գործադիր տնօրենի մրցույթի մասին (կստեղծվի հատուկ մրցութային հանձնաժողով, թեև խորհուրդը իրավունք ուներ ինքնուրույն ընտրել գործադիր տնօրենին):
«Շատերին թվում է, որ կարելի է փողոցից գալ և ղեկավարել Հանրային հեռուստատեսությունը: Այդպես չէ: Այդ պաշտոնի համար պահանջվում են գերազանց գիտելիքներ, հմտություններ, բարձր պրոֆեսիոնալիզմ… Այս դեպքում մենք ուղղակի պարտավոր ենք ընտրել լավագույնին»,- ամփոփում է Արա Շիրինյանը:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: