Շաբաթը 20 հազար օրինակ վաճառվող «02»-ը (առավելագույն վերադարձը, որ հիշում եմ, եղել է 1.5 տոկոս) չէր կարող եկամտաբեր չլինել, և համաձայնեցնելով նախարարի հետ, այդ եկամուտների շնորհիվ նախ բարձրացրի խմբագրության աշխատակիցների աշխատավարձերը, ապա թարմացրի տեխնիկան:
Նաև խնդիր դրեցի գլուխ բերել «02»-ի ամենամսյա հավելվածի տպագրությունը: Դրա գաղափարը լրատվության վարչության նախկին պետ Նիկոլայ Գրիգորյանինն էր, անգամ անունն էր դրել՝ «Վարկած», բայց նա արդեն ազատվել էր աշխատանքից, և այդ «Վարկածը» տպագրելը փաստորեն պարտավորվածություն էր ինձ համար, վաղօրոք նախանշած դիրքից չնահանջելու պես մի բան էր, եթե չասեմ՝ անկախ Հայաստանում նմանը չունեցած պարբերական հրատարակելու նպատակ: Այդ տարիներին Հայաստան էին բերվում ռուսական թերթեր, որոնց բովանդակությունը մի կողմ՝ տպագրության որակը նախանձ էր շարժում: Մինչդեռ Հայաստանում չկար դրանց հետ համեմատելի նմուշ:
ՆԳ նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «02» շաբաթաթերթի անկախ լինելը, ինքնուրույնության այդ աստիճանը սարսափելի դուր չէր գալիս այդ վարչության ղեկավարներին, թեև նրանք գոնե առերևույթ մնում էին իմ մտերմագույն ընկերները… Նրանք չէին ուզում հաշտվել, որ հաճախ տպագրվում էին իրենց տեսակետները չկարևորող հրապարակումներ, և հակառակը՝ չէին տպագրվում իրենց միջնորդությամբ կամ թելադրանքով ներկայացվող նյութեր: Եվ որ իրենք թերթի հրապարակումների վրա ազդեցություն չունեին: Ցավոք, շուտով այդ լարվածությունն աշխատանքային առօրյայից տեղափոխվեց անձնական շփման ոլորտ: Ըստ երևույթին կրակի վրա յուղ լցրեց խմբագրության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը թերթի եկամուտների հաշվին, իսկ ահա վարչությունը աշխատավարձ բարձրացնելու հնարավորություն չուներ:
Այդ շրջանում «02»-ն, ի դեպ, դարձել էր նաև գրական-մշակութային-լրագրական աշխույժ միջավայր: Խմբագրություն էին այցելում գրողներ, դերասաններ, երգիչներ, այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց հետ շփումները հաճախակի էին աշխատանքից ազատ ժամերին:
ՆԳՆ կադրերի վարչությունից մի օր զանգահարեցին և ասացին, որ գլխավոր խմբագրի պաշտոնը ենթադրում է ոստիկանության մայորի կոչում, կարող եմ գնալ և ձևակերպել: Դա բացահայտ սադրանք էր, քանի որ նախարարի հետ այս թեմայով զրույցում արդեն իսկ համաձայնություն կար, որ թերթի խմբագրի համար ոստիկանական համազգեստ կրելը պարտադիր պայման չէ: Կտրուկ մերժեցի: Մի քանի շաբաթ շարունակ, սակայն, այս առաջարկը պարբերաբար ներկայացվում էր, զանգահարում էին կադրերի վարչությունից, և ես ամեն անգամ բացատրում էի, որ ոչ մի կոչում էլ չեմ ուզում: Մի օր էլ լրատվության վարչության պետը շատ թունոտ հեգնեց՝ դե իհարկե, դու կմնա՛ս պատմության մեջ. Հայաստանում ընդամենը երեք հոգի կա, որ հրաժարվել են ուսադիրներից. մեկը՝ Վանոն, մյուսը՝ Վազգենը, երրորդը՝ դու…
Շատ չանցած՝ ֆինանսատնտեսական վարչությունը լայնածավալ ստուգումներ սկսեց խմբագրությունում: Դա տևեց մոտ մեկ ամիս: Այդ ստուգումների արդյունքը ֆինանսատնտեսական վարչության պետը այսպես ձևակերպեց. «Որևէ չարաշահում չկա… Բայց ստուգումներից պարզվեց, որ թերթը տնօրինել ես որպես քո սեփականություն՝ ձեռք ես բերել թանկարժեք տեխնիկա, աշխատակիցների աշխատավարձն ես բարձրացրել… Մինչդեռ սա ՆԳ նախարարության պաշտոնաթերթն է…» :
Ինչ էլ լիներ՝ «Վարկածի» առաջին համարն արդեն ամբողջանում էր. դա լինելու էր 16 էջանոց գունավոր թերթ: Ինչպես հետո պիտի դրա առաջին էջում հասցեագրեի՝ «խելացի, կիրթ, սրամիտ ընթերցողների համար»:
«Վարկածը» լույս տեսավ 95-ի նոյեմբերին, խմբագրության աշխատակազմի համառության ու նվիրվածության շնորհիվ: Դրա մեջ լրագրող ու գրող ընկերներս թղթակցություններն ու թարգմանություններն էին՝ Գերման Ավագյանի ձևավորմամբ ու լուսանկարներով: «Վարկածի» այդ առաջին և վերջին համարը տպագրության որակով ու բովանդակությամբ դարձավ բացառիկ մի բան, որի 3000 օրինակի իր համեստ մասնաբաժինը շրջիկ թերթավաճառներից մեկը պիտի վաճառեր ամիսներ շարունակ… Իրականում քանի օրինակ վաճառեց՝ ինքն էլ էր կորցրել հաշիվը:
Ամենամսյա պարբերականությամբ այդ հավելվածը տպագրելու խոստումս չէր իրագործվելու, քրեաիրավական ձևակերպմամբ՝ «իմ կամքից անկախ պատճառներով». դրա առաջին համարը լույս տեսնելու հաջորդ օրը ՆԳ նախարարը ստորագրեց ինձ աշխատանքից ազատելու հրամանը: Տարբեր քչփչոցներից հասկացա, որ նրա համբերության բաժակը լցրել էր «Վարկածի» առաջին էջի լուսանկարային կոլաժը, ավելի ճիշտ՝ դրա մեկնաբանությունը, որը հիվանդագին երևակայության արդյունք էր և, բնականաբար, ոչ մի աղերս չուներ իրականության հետ: Թեև դա ընդամենը առիթ էր. աշխատանքից իմ ազատվելու հարցը լուծվել էր մինչ այդ, տարատեսակ խարդավանքների, չարախոսությունների, ազդեցությունների համար թաքուն պայքարի և ոստիկանական համակարգում միշտ կենսունակ նման երևույթների պատճառով:
Խմբագրության ծառայողական մեքենան մի քանի օր մնաց ինձ մոտ: Ուզում էի մեքենան անձամբ հանձնել նախարարին, քանի որ հենց նրա հանձնարարությամբ էր այն հատկացվել խմբագրությանը, ինչպես ընդունված է՝ շնորհակալություն հայտնել արդյունավետ աշխատանքի համար ու նաև հստակեցնել՝ ո՞րն էր, այնուամենայնիվ, ինձ աշխատանքից ազատելու պատճառը… Բայց նրան տեսնելը այլևս հեշտ չէր, եթե չասեմ՝ անհնար էր, մանավանդ, եթե ինքը չէր նախաձեռնում հանդիպումը:
Եվ ահա մի գեղեցիկ օր Հանրապետության հրապարակում պետավտոտեսչության մոտ մեկ տասնյակ մեքենաներ տարբեր կողմերից անսպասելի վրա տվեցին, ինչպես կինոներում է լինում վտանգավոր հանցագործին վնասազերծելիս. շրջապատեցին ու պահանջեցին մեքենայի բանալին: Գերմանն էլ էր մեքենայի մեջ, իրեն բնորոշ ծիծաղով՝ միախառնված դառնությանը, հարցրեց՝ էս ո՞նց հասկանանք, ձերբակալո՞ւմ եք… Պետավտոտեսուչներն ասացին՝ ոչ, շատ բարեկիրթ առաջարկեցին հասցնել մեզ ուր ուզում ենք, մեքենայից վերցնել անձնական իրերը… Եվ մենք պահանջեցինք մեզ հասցնել «02»-ի խմբագրության մոտ գտնվող «Օթյակ» սրճարան:
Շուտով «Ազգում» լույս տեսավ մի ամբաստանություն «02»-ի արդեն նախկին խմբագրի իբր թե կուտակած առասպելական հարստության, Պռոշյան փողոցում ձեռք բերած խորովածանոցների և այլնի մասին: Բնականաբար՝ կեղծանունով: Ակնհայտ էր, որ այս ամենը թելադրել էին վաղեմի ընկերներս: Հոդվածի հեղինակին գուշակելն ու բացահայտելը դժվար չեղավ. զանգեցի, մի քանի բառ փոխանակելուց հետո համոզվեցի, որ չեմ սխալվել:
…Օրեր անց հակընդդեմ կեղծանունով՝ Լիլիթ Տիգրանյան, իմ ընկերներից մեկը հրապարակեց մեկ այլ հոդված, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացվեց իրականությունը:
Վասակ Դարբինյան
շարունակելի
Հոդվածաշարի նախորդ մասը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: