2020.05.01,

Նյուսրում

Լրատվամիջոցների նկատմամբ արձանագրված ճնշումներ

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այս տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրել։

2020-ի առաջին երեք ամիսներ, սակայն լրագրողների ու լրատվամիջոցների համար բավականին լարված ժամանակահատված էր։ Լարվածությունը պայմանավորված էր նախ,  սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի լուսաբանմամաբ, ապա կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում լրագրողների ու լրատվամիջոցների վրա ճնշումներով։

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ամփոփելով  տարվա առաջին 3 ամիսների արդյունքները, ասում է որ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների գերակշիռ մասը` 50–ից 30–ը, գրանցվեց հենց այն օրերին, երբ կառավարության որոշմամբ սահմանափակվել էր լրատվամիջոցների գործունեությունը։

Կառավարության մարտի 16–ին ընդունված որոշմամբ լրատվամիջոցներում և սոցցանցերում արգելվեց հրապարակել «խուճապ առաջացնող» տեղեկություններ, իսկ կորոնավիրուսի թեմայով տեղեկատվության միակ աղբյուրը պետք է լիներ Պարետատունը։

Մելիքյանի խոսքով՝ սուբյեկտիվության և կամայական արգելքների տեղիք տվող որոշման իրականացնողը ոստիկանությունն էր, որը կոշտ միջամտություն էր ցուցաբերում լրատվամիջոցների գործունեությանը, ինչպես նաև սոցցանցերի օգտատերերին ստիպում ջնջել «անթույլատրելի» գրառումները։

Այս ամենը բացասական արձագանք ստացավ լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների շրջանում, որոնց ջանքերի շնորհիվ «հաջողվեց հասնել նրան, որ Կառավարությունը վերանայի իր մոտեցումները »։

Սակայն դրանից հետո էլ, ըստ ԽԱՊԿ նախագահի,  մտահոգություն կար, որ կորոնավիրուսի թեմային վերաբերող պաշտոնական տեղեկատվությունները այնքան էլ հասանելի չեն լինելու լրատվամիջոցների համար․

«Այդ ընթացքում մի շարք ահազանգեր ստացանք, թե ինչպես են լրագրողները դիմում մեկնաբանության կամ տեղեկատվության համար և չեն ստանում պատշաճ պատասխան»։

Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 21 դեպքից 6–ը հենց այդ ժամանակահատվածում է արձանագրվել` մարտի 16-31–ը։

ԽԱՊԿ-ի զեկույցի համաձայն, անհամաչափ սահմանափակումներ և արգելքներ են արձանագրվել նաև առանձին քաղաքացիների նկատմամբ, խախտվել են նրանց ազատ արտահայտվելու իրավունքը, մասնավորապես, սոցիալական ցանցերում։

Զեկույցում բժիշկ Արտավազդ Սահակյանի հետ տեղի ունեցածի նկարագրությունն է, որբ նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ արտակարգ դրության պայմաններում քաղաքում եռուզեռ է, մարդկային կուտակումներ, ինչը վտանգ է ներկայացնում վիրուսի տարածման առումով։ Ոստիկաններն այցելել են բժշկի տուն, ապա՝ աշխատավայր և պահանջել հեռացնել գրառումը։

ԽԱՊԿ–ի հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ չնայած տասնյակ ծանուցումներին` լրագրողների կամ լրատվամիջոցների նկատմամբ վարչական տույժեր չեն կիրառվել:

Դիտարկվող ժամանակաշրջանում կառավարությունն ու խորհրդարանը մեդիա ոլորտին առնչվող մի շարք նախաձեռնություններով են հանդես եկել, որոնք միշտ չէ, որ ընդունելի էին լրագրողական հանրության համար, ասվում է զեկույցում։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *