2020.04.30,

Ստուգված է

Գավառի սպանությունների մասին պնդումներն ու հերքումները

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ապրիլի 28-ի երեկոյան 17։30-ի սահմաններում արյունոտ միջադեպ էր տեղի ունեցել Գավառ քաղաքում։ Դեպքի առթիվ ժամեր շարունակ պաշտոնական տեղեկատվություն չկար, փոխարենը մամուլը դիմեց իր աղբյուրներին։ Արդյունքում, տեղեկատվական դաշտ նետվեցին բազմաթիվ պնդումներ ու մանրամասներ, որոնց մի մասը հերքվեց։

Media.am-ը փորձել է պարզել դեպքերի հաջորդականության լուսաբանումը և դրանց հաջորդող հերքումները։

Ի՞նչ էր կատարվել

Դեպքից գրեթե մեկ ժամ անց միջադեպի մասին առաջինը գրեց shamsyan.com-ը։ Կայքը հրապարակեց դեպքի վայրից լուսանկարներ և տեսանյութ, դեպքն էլ նկարագրեց՝ «մարտաֆիլմ հիշեցնող սպանություն»։ Ըստ այս հրապարակման կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի, ևս 2 հոգի էլ՝ Երևանի հիվանդանոցներ:

Կայքը տեղեկացրեց, որ դեպքի վայրում է ոստիկանապետ Արման Սարգսյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ոստիկանության հատուկ ջոկատայինները ուժեղացված ծառայության են անցել Գավառում, հսկողության տակ է վերցվել նաև Գավառի հիվանդանոցը: Իսկ որպես սպանության վարկած, կայքը գրել էր, թե հնարավոր է վենդետա է՝ կապված տարիներ առաջվա սպանության հետ։

Այս հրապարակումը տարածեցին բազմաթիվ կայքեր, որին արդեն հաջորդեցին սեփական աղբյուրից ստացված մանրամասները։

Սպանվածներից մեկը Ռազմական ոստիկանության հետ կապ ունե՞ր

Սպանվածներից մեկի զինվորական քննիչ լինելու մասին առաջինը գրել էր Shamshyan.com-ը՝ հղում անելով դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիների։ Սրան հաջորդեց Armlur.am-ի տեղեկությունը։ Րոպեների տարբերությամբ մեկ այլ լուրով կայքը հայտնեց սպանվածի անունը, նաև, որ վերջինս «4 տարվա քննիչ է աշխատել, Զինվորական քննչականում բոլորը նրան գիտեին որպես համեստ խելոք քննիչ»։ Ավելի ուշ նույն կայքը հրապարակեց նաև սպանվածի լուսանկարները։

Նույն օրը երեկոյան Pastinfo.am-ի հարապարակումից պարզ դարձավ, որ սպանվածը Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ է։ Իսկ ՊՆ Ռազմական ոստիկանության հետ թյուրըմբռնված կապը հաջորդ օրը՝ ապրիլի 29-ին հերքեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Քանի զոհ և վիրավոր կար

2 զոհի և 4 վիրավորի մասին տեղեկություն հրապարակել էր լուրի սկզբնաղբյուր Shamsyan.com-ը։ Փոխարենը, դեպքի օրը՝ ուշ երեկոյան, Hraparak.am-ը գրեց, թե նախնական տեղեկություններով կա 4 զոհ, ևս 2 անձ ծանր վիճակում է։

Տուժողների մասին հրապարակվող թվերը փոխվեցին Գավառի բժշկական կետրոնի վրա սպանված կողմի հարազատների հարձակումից հետո։

Կեսգիշերն անց Tert.am֊ի հրապարակած նախնական տեղեկություններով «2 վիրավորի պարանոցը կտրել է, վնասվածք է ստացել 1 անձ ևս, որը ոչ մի կողմի ներկայացուցիչ չէ»։ Մինչ այդ Analitik.am-ը և էլի մի քանի կայքեր վերատպեցին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի գրառումը, թե «սպանվել են 3 հոգի, բայց ոստիկանությունը տարածում է, որ 4 են, որպեսզի մարդասպանները նորից չհարձակվեն հիվանդանոցի ու ոստիկանների վրա, որ էդ ողջ մարդուն սպանեն…»։

Քննչական կոմիտեի միայն հաջորդ օրը տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ սպանվածները 2 են, իսկ 4 անձ հրազենային վնասվածքներ է ստացել։

Ինչպես պարզվում է Գավառի ԲԿ-ում հերթապահած բժիշկի մեկնաբանությունից, հարձակման արդյունքում երկու հոգի պարանոցի շրջանում վնասվածքներ է ստացել, բայց մահ չի գրանցվել։ Դանակահարության հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել ևս մեկ անձ, որը վիրավորի խնամակալն էր։

Հիվանդանոցում վիրավորվել են, բայց չեն սպանվել

Հիվանդանոցի վրա հարձակման և պարանոցը կտրելով սպանության մասին լուրի երկու սկզբնաղբյուր կար։

Րոպեների տարբերությամբ նախ լրագրող Գոհար Վեզիրյանը Ֆեյսբուքում գրել էր, թե սպանությունից հետո 2-ը փախուստի ճանապարհին վթարի են ենթարկվում և տեղափոխվում հիվանդանոց․ «սպանվածների կողմնակիցները կարողանում են մտնել հիվանդանոց և լուծել հարցերը՝ սպանությամբ»:

Ապա, Armlur.am-ը գրել էր ոստիկանների կազմած պատնեշն անցնելով «դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են»: Ավելին, նույն հրապարակման մեջ գրում են, թե «վզի կտրվածքի հետևանքով սպանվածներից մեկի անունը Արմեն է, իսկ մյուսինը՝ Խաչիկ»:

Ոստիկանություն միայն հաջորդ օրը տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հիվանդանոցում որևէ մեկը չի սպանվել։ Սպանության մասին լուրը, ինչպես արդեն նշեցինք, հերքել էր նաև հերթապահ բժիշկը։

Ոստիկանապետը դեպքի վայրո՞ւմ էր, թե՝ հիվանդանոցում

Պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում հակասական լուրեր էին հրապարակվում հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ ոստիկանապետի և մարզպետի գտնվելու վայրի առնչությամբ։

Նախ News.am-ը ապրիլի 28-ի կեսգիշերին մոտ տեղեկություն էր տարածել, թե «Տեղի է ունեցել դաժան վենդետա, և դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում»։ Րոպեներ անց Armlur.am-ի ճշտվող տեղեկությունների համաձայն՝ «երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, սակայն իրավիճակը չի կարողացել վերահսկել»:

Սակայն, այս լուրերը հերքում է Ոստիկանության ապրիլի 29-ին տարածած հաղորդագրությունը։ Մեկնաբանվում է, որ հիվանդանոցի վրա հարձակման պահին Ոստիկանության պետը գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում։ Ի դեպ, ոստիկանությունը նմանաբովանդակ հայտարարություն տեղադրել է ֆեյսբուքում նույն օրը երեկոյան, սակայն, րոպեներ անց՝ հեռացրել։

Գեղարքունիքի մարզպետը ևս հաստատել է Ոստիկանության առաջ քաշած տարբերակը, որ ինքը ոստիկանապետի հետ այդ պահին եղել է կրակոցների վայրում։

Քանի հոգով են ներխուժել հիվանդանոց

Հակասական են կարծիքները հիվանդանոց ներխուժած մարդկանց թվի վերաբերյալ։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ասել էր, թե «հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի»։ Սակայն, 168.am-ի հետ զրույցում Նորատուսի անանուն բնակիչն պնդել է, թե «Սուտ է, չկա նման բան, ի՞նչ 500 մարդու մասին է խոսքը, ամոթ է»։ Նույն նյութում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ  Աշոտ Ահարոնյանը պատասխանել է, թե «500 թիվը դա ոստիկանության հրապարակած թիվը չէ»:

Հանրապետական հիվանդանոցի վրա հարձակում չի եղել

Իրարամերժ, արագ տարածվող առայժմ վերջին հերքված լուրը դեպքի հաջորդ օրը Հանրապետական հիվանդանոցի վրա հարձակումն էր։ Ապրիլի 29-ի երեկոյան Hraparak.am-ը գրեց, թե տեղեկություն են ստացել, որ արյունահեղությունը հիմա էլ Երևանի հանարապետական հիվանդանցում է շարունակվում:

«Փաստորեն Գավառում վիրավորվածներին տեղափոխել են հանրապետական հիվանդանոց՝ Արմենիա ԲԿ, և նորատուսցի վրիժառուները շտապել են Երևան։ Հիվանդանոցի աշխատակիցը մեզ ասաց, որ բժշկի վրա են հարձակվել, այս պահին տարածքը շրջափակել են քրեական ոստիկանության աշխատակիցները», – գրել էր կայքը:

Armtimes.com-ին տրված մեկնաբանությամբ Ոստիկանությունը հերքել էր այս լուրը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *