Գերատեսչություններում գործող մամուլի ծառայությունների աշխատանքը միշտ հուզել եւ նույնիսկ մտահոգել է ինձ: Տարիների աշխատանքային փորձս վկայում է, որ այդ կառույցները առաջնորդվում են ոչ թե օրենքների կամ Սահմանադրության դրույթներով, այլ իրենց քմահաճույքով ու անձնական համակրանքով։
Օրինակ, միջազգային լրատվական գործակալությունում աշխատելու ժամանակ տեղեկացա, որ ինձ չեն ընդգրկել Ռումինիայի նախագահի մամուլի ասուլիսին ներկա գտնվող լրագրողների ցանկում` նշելով, որ տեղերը սահմանափակ են: Պատճառը թերեւս այն էր, որ այդ տարիների լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն իր նախասիրությունները եւ քմահաճույքներն ուներ: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը (2003թ.) երաշխավորում է ԶԼՄ-ների եւ լրագրողների՝ առանց անհիմն սահմանափակումների աշխատելու ընդհանուր իրավունքը։
Ամենազավեշտալին այն է, որ որոշ պետական մարմիններում լրատվության վարչության պետերի եւ մամլո քարտուղարների ընգծված հակասություն եւ նույնիսկ՝ հակամարտություն կա։ Ազդեցության ոլորտը վերահսկելու համար «մահացու» պայքար է մղվում, եւ ղեկավարը երբեմն ստիպված է լինում աշխատանքից ազատել նրանցից որեւէ մեկին: Իմիջիայլոց, այդպիսի մի առճակատման հետեւանքով ժամանակին իր պաշտոնից զրկվեց նախագահի մամուլի գծով խորհրդականը, որը կատարում էր միաժամանակ մամլո քարտուղարի պարտականությունները, արեւմտյան արժեքների վրա դաստիարակված մի շատ բանիմաց մասնագետ Կասյա Աբգարյանը:
Եկեք տեսնենք ինչ կառուցվածք ունեն ներկայիս կարեւորագույն պետական մարմինների մամուլի հետ աշխատող ծառայությունները:
Նախագահի աշխատակազմում գործում է հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն (պետ Մերի Հարությունյան), որը ապահովում է նախագահի, նրա աշխատակազմի գործունեության լուսաբանումը, տեղեկացնում է նախագահի հրամանագրերի, կարգադրությունների մասին, ինտերնետում կազմակերպում ու պահպանում է նախագահի էջը: Նախագահի մամլո քարտուղարը` Արմեն Արզումանյանը հիմնականում ԶԼՄ-ներին տալիս է մեկնաբանություններ, հանդես է գալիս հայտարարություններով եւ այլն:
Լրագրողի հավատարմագրումը նախագահականում դեռ չի նշանակում, որ նա կարող է ազատ ելումուտ ունենանալ այդ շենքում: Այդպիսի դրվածքը սկիզբ է առել դեռ առաջին նախագահի օրոք: Մամուլի ասուլիս կամ ինչ-որ միջոցառում լուսաբանելու համար քեզ նախօրոք զանգահարում եւ զգուշացնում են: Իսկ երբ արդեն գնում ես միջոցառմանը, քեզ դիմավորում է աշխատակիցը եւ ուղեկցում միջոցառման վայր (իսկ հետո՝ դեպի ելք): Նախագահ Քոչարյանի օրոք արական սեռի լրագրողները զգուշացվում էին, որ ցանկալի կլինի ներկայանալ նստավայր փողկապով: Իսկ առաջին նախագահի ժամանակ կարելի էր նույնիսկ դուրս գալ ասուլիսից եւ գնալ նախագահականի բուֆետ ճաշելու: Հիմիկվա լրագրողները դժվար իմանան, որտեղ է գտնվում ճաշարանը նախագահականում:
Նախագահի կայքը թարմացվում է պարբերաբար, ակտիվ լուսաբանվում է հեռուստաալիքներով նաեւ նախագահի հետ կապնված գործունեությունը, սակայն վերջին ժամանակներս իսպառ վերացել են մամլո քարտուղարի ասուլիսները, ինչի բացատրությունը դժվարանում եմ տալ:
Ազգային Ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության (պետ Հրայր Զորյան) մեջ ներառված են խորհրդարանական տեղեկատվության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինները: ԱԺ-ում կա նաեւ մամլո քարտուղար Գոհար Պողոսյանը, ով որոշ ժամանակ persona non grata էր հայտարարված, իսկ հետո կրկին զբաղեցրեց այդ պաշտոնը:
Պետք է ասել, որ ԱԺ-ի շենք մտնելը ավելի դյուրին է` բավական է հավատարմագրման քարտը ցույց տալ մուտքի մոտ կանգնած անվտանգության աշխատակցին: Սակայն լուրեր կան, որ լրագրողների հավատարմագրման կարգը ԱԺ սեպտեմբերի նստաշրջանին խստացվելու է: 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել, թե լրագրողներն այնքան շատ են, որ Աժ-ում հանգիստ շնչել չի լինում: Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող` անկախ նրանից` այդ կայքը կամ թերթը քանի ընթերցող, ինչ մակարդակ ունի: Խորհրդարանի շենքում տեղաշարժվելու առումով լրագրողը ազատ է, սակայն իրավունք չունի մուտք գործել ԱԺ-ի նիստերի դահլիճ (վերանորոգումից հետո) եւ լուսաբանել կարող է հատուկ հատկացված ապակեպատ սենյակում, որը գտնվում է դահլիճի վերեւում: Լրագրողներից շատերը դժգոհ են, քանի որ անսովոր է ապակու ետեւից ու վերեւից՝ ներքեւ դիտել խորրդարանի աշխատանքը: Միակ պլյուսը`լրագրողները կարող են հեշտությամբ նկատել, թե իչպես են պատգամավորները քվեարկում՝ սեղմելով նաեւ այլ երեսփոխանների քվեարկության կոճակները:
Կառավառությունում մամուլի հարցերով պատասխանատուն է վարչապետի խորհրդական Արամ Անանյանը: Թեպետ կառավարության կայքում կարդում ենք, որ նախատեսված է մամուլի քարտուղարի պաշտոն, սակայն դրա դիմաց անուն ազգանուն նշված չի: Նշված չէ նաեւ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ազգանունը: Ընդ որում՝ վարչության գործունեության ոլորտները ու շրջանակը բավականին լայն են։
Պետք է նշել, որ պետական կառույցների մամուլի ծառայությունների աշխատանքի մասին լրագրողները տարատեսակ կարծիքներ ունեն (գոհունակությունից մինչեւ դժգոհություն): Սակայն անաչառ լինելու համար, բերենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները: Ճիշտ է այն 4 տարվա վաղեմություն ունի, սակայն մամուլի հետ աշխատող կառույցների մասին ընդհանուր պատկերացում տալիս է։
Ըստ հետազոտողների՝ Հայաստանում պաշտոնական տեղեկության մատչելիության մակարդակը դեռեւս անբավարար է։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը հստակ հնգօրյա ժամկետ է սահմանում տեղեկություններ պահանջող հարցումներին պատասխանելու համար։ Եթե հարցման մեջ նշված ինֆորմացիան տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ աշխատանքը պետք է կատարվի 30-օրյա ժամկետում։ Դիմորդը 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է, որ հարկ է սպասել (նշվում են նաեւ հետաձգման պատճառներն ու տեղեկությունները տրամադրելու վերջնական ժամկետը)։
Թեեւ պետական պաշտոնյաներն ընդունում են, որ պարտավոր են տեղեկություն տրամադրել, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա ոչ միշտ է տեղի ունենում։ Հարցմանը մասնակցած պաշտոնյաների կարծիքով, հիմնական խոչընդոտներն են.
• Տեղեկությունների դասակարգման, պահպանման եւ տրամադրման միասնական մեխանիզմների եւ կարգերի բացակայություն,
• Չափից դուրս բյուրոկրատական մոտեցումներ եւ հին մտածողություն պաշտոնյաների շրջանում,
• Լրագրողների եւ քաղաքացիների շրջանում իրենց օրինական իրավունքների մասին գիտելիքի պակաս,
• Պետական մարմիններում տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձանց եւ տեղեկատվական վարչությունների բացակայություն,
• Պետական մարմիններում հանրության հետ կապերի եւ տեղեկատվության ազատության միասնական քաղաքականության բացակայություն,
• Մամուլի եւ հանրության հետ կապերի վարչությունների կառուցվածքի միասնական համակարգի բացակայություն։ Որոշ դեպքերում գործում է հանրության հետ կապերի առանձին վարչություն։ Մյուս դեպքերում տեղեկատվության ազատության համար պատասխանատու է մամլո քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարը, եւ այլն,
• Տեղեկատվության ազատության և հանրության հետ կապերի գործառույթները սահմանված չեն պետական մարմինների կանոնադրություններում,
• Քաղաքացիական ծառայողների համար նախատեսված այսօրվա ուսուցման համակարգը չի ներառում տեղեկատվության ազատության ոլորտում գիտելիքն ու հմտությունները։
Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2012 թվականի փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 15-ը անցկացրած Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) կայքերի մոնիտորինգը ցույց տվեց, որ Հայաստանի ոչ բոլոր պետական մարմիններն են լիարժեք տեղեկություններ ներկայացնելու նպատակով, բավարար կերպով օգտագործում արդի տեխնոլոգիաների եւ, ամենից առաջ, համացանցի հնարավորությունները:
Ընդհանուր առմամբ`Հայաստանի պետական մարմինները միայն վերջին տարիներին են սկսել ակտիվորեն բարելավել, վերակառուցել իրենց կայքերը եւ դրանց վերաբերվել` որպես տեղեկատվության կարեւոր աղբյուրի եւ հանրության հետ շփման միջոցի:
Ինչպես վկայում են հետազոտության արդյունքները՝ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների մեծամասնության, ինչպես նաեւ՝ 10 մարզպետարանների կայքերը որոշակիորեն բարելավվել են՝ ինչպես բովանդակային, այնպես էլ՝ տեխնիկական չափորոշիչներով:
Պետական մարմինների գործունեության թափանցիկության մակարդակը շատերին է հուզում. եւ ոչ միայն լրագրողներին։
Տիգրան Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: