Ազգային ժողովն ընդունեց օրենքների նախագծերի փաթեթ, ըստ որի՝ Հանրային հեռուստաընկերությանը վերադարձվում է գովազդ հեռարձակելու իրավունքը։ Այդ իրավունքից Հանրայինը զրկվել էր 2015թ․ հունվարի 1-ից։
2015-ին, երբ Հանրայինը զրկվել էր գովազդ հեռարձակելու իրավունքից, կառավարությունը ավելացրել էր պետական բյուջեից հեռուստատեսությանը տրամադրվող գումարի չափը։ 2020-ին կատարվող այս փոփոխության վերաբերյալ արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ ասվում է, որ բյուջեով «հատկացված փոխհատուցումը բավարար չէ Հանրային հեռուստաընկերության արդի մարտահրավերներին (տեխնիկական վերազինում, եթերացանցի վերանայում և այլն) պատշաճ արձագանքելու համար»:
Օրենսդրական փոփոխություններ և լրացումները «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում են։ Դրանք Հանրային հեռուստաընկերությանը հնարավորություն կտան մեկ եթերային ժամվա ընթացքում հեռարձակել մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ։
Հանրայինը կարող է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ համառոտ տեղեկություններ հրապարակել, որը չպետք է գերազանցի հաղորդման ընդհանուր տևողության 2,5 տոկոսը:
Հանրայինով թույլատրվում է ցուցադրել սոցիալական գովազդ՝ ժամը 00:00-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում՝ անհատույց հիմունքներով, իսկ 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում՝ վճարովի։
Փոփոխությունը չի վերաբերում գովազդի բոլոր տեսակներին․ Հանրայինով արգելվում է ցուցադրել վիճախաղերի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի և գիշերային ակումբների գովազդը։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անթույլատրելի է համարում նման հիմնավորումներով և ընթացակարգով ընդունված որոշումը։
Ըստ նրա, մեդիաոլորտում նման հեղափոխական փոփոխություն անելուց առաջ պետք էր իրավիճակի լուրջ ուսումնասիություն կատարել՝ պարզելու, թե «Հանրայինի խնդիրները լուծելու համար, արդյոք, չկա՞ ներքին ռեսուրսների օպտիմալացման, ծախսերի վերադասավորության հնարավորություն, կամ, արդյոք, պետությունը չունի՞ օգնելու այլ հնարավորություններ։
«Կառավարությունը կարող էր այդ հնարավորությունները գտնել, եթե ներքին ռեսուրսները չեն բավարարում։ Թեև համոզված եմ, որ ներքին ռեսուրսների օպիմալացման շնորհիվ կարելի է այդ խնդիրը լուծել, որովհետև երկար տարիների ընթացքում ֆինանսական այն հնարավորությունները, որ ուներ Հանրայինը, լավագույն ձևով չէին օգտագործվում»,- ասում է Բորիս Նավասարդյանը։
Կառավարությունն այդ ճանապարհով չգնաց, այլ որոշեց վերադարձնել Հանրայինի՝ գովազդ հեռարձակելու իրավունքը, որը մամուլի ակումբի նախագահի կարծիքով, կարող է մեծ վնաս հասցնել մեդիադաշտին։
«Կարող ենք ենթադրել, որ Հանրայինը կարող է հավակնել գովազդային շուկայի մոտ 20%-ին ու պատկերացնում ենք, թե այդ 20%-ի վերադասավորումը ինչ է նշանակում։ Դա լուրջ ինտերվենցիա է մեդիաշուկայի վրա, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ դաշտի զարգացման համար, մանավանդ այսօր և հատկապես վերգետնյա հեռարձակողների համար՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին առանց այդ էլ գովազդային ռեսուրսների արտահոսք կար դեպի առցանց լրատվամիջոցներ»։
Նավասարդյանի կարծիքով՝ փոփոխությունը կթուլացնի շատ հեռուստաընկերությունների անկախությունը․
«Եթե կրճատում ես գովազդային եկամուտները, որոնք լրատվամիջոցը սեփական ուժերով է ձեռք բերում, բնականաբար, նա փորձելու է գտնել այլ լուծումներ՝ կորցրածի փոխատուցումը ինչ-որ տեղից ստանալ, ինչն իր հետ բերելու է նաև քաղաքական պատվեր ու կախվածություն»:
Ըստ նրա, այսօր այդ քայլով իշխանությունները նպաստում են այդ կախվածության մեծացմանը.
«Կարծում եմ, որ հեղափոխությունից հետո ամբողջ քաղաքականությունը պետք է ուղղված լինի հակառակին՝ լրատվամիջոցների եկամուտների բարձրացմանն ու անկախության ամրապնդմանը։ Լրատվամիջոցը, որքան էլ ունի հանրային ֆունկցիա, գործում է մասնավոր բիզնեսի օրենքներով, և սա հարված է լրատվամիջոցներին որպես մասնավոր բիզնես»։
«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Նարեկ Նիկողոսյանի կարծիքով՝ Հանրայինն այսօր երկրի ամենահարուստ հեռուստաընկերությունն է․
«Արդյոք հարկատուները համաձա՞յն են ամենահարուստին ավելի հարստացնել։ Արդյոք այն պահանջները, որոնք հանրությունը դնում է իր փողերով ապրող հեռուստաընկերության առջև, էլ ավելի շատ ֆինանսական միջոցներով հնարավո՞ր է լուծել. կարծում եմ՝ չի կարելի միանշանակ ասել՝ այո։ Գուցե սրա նպատակը մասնավոր՝ իշխանություններին ոչ այնքան հաճելի հեռուստաընկերություններին թուլացնելն է»:
Գովազդային շուկան սահմանափակ է, և եթե հայտնվում է նոր հարթակ, դա ֆինանսական առումով բացասական է ազդում մյուսների վրա, ասում է Նիկողոսյանը։
Ըստ նրա, բնականաբար, գովազդային շուկայում գների փոփոխություն կլինի՝ ոչ ի նպաստ հարկատու գործարարների, հեռուստալսարանի, մասնավոր հեռուստաընկերությունների.
«Ժամանակակից հայկական հեռուստադաշտի մասնագետների մեծ մասն ինչ-որ ժամանակ Հանրայինում է աշխատել, և մի տեսակ սրտացավություն բոլորս ունենք. բոլորս էլ ուզում ենք ունենալ ուժեղ «Առաջին ալիք», սակայն որպես մասնագետ և հարկատու՝ մենք տվել ու տալիս ենք առավելագույնը, դրանից առավելն արդեն վնասակար է բոլորի՝ գովազդատուի, մասնավոր հեռուստաընկերությունների, հեռուստադիտողների և գուցե հենց առաջին հերթին մեր Հանրայինի համար»։
Օրինագծերն ընդունելու օրը ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը Ֆեյսբուքում գրառում արեց, նշելով՝ որոշման արդյունքում հեռուստատեսային գովազդի դաշտում մեծ փոփոխություններ են սպասվում, այդ թվում՝ մրցակցային մթնոլորտի վերականգնում։
Մինչ այդ որոշվել էր կառավարության պահուստային ֆոնդից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հատկացնել 26,6 մլն դրամ՝ միջազգային աուդիտ անցկացնելու համար։
Աուդիտը պետք է պարզի Հայաստանում հեռուստաչափումներ իրականացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և եթերի մոնիթորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախատեսում է այս տարի ուսումնասիրել մեդիագովազդի շուկան, գովազդի բաշխման մեխանիզմներն ու հեռուստաընկերությունների միջև փոխկապակցվածությունը։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: