2020.04.09,

Նյուսրում

Միրիկը, կորոնավիրուսն ու Արցախի ընտրությունները

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Միրիկ գյուղը միանգամից հայտնի դարձավ կորոնավիրուսի շնորհիվ։ 

Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում գտնվող այս գյուղի մասին սկսեցին խոսել հայաստանյան և արցախյան մի շարք լրատվամիջոցներ այն բանից հետո, երբ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների շրջանակում ստեղծված միասնական տեղեկատվական հարթակը հայտարարեց նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին։ 

Միրիկի բնակչուհու մասին ավելի շատ հիշեցին, երբ հայտնի դարձավ, որ նա մասնակցել է մարտի 31-ին անցկացված համապետական ընտրություններին․ լրատվամիջոցները գրեցին, իսկ սոցցանցերում արդեն քննարկումներն այլ հունով են ընթանում։ 

Երևանի հիվանդանոցներից մեկում բուժվող միրիկցի կինը դարձավ ու շարունակում է լինել արցախյան ներքաղաքական քննարկումների թոփ թեման։ Ընդ որում՝ քննարկողներից շատ քչերն են խոսում բուն կորոնավիրուսի, առավել ևս՝ վարակակրի առողջական վիճակի մասին, բոլորի ուշադրության կենտրոնում նրա՝ քվեարկությանը մասնակցելն էր, իսկ ավելի կոնկրետ՝ այդ նպատակով Հայաստանից գալը Միրիկ։ 

Հետընտրական լարվածությունը յուրաքանչյուրի մոտ արտահայտվելու ցանկություն է առաջացնում ու այդ ամենի արանքում մոռացվում է մարդու անձնական տվյալների գաղտնիության պահպանումն ու նրա արժանապատվությունը։ Մեդիան տարածում է COVID-19 վարակակակի կնոջ ծննդդյան ու բնակավայրի վերաբերյալ տվյալները։

Սոցցանցերում սկսեցին գրել նաև նրա հարսի մասին, որ «գրանցված է մոտակա գյուղերից մեկում ու քվեարկել է այնտեղ»։

Սոցիալական ցանցերում գրում են, որ «կնոջը Արարատի մարզից Միրիկ էին բերել տվել՝ ընտրություններին մասնակցելու համար», «տեսնես որ թեկնածուն է հատուկ բերել», «ինչու է հենց հիմա եկել», «նրան դատել է պետք»։ Գրառումների հեղինակները մոռանում են, որ այդ արտահայտությունները կարող են վիրավորական լինել կնոջ համար։ 

Հնարավոր վիրավորանքի մասին Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան ստատուսի մեկնաբանությունում ընդգծեց նախագահի խորհրդական, նոր կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանը՝ ասելով, որ կինը հիվանդանոցում է ու արձագանքելու հնարավորություն էլ գուցե չունի։  

Առաջին վարակակրի դեպքը բազմաթիվ օգտատերերի հիշեցրեց դեռևս շատ թարմ «ընտրական վերքերի» մասին։ Հիշեցին, որ ընտրություններից առաջ խոսում էին վարակի տարածման հավանականության մասին, իսկ ոմանք էլ հարց էին հնչեցնում, թե ինչպե՞ս է կորոնավիրուսի վտանգի պայմաններում այդ կինը Արարատի մարզից գյուղ եկել (ի դեպ, պարզաբանվել էր, որ նա Արարատի մարզ հյուր էր գնացել աղջկան) հենց մարտի 30-ին, ընտրություններից մեկ օր առաջ։ 

Ավելին՝  մինչև հիմա փորձում են գուշակություններ անել, թե որ թեկնածուի «հրավերով» է եկել նա, ում է ընտրել և այլն։ Պատասխանններն ու ակնարկներն էլ յուրովի են արտահայտում։

Թե ում է քվեարկել կինը մինչև սոցցանցային «թիրախ» դառնալը, դժվար է ասել։ Միրիկում, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, մարտի 31-ին ընտրողներից քվեարկել է 70 հոգի, և ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների օգտին քվեարկածների ձայների հարաբերակցությունը 28/22 է։ 

Այս պատմության մեջ երկու համեմատաբար դրական բան կա։ Չնայած նրան, որ որոշ օգտատերեր արդեն հասցրել են մեղադրանքներ հնչեցնել կնոջ հասցեին, բայց, ամենայն հավանականությամբ, մեղադրանքների այն հեղեղը, որ կար Հայաստանի առաջին վարակակիր էջմիածինցի կնոջ դեպքում, չի լինի, քանի որ մեղադրանքների գլխավոր թիրախը ընտրությունների կազմակերպիչներն են։

Իսկ մյուսը այն է, որ Հայաստանում ու Արցախում շատ շատերը իմացան, որ այդպիսի գյուղ էլ կա, ու այդ մասին դեռևս երկար կհիշեն։ 

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *