2020.04.04,

Քննադատ

COVID-19-ի բուժման զարգացումները. սուպերհամակարգչից մինչև հակառետրովիրուսային դեղամիջոցներ

author_posts/rubina-davtyan
Ռուբինա Դավթյան
facebook

Գիտության սիրահար

Հերթական անգամ կարդում կամ լսում եմ «Դե ե՞րբ են վերջապես բուժելու էս կորոնավիրուսը, ինչու՞ են էսքան ուշացնում» հարցը։

Ես ո՛չ դեղագետ եմ, ոչ էլ՝ վարակաբան, բայց լինելով կենսաֆիզիկոս ու գիտական մեթոդներին ինչ-որ չափով ծանոթ մարդ՝ հաճելիորեն զարմանում եմ՝ տեսնելով գիտական հանրության համախմբվածությունն ու բնականոնից ավելի արագ աշխատանքը՝ ուղղված COVID-19-ը բուժող դեղամիջոցների և դրա դեմ պատվաստանյութերի ստեղծմանը։

Թերևս կարելի է դրական տրամադրվել, քանի որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին ու գիտնականներին միացել է նաև աշխարհի ամենաարագ «ուղեղը»՝ SUMMIT-ը։

Այն ԱՄՆ Թենեսի նահանգի Oak Ridge ազգային լաբորատորիայում գտնվող սուպերհամակարգիչն է, որն ունի մոտ երկու թենիսի դաշտերի չափ մակերես և կարող է վայրկյանում 200 000 տրիլիոն հաշվարկ կատարել։ Համաձայն հետազոտության ղեկավար Ջերեմի Սմիթի, որը Թենեսիի համալսարանի Մոլեկուլային կենսաֆիզիկայի ինստիտուտի ղեկավարն է, SUMMIT-ը 1-2 օրում կատարել է այն հաշվարկները, որոնց համար սովորական համակարգչից ամիսներ կպահանջվեր։

Սուպերհամակարգչով կատարած աշխատանքի նպատակն էր պարզել, թե ինչ դեղամիջոցներ կարող են արդյունավետորեն կիրառվել COVID-19-ի հարուցիչ SARS-Cov-2-ի դեմ։

Համակարգչային մոդելավորման միջոցով հետազոտության հեղինակները հետազոտել են մոտ 8000 քիմիական նյութեր, որոնք պարունակվում են արդեն գոյություն ունեցող դեղամիջոցներում և նյութերում՝ փորձելով մոդելավորել դրանց և SARS-Cov-2-ի փոխազդեցությունները։

Հետազոտության նպատակն է հասկանալ, թե որ նյութերը կարող են կապվել վիրուսի մակերևույթին գտնվող ելուստանման սպիտակուցներին՝ արգելելով դրանց մուտքը դեպի բջիջ։

Եվ SUMMIT-ի գերարագ հաշվարկների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 77 նյութեր, որոնք կարող են պոտենցիալ բուժող միջոց հանդիսանալ։

Մոխրագույնով պատկերված միացությունը կարող է կապվել SARS-CoV-2-ի մակերևութային սպիտակուցին (փիրուզագույն), թույլ չտալով, որ այն կապվի ACE2 սպիտակուցին։ Հեղինակ՝ Միկոլաս Սմիթ, Oak Ridge Ազգային լաբորատորիա, ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտ։ 

Նոր դեղամիջոցների ստեղծումն ու հաստատումը բարդ և երկարատև գործընթաց է, ուստի SUMMIT-ի կողմից հայտնաբերված նյութերի փոքր մասը կարող է հետագայում կիրառվող դեղամիջոց դառնալ։

Դեղերի փորձարկման երկարատև ճանապարհը կարող ենք նկարագրել ԱՄՆ պարենի և դեղամիջոցների վարչության(ՊԴՎ) կողմից հաստատված քայլերի ցանկի միջոցով։

Քայլ 1. Հայտնագործում և զարգացում

Առաջին քայլի ընթացքում բազմաթիվ նյութեր են թեստավորվում՝ պարզելու դրանց հնարավոր ազդեցությունը հետազոտվող հիվանդության վրա և առանձնացվում են ամենախոստումնալից միջոցները։ Այնուհետև, նյութերի հայտնաբերումից հետո հետազոտողները մի շարք լաբորատոր փորձերի միջոցով տեղեկություններ են հավաքում, թե որոնք են վերջինիս ազդեցության մեխանիզմները, ինչպես է այն ազդում տարբեր տարիքային կամ գենդերային խմբերի վրա, ինչպես է փոխազդում այլ դեղամիջոցների և բուժումների հետ և այլն։

Քայլ 2. Նախակլինիկական հետազոտություններ

Մինչ մարդկանց վրա փորձարկումներ կատարելը, գիտնականները պետք է փորձարկեն դեղի ազդեցությունը և հայտնաբերել դրա հնարավոր վնասակար հետևանքները։

Նախևառաջ, հետազոտությունը կատարվում է in vitro (լատիներենից՝ ապակու վրա), ինչի ընթացքում հետազոտությունները կատարվում են փորձանոթներում։ Այնուհետև փորձերը կատարվում են in vivo (լատիներենից՝ կենդանի օրգանիզմներում), որն ի հակադրություն in vitro փորձերի, կատարվում է կենդանի օրգանիզմներում։ Այս ընթացքում դեղերը կարող են փորձարկվել ինչպես բջիջների, այնպես էլ մի շարք կենդանիների վրա։

Այս փորձերի արդյունքում կատարված հետազոտությունների ընթացքում ամփոփվում են արդյունքներն ու որոշում է կայացվում, թե արդյոք ապահով է փորձել դեղը մարդկանց վրա։

Քայլ 3. Կլինիկական հետազոտություններ

Կլինիկական հետազոտությունները բաղկացած են 3 փուլերից, որոնց ընթացքում աստիճանաբար փորձարկվում և բարելավվում է ընտրված դեղամիջոցը՝ աստիճանաբար սահմանափակելով ռիսկերն ու կողմնակի ազդեցությունները։

Ռիսկերի նվազեցմանը զուգընթաց, ամեն հաջորդող փուլում ավելանում է մասնակիցների քանակը՝ տրամադրելով ավելի հուսալի տվյալներ դեղամիջոցի արդյունավետության և կողմնակի ազդեցությունների մասին։

Ստորև ներկայացված աղյուսակում ամփոփված են կլինիկական հետազոտությունների 3 փուլերի նպատակը, մասնակիցների քանակը, տևողությունը և դեղամիջոցների տոկոսային հարաբերությունը, որոնք հաջողությամբ հաղթահարել են տվյալ փուլը։

Քայլ 4. Դեղամիջոցի հաստատում և վաճառք

Կլինիկական հետազոտությունների երրորդ փուլից հետո դեղամիջոցներն ուսումնասիրվում են ՊԴՎ կողմից։ Հաստատման դեպքում, դեղամիջոցը հասանելի է դառնում շուկայում, սակայն ՊԴՎ  նախաձեռնությամբ, վաճառքի ընթացքում նույնպես կարող են կատարվել կլինիկական հետազոտությունների 4-րդ փուլը՝ դեղամիջոցն օգտագործողների ավելի լայն շրջանակում։

Ինչպես տեսնում ենք, հետազոտությունները կարող են տևել մեկից մի քանի տարի, իսկ փորձարկվող դեղամիջոցներից միայն 5-7%-ն են անցնում փորձարկման բոլոր փուլերը, ուստի նոր դեղամիջոցները չեն կարող կարճ ժամանակում հայտնվել շուկայում և մոգականորեն լուծել բոլոր խնդիրները։

Որոշ դեղագործական ընկերություններ և լաբորատորիաներ սկսել են նորագույն դեղամիջոցների ստեղծումն ու փորձարկումները, սակայն արագ տարածվող համաճարակին հնարավորինս արագ լուծում է անհրաժեշտ։

Դեղերի հաստատման բոլոր փուլերն անցնելուց խուսափելու նպատակով, Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը մեկնարկել է SOLIDARITY ծրագիրը, որի նպատակն է փորձարկել ամենախոստումնալից դեղամիջոցները։

Ի տարբերություն վերոնշյալ հաստատման փուլերի, ԱՀԿ-ն որդեգրել է  գոյություն ունեցող հակավիրուսային դեղամիջոցները վերահասցեավորելու մեկ այլ քաղաքականություն։

Գոյություն ունեցող դեղամիջոցների կիրառումը կարող է զգալիորեն նվազեցնել գործընթացի տևողությունը, քանի որ արդեն իսկ ապացուցված է, որ դեղամիջոցները ապահով են մարդկանց համար, ուստի ուսումնասիրությունները կարող են սկսել կլինիկական հետազոտությունների երրորդ փուլից։

SOLIDARITY ծրագրով նախատեսված է փորձարկել 4 դեղամիջոց, որոնք ներկայացված են ստորև։

Ռեմդեսիվիր

Այս դեղամիջոցը ստեղծվել էր Gilead Sciences դեղագործական կազմակերպության կողմից՝ էբոլայի դեմ պայքարի համար։

Թեև այն արդյունավետ չի եղել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 2017-ի էբոլայի համաճարակի դեմ, բայց նույն թվականին Հյուսիսայի Կարոլինայի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ այն կարող է ազդեցություն ունենալ SARS և MERS կորոնավիրուսների վրա։

Ռեմդեսիվիրի լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ այն որոշակի ազդեցություն ունի COVID-19-ի հարուցիչ SARS-Cov-2 վիրուսի վրա, ինչպես նաև որոշ դեպքեր կան, որ այն նպաստել է նոր կորոնավիրուսով հիվանդների բուժմանը։

Դեղամիջոցներ մալարիայի դեմ՝ քլորոխին և հիդրոքլորոխին

Այս դեղամիջոցները չեն եղել ԱՀԿ նախնական ցուցակում, ամբողջ աշխարհում մեծածավալ ուշադրություն առաջացնելու արդյունքում դրանք նույնպես ընդգրկվել են SOLIDARITY ծրագրում։

Լաբորատոր հետազոտությունները Չինաստանում և Ֆրանսիայում ցույց են տվել, որ այն ազդեցություն ունի SARS-CoV-2-ի վրա, սակայն ահնրաժեշտ է կիրառել մեծ չափաբաժնով, ինչը կարող է վնասակար ազդեղությունների բերել։

Թեև այս դեղամիջոցների արդյունավետությունը գիտական և առողջապահական շրջանակներում սուր քննարկումների առիթ են, սակայն դրանք նույնպես լայնածավալ հետազոտությունների մաս կկազմեն մի շարք երկրներում։

Հակառետրովիրուսային դեղեր՝ ռիտոնավիր և լոպինավիր

Ռիտոնավիրն ու լոպինավիրն միասին կիրառվում են ՄԻԱՎ-ի բուժման համար։

Այս համադրությունը նախկինում փորձարկվել է SARS և MERS կորոնավիրուսներ ունեցող հիվանդների վրա: Չինական Վուհան քաղաքի բժիշկները այն կիրառել են նաև COVID-19 ունեցող 199 հիվանդների վրա։

Թեև որևէ զգալի տարբերություն չի գրանցվել հակառետրովիրուսայիններ ստացած հիվանդների մոտ, սակայն բժիշկները նշում են, որ հավանական պատճառներից մեկն այն է, որ դրանք փորձարկվել են ծանր հիվանդների վրա և հնարավոր է՝ շատ ուշ էր որևէ տեսակի ազդեցություն նկատելու համար։

Հակառետրովիրուսային դեղեր և ինտերֆերոն բետա

Վերոնշյալ երկու հակառետրովիրուսային դեղամիջոցները կփորձարկվեն նաև ինտերֆերոն-բետայի հետ զուգակցությամբ, որն օգտագործվում է ցրված սկլերոզի բուժման համար։

Երեք դեղամիջոցների համակցությունը կփորձարկվի Սաուդյան Արաբիայում՝  MERS տեսակի կորոնավիրուս ունեցող հիվանդներրի շրջանում։

Թեև վերոնշյալ դեղամիջոցներն արդեն իսկ հաստատված կիրառություններ ունեն, ԱՀԿ-ն զգուշացնում է, որ COVID-19-ի դեմ հաստատված որևէ դեղամիջոց դեռևս չկա, ուստի խստորեն հակացուցվում է ինքնաբուժությունը նշված կամ որևէ տեսակի այլ դեղամիջոցներով։ 

Ռուբինա Դավթյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *