2020.04.02,

vox populi

Հայալեզու գրական շտեմարանների տասնյակ

Կորոնավիրուսային ինքնամեկուսացման այս օրերին աշխարհի բազմաթիվ գրադարաններ, Կոնգրեսի գրադարանից մինչև Շարժայի հանրային գրադարան, ու առցանց գրախանութներ՝ Google Play Books, Kobobooks, Amazon, iBookstore, Smashword առաջարկում են անվճար օգտվել իրենց էլեկտրոնային գրքերի շտեմարաններից։

Եվ եթե ժամանակին ինչ-որ գիրք եք փնտրել, որը ինչ-ինչ պատճառներով անհասանելի է եղել, հիմա ճիշտ պահն է մեկ անգամ ևս ստուգել. ամենայն հավանականությամբ այն որպես էլեկտրոնային գիրք արդեն անվճար է ու հասանելի։

Փորձենք առաջարկել տասը շտեմարան, որտեղ կկարողանանք հայերեն թվային տեքստեր կամ էլեկտրոնային գրականություն գտնել։

1. Ազգային գրադարանի «Հայ գիրք» շտեմարանն առաջարկում է գրադարանում պահվող տպագիր հրատարակությունների թվային (լուսանկարված) պատճենները, եթե հրատրակությանը կից կա «Կարդալ առցանց» նշումը։ Հարմար է համակարգիչներում ընթերցանության համար։

2. «Հայ Մատենագրութեան Թուանշային Գրադարանում» տեղադրված են բաց մատչելիության գեղարվեստական տեքստեր, գիտական տարատեսակ հրատարակություններ։ Գրադարանի կայքը հատուկ հարմարեցված է թվային տեքստերը սմարթֆոններում գրքի ձևաչափով ընթերցելու համար։

3. Արևելահայերենի ազգային կորպուսի՝ «ԱՐԵՎԱԿ»-ի էլեկտրոնային գրադարանում կարելի է գտնել հայ դասականների գործերը, որպես թվային տեքստեր։ Բայց պետք է հիշել, որ կայքն իրականում լեզվաբանական որոնման համակարգ է։

4. «Վիքիդարանը» ազատ բովանդակության հրատարակությունների առցանց գրադարան է, որը, ինչպես և մյուս Վիքինախագծերը, կարող է համալրել յուրաքանչյուր ոք։ Հայերենով այս պահին ունի 15.276 նյութ, որոնք հնարավոր է ներբեռնել ձեր նախընտրած ցանկացած ձևաչափով, անգամ որպես էլեկտրոնային գիրք։ Հիշեք միայն, որ նյութերի մի մասը կարող է սրբագրված չլինել։

5. «Գրապահարանը» գործում է նույն սկզբունքով, ինչ «Վիքիդարանը», բացառությամբ, որ հրատարակություններն առաջարկում է «Բաց հասանելիության պարտիզանական մանիֆեստի» փիլիսոփայություն։ Ի՞նչ մանիֆեստի։ Կարդացեք կայքում, որտեղ, ի դեպ, կգտնեք 281 հեղինակի 1634 ստեղծագործություն ու 172 գիրք։

6. «Գրահավաք» բլոգում կարող եք գտնել հայալեզու համացանցային գրադարանների հղումներ, որոնցում գրքերը կամ ազատորեն ներբեռնելի են, կամ ընթերցվում են առցանց։ Բլոգը օգտակար հղումներ ունի հատկապես հայագիտությամբ հետաքրքրվողների համար։

7. abcd.am կայքի գրքերը ոչ միայն կարելի է ընթերցել, այլև լսել դրանց ձայնագրությունները, կարդալուն զուգահեռ, էջ առ էջ։

8. «Յավրուհրատ» էլեկտրոնային հրատարակչությունն առաջարկում է հայ դասականների ու ժամանակից հեղինակների էլեկտրոնային գրքեր, ինչպես գլոբալ էլեկտրոնային գրախանութներում (Google Play, Kobo, Amazon, Smashword, iBookstore, OverDrive), այնպես էլ FBreader բջջային հավելվածում, հրատարակչության բլոգում ու Dasaran.am կրթական հարթակի արտադասարանական ընթերցանության բաժնում։ Գրքերը հարմար են էլ. գրքերի ընթերցիչներում (ebook readers) կարդալու համար։

9. Vlume բջջային հավելվածում կգտնեք էլեկտրոնային ու ձայնային գրքեր հայաստանյան գրեթե բոլոր հրատարակիչներից, թե թարգմանական, թե հայ հեղինակների։ Ի դեպ, այստեղ հրատարակություններ կան դասական ուղղագրությամբ, բավական հարուստ է արևմտահայ գրականության բաժինը։

10. «Գրքասեր» հասարակական կազմակերպությունը հայերեն ձայնային գրքեր է թողարկում 2015-ից: Այս պահին կայքում կա 600-ից ավելի աուդիոգիրք և 168,930 ձայնագրված րոպե:

Մարատ Յավրումյան
«Յավրուհրատ» էլեկտրոնային հրատարակչության հիմնադիր, արևալագետ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *