Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) հրապարակել է հեռուստառադիոընկերությունների կողմից հանրաքվեի քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի գները։ «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզարշավը պաշտոնապես սկսել է փետրվարի 17-ից և շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը:
Ամենաբարձրը Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունների եթերաժամանակի գինն է՝ 1 րոպեն արժե 100 հազար դրամ: Հանրային հեռուստաընկերության եթերաժամանակը կիսով չափ էժան է՝ րոպեն 50 հազար դրամ։
Հանրայինից 10 հազար դրամով թանկ է Հ2 հեռուստաընկերության եթերաժամանակը:
2015թ-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ 1 րոպեի գինը Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունների եթերում արժեցել է 110 հազար, իսկ Հանրային հեռուստաընկերությունում՝ 70 հազար դրամ:
Երկու հանրաքվեների ժամանակ նույն է եղել Երկիր մեդիայի հեռուստագովազդի գինը՝ 25 հազար դրամ (ԱԱՀ-ով): Նույն գնային սանդղակում է նաև Կենտրոն, ԱՐ, Նոր Հայաստան հեռուստաընկերությունների քաղաքական գովազդի գնային առաջարկները:
Համեմատաբար թանկ է Ա-ԹՎ-ի եթերաժամանակը՝ րոպեն 40 հազար դրամ: Ամենացածր գինը 5-րդ ալիքում է՝ 6900 դրամ:
Նախկին հանրաքվեի վճարովի եթերաժամանակի համեմատ այս քարոզարշավին մարզային հեռուստաընկերությունները վերանայել են իրենց գները և բոլորն ավելի բարձր գին առաջարկել:
Այսպես, մարզային հեռուստաընկերություններից ամենաթանկը Լոռու Ֆորտունայի եթերաժամանակն է՝ մոտ 22 հազար դրամ: Գեղաման, Ցայգը և Գյումրու Շանթը, Գալան նույն գնային միջակայքում են՝ համապատասխանաբար 12 հազար, 15 հազար, 12 հազար և 10 հազար դրամ։
Ամենացածր գինը Անկյուն գումարած 3-ն է առաջարկում՝ ըստ տեղադրման ժամերի 1200-1900 դրամ։ Նախորդ հանրաքվեի համեմատ մարզային հեռուստաընկերություններից միայն Անկյուն գումարած 3-ն է պահել նույն սակագինը, մնացածները բարձրացրել են գները մի քանի հազարով, որոշ դեպքերում կրկնակի:
Գների վերանայում է եղել նաև ռադիոընկերությունների մոտ, քարոզարշավի համար ամենաթանկ գինը Ռադիո Վանինը և Ռուսսկոյե ռադիոյինն է՝ 1 րոպեն 4200 դրամ: Նույն գնային սանդղակում է Ավտոռադիոյի, Հայ Էֆեմի, Ռադիո Հայի, Երևան Էֆեմի, Եվրոպա Պլյուսի եթերաժամանակը:
Ռադիոներից միայն հանրայինն է իջեցրել գինը՝ 3600-ը դարձնելով 1200 դրամ: Գինը պահել է միայն Շանթ ռադիոծրագիրը: Մնացած բոլորը բարձրացրել են գները:
Ընտրությունները լրացուցիչ եկամուտի առիթ են ստեղծում լրատվամիջոցների համար: Media.am-ը վերջին տարիներին հետևում է քաղաքական գովազդի տեսքով դեպի լրատվամիջոցներ ուղղվող ֆինանսական հոսքերին՝ նաև հասկանալու, թե որ հարթակներն են ավելի շեշտադրվում, որոնք ոչ այդքան: Սահմանադրական հանրաքվեի արդյունքում գոյացած դրամական միջոցների հաշվարկը պարզ կլինի քարոզարշավից օրեր անց։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: