2012.05.07,

Նյուսրում

Երեւանի մամուլի ակումբ. «Մեդիաները առաջընթաց են ապրել»

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) հրապարակել է հեռարձակող մեդիաների կողմից Ազգային ժողովի ընտրությունների ամբողջ նախընտրական շրջանի (ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը) լուսաբանման մոնիտորինգի արդյունքները:

Մոնիտորինգի համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում հեռարձակող մեդիաները քաղաքական ուժերի համար ընդհանուր առմամբ ապահովել են հավասար պայմաններ՝ ընտրազանգվածին ներկայացնելու իրենց ծրագրերն ու հայացքները:

«Սա չեն ժխտում նաեւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Երեւի մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ լուրջ բողոքներ չկան նախընտրական շրջանում լուսաբանման հետ կապված»,- ասում է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:

Մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրությունն առավել համաչափ է բաշխվել «Արմնյուզ» հեռուստաընկերությունում եւ Հանրային ռադիոյում: Կուսակցություններին հատկացված եթերաժամանակի առումով ամենամեծ տարբերությունն արձանագրվել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում, որտեղ բացարձակ առաջատարը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Մոնիտորինգի ենթարկված հեռարձակող մեդիաների հանրագումարված ցուցանիշներով՝«Հայաստանի հանրապետական կուսակցությունը» առաջատար է դարձել անդրադարձների հաճախականությամբ եւ եթերաժամանակով: Հաճախականությամբ եւ եթերաժամանակով մոնիտորինգի ենթարկված բոլոր մեդիաներով առաջատար եռյակ են կազմել «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունները:

Երեւանի մամուլի ակումբը գտնում է, որ մեդիաների գործունեության մեջ մեծ առաջընթաց է արձանագրվել՝ ի տարբերություն քաղաքական ուժերի վարքագծի, որոնք ոչ միշտ են մեդիաներին տեղեկացրել իրենց նախընտրական միջոցառումների մասին, երբեմն էլ խուսափել են մասնակցել քաղաքական բանավիճային հաղորդումներին:

«Բանավեճերին առավել քիչ ցանկություն ունեին մասնակցելու երեք քաղաքական ուժ`ՀՀԿ, Օրինաց երկիր, ՀԱԿ, եւ եթե նայեք գնահատական պարունակող անդրադարձների թվերը, կտեսնեք, որ հենց այդ երեք քաղաքական ուժերն են բացասական լուսաբանում ստացել, որովհետեւ եթե հրաժարվում ես գնալ եթեր, քո տեղը կարող է գալ հակառակորդդ եւ քո մասին վատ բաներ խոսել, ինչը անմիջապես անդրադարձ է ունենում արդյունքների վրա»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահը խնդիրներ է առանձնացրել նաեւ օրենդրական եւ մեդիա դաշտերում:

«Օրենսդրության հետ կապված շարունակում է անլուծելի մնալ նախընտրական քարոզչությունից դուրս քաղաքական գովազդի, քաղաքական ուժերի գործունեության կարգավորման հիմնահարցը: Իսկ լրատվական դաշտի խնդիրն այն է, որ լրատվամիջոցների սեփականատերերի քաղաքական կողմնորոշումը անդրադառնում է լրատվամիջոցների գործունեության վրա, ինչը բեւեռացված լուսաբանման պատճառ է դառնում»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Չհաշված բոլոր խնդիրները՝ ԵՄԱ նախագահը համոզված է, որ լրատվամիջոցների գործունեության մեջ նկատված դրական միտումները Հայաստանին հնարավորություն են տալիս քաղաքական բարեփոխումների առումով մեկ տարվա ընթացքում առաջատար դառնալ հետխորհրդային ողջ շրջանում՝ բացառությամբ մերձբալթյան երկրների:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *