Օսկար մրցանակաբաշխությունը ամենախոշոր մեդիա իրադարձությունն է, որը դիտում են բոլորը (գոնե հատվածաբար) ու քննարկում են նույնպես բոլորը, քանի որ կինոն բոլորի համար է:
Այն թե՛ ժամանց է, թե՛ կոնֆլիկտ կառուցող արվեստ, թե՛ սեփական մտքերի արտացոլման մակերես, որտեղ հաճելի է նայել, ինչպես հայելու մեջ:
Օսկարի լավագույն ֆիլմերի ընտրությունը, մաղումը ու հետագա առաջխաղացումը կանխատեսելը ուրախ գործ է: Է՛լ ավելի գրավիչ է հետևելը, թե ինչպես են Ամերիկյան կինոակադեմիայի ութ ու կես հազարից ավելի անդամները փորձելու որսալ ժամանակի քամին ու խութերն ու հռչակելու լավագույնին: Եվ, իհարկե, դա լինելու է քաղաքական ակտ:
Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր մի քանի տարի առաջ Օսկարը կտրուկ «սևանում», երբ զգում էր, որ չափազանց «սպիտակում» է (հաղթողների մաշկի գույնի տեսքով), ձեռք բերում գենդերային հավասարության նշաններ, հետո քաղաքականացվում ու նույնպես կտրուկ կերպով՝ ապաքաղաքականացվում:
#Oscars2020 –ը անկասկած լինելու է ամենահետաքրքիրներից, քանի որ գլխավոր «Լավագույն ֆիլմ» անվանակարգում քիչ են անցողիկ, իմիջիայլոց ուղերձով ֆիլմեր: Ընդհակառակը՝ այս տարի կարծես փորձ է արվել թեկնածուական ցուցակում ընդգրկել պես-պես, զանազան ֆիլմեր:
Անգամ թույլ տալով, որ իրեն մեղադրեն նախապատվությունը «սպիտակ տղամարդկանց» կինոյին տալու համար:
Քաղաքական կոռեկտության մոլուցքը, որը տիրում է այսօրվա Հոլիվուդում, արժեր համարել անցած փուլ:
Նաև ուռճացված բյուջեով նկարահանված (հետևաբար կոմերցիոն շահի ու դիտումների քանակից կախում ունեցող) ֆիլմերի կողքին դնել նոր, հանդուգն, պրովոկատիվ ու սակավաբյուջե կինոարտադրանքը:
Եվ ստացվեց, որ #Oscars2020 –ի լավագույն ֆիլմերի հավակնորդների ցանկում շատ տարբեր բաներ հայտնվեցին՝ դասական ու կարկառունից մինչև չարաճճի ու հեգնական: Անհարթ ցուցակ է, այնպես, ինչպես կյանքը՝ բազմաժանր ու խառը:
2020-ի Օսկարի հավակնողների ցանկում հարավկորեական «Մակաբույծները» (Parasite) ֆիլմի հայտնությունը փոքր ռումբ է:
Նախ՝ որովհետև այն խախտում է Օսկարի կանոնները, որոնց համաձայն՝ հիմնական անվանակարգերում չեն կարող լինել ֆիլմեր օտար լեզուներով: 92 տարվա ընթացքում ընդամենը 12 ֆիլմ է հաղթահարել Օսկարի լեզվական արգելքն ու դրանից ոչ մեկը չի համարվել լավագույն (չհաշված ֆրանսիական համր «Արտիստը», որն ընդհանրապես հրաժարվել էր լեզվից):
Բայց կորեական գրոտեսկային ու նյարդային «Մակաբույծները»(ռեժիսոր Պոն Չուն Հո) ֆիլմը ոչ միայն ունեցավ փառատոնային լավ «հունձք» Կաննում, այլև դիտվեց ու սիրվեց ողջ աշխարհում առաջին հերթին թարմ ու անսպասելի կառուցվածքի շնորհիվ:
Այնպես, ինչպես այս ֆիլմում են ճոճվում ու սերտաճում իրար հակասող ժանրերը (դրամա, սարսափ, կատակերգություն և էլի մի քանիսը), թեմաների մակարդակներն ու հերոսների դիրքերը, երևի ոչ մի այլ ֆիլմում չենք տեսել:
Հարուստների ու աղքատների, ագրեսիայի ու հնազանդության, առօրյայի ու սյուրռեալիզմի, լավի ու վատի մակերեսները գլխիվայր շրջված են այս գլուխկոտրուկ ֆիլմում:
Եվ կա ամենակարևոր հարցը՝ աշխատե՞լ, թե՞ չաշխատել: Դա հիմա լինել թե՞ չլինելու տրամաչափի հարց է: Դարի հարց է, որը ցավ է պատճառում ու դառնում գրոտեսկ:
«Մակաբույծները» կարծես ցնցում ու հեգնում են բոլոր այն թեմաները, որոնցից սնվում է կինոն, ինչպես պարազիտ օրգանիզմը՝ կաթնասունի մաշկից:
Ու թեև այս սոցիալական սև կատակերգությունը քիչ շանս ունի Օսկարի արձանիկի արժանանալու (որպես լավագույն ֆիլմ), բայց երանությամբ մտածում ես՝ բա՞ որ հանկարծ, իրոք…
Լավագույն ֆիլմ հռչակվելու հերթին են սպասում 9 ֆիլմեր, որոնց շարքում են լավ սարքված ու պարզ կառուցվածքով աշխատանքները: Նոր բան չկա, կա հերթական թեմայի «մակաբույծ», գեղեցիկ ու պրոֆեսիոնալ ներկայացումը:
Օրինակ, ինչպես Մարթին Սքորսեզեի երկարաշունչ «Իռլանդացին» (The Irishman), որտեղ 1950-60-ականների մաֆիայի հերթական արկածներն են ստեղծում ծերացած ռահվիրա դերասանները:
Կամ Գրետա Գերվինգի «Փոքր կանայք» (Little Women) ֆիլմը՝ ամերիկյան հայտնի վեպի հերթական (խելացի) էկրանավորումը, որն արդեն հարմարեցված է մեր ժամանակներում կանանց դերի ու հասունացման մասին խոհերին:
Կամ «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի» (Ford vs Ferrari) ավտոմրցավազքային մելոդրաման: Ճիշտ կլինի ասել, որ սա ֆիլմ է ոչ թե երկու հզոր մեքենաշինական ընկերությունների կոնֆլիկտի, այլ մարդու ու կորպորացիայի մասին: Խելառ ու քաջ ավտովազքի օդաչուները ստիպված են հաղթահարել բյուրոկրատիան, ինտրիգները, Հենրի Ֆորդ կրտսերի քմահաճ որոշումները:
Բայց մեծ հաշվով այս ֆիլմի կառուցվածքը այնքան պարզ ու ոչ հավակնոտ է, որ անգամ պատմելի չէ: Փոխարենը՝ մանրակրկիտ ստեղծվում են ավտովազքով զառանցող երազողների կերպարները: Իսկ հանդիսատեսը սկսում է հիանալ 1960-ականների ավտովազքի հմայիչ ռետրո դետալներով ու հասկանալ, թե ինչպես են աշխատում շարժիչը, արգելակները, ինչ է քամու դիմադրության հաղթահարումը, թափքերն ու ձիաուժերը:
«Ամուսնության պատմություն» (Marriage Story) ֆիլմը ռեժիսոր Նոա Բաունբախը նկարահանել է որպես ամուսնալուծության կամերային էպոպեա՝ չավարտված կապի ու փաստաբանների անխուսափելի միջամտության մասին: Զգայուն այս դրաման դերասանների շնորհքն է, նրանք դուրս են գալիս իրենց բաժանումից դատարկված ու նաև ազատագրված:
Նոր բանն այս սյուժեում այն է, որ կինն ու տղամարդը հավասարապես են կորցնում ու ձեռք բերում, քանի որ հիմա տոտալ սեռական ու սոցիալական հավասարություն է: Նաև զգացմունքների հավասար բաշխում է:
«Ջոջո ճագարը» (Jojo Rabbit) անսպասելի ֆիլմ է, որտեղ աբսուրդը, հումորը, նացիզմը, Հիտլերն ու մանկությունը փորձում են լեզու գտնել: Թատերականացված ու երգիծական այս ֆիլմը նկարահանել է Թայկա Վայթիթին (ինքն էլ կատարել է երևակայական Հիտլերի դերը):
Գլխավոր հերոսը երեխա է, որը ընկալում է ֆաշիզմն ու հրեաների ստորադաս վիճակը որպես փաստ, հետո փոխում է կարծիքը: Միտումնավոր պարզեցրած ու թեթևամարս ձևացող այս ֆիլմը, իրոք ծիծաղելի է: Իհարկե, ֆաշիզմը ծիծաղով հաղթահարելը, նորություն չէ, բայց Ջոջո անունով տղան ստիպում է հանդիսատեսին նայել աշխարհին որպես պրոպագանդայի զոհ:
Իսկ պրոպագանդայի զոհերը ծիծաղելի են:
Մանավանդ, երեխաները, որոնք հայրենասիրական ու նացիստական ճառերը ընկալում են որպես հեքիաթ ու հավատում են մանկական սրտի ողջ եռանդով: Հետո հեքիաթը (նաև ֆաշիզմը) անցնում-գնում է:
Հետաքրքիր է, որ Օսկարը լավ զգում է լսարանի սպասումները: Նետում կրքի գիրկը, ինչպես Թոդ Ֆիլիփսի «Ջոքեր» (Joker) ֆիլմում, կամ ընդհակառակը գրավում ոչ թե կրքով, այլ քնքշանքով, ինչպես Սեմ Մենդեսի «1917»-ում:
«Ջոքերը» քաոսով քաոսը հաղթահարելու, իսկ «1917»-ը՝ քաոսում հենման (քնքուշ) կետեր տեսնելու մասին է:
1917-ի պատերազմի մասին դրաման նկարահանված է գեղեցիկ ու սլացիկ, այնպիսի օպերատորական հմտությամբ, որ չեն երևում մոնտաժային հնարքները, այլ երևում է ընթացքը, վազքը: Ու հանդիսատեսը մտնում է այդ վազքի մեջ՝ առանց աչքը թարթելու նայելով փոքր մարդկանց պատմությանը պատերազմական դեկորացիաների մեջ: Ֆիլմը տեխնիկական սենսացիա է, իսկ սյուժեն՝ դասական (փախուստ քաոսից դեպի մարդասիրություն):
«Ջոքեր»-ը՝ հակառակն է: Սյուժեն՝ կրակ է, հնարքը՝ սևեռումը ներքին խարույկի վրա, որտեղ մարդասիրությունը մոխրանում է:
Ստացվում է, որ մարդիկ մնում են մարդ կամ մարդիկ վերածվում են հրեշների:
Օսկարը կարող է ընտրել թե՛ առաջին, թե՛ երկրորդ ուղերձը: «1917»-ը լավագույն ֆիլմ դարձնելը հեշտ ճանապարհ է, «Ջոքերը»՝ բարդ: Է՛լ ավելի բարդ ճանապարհ կլինի, եթե հնչեղ մրցանակը բաժին հասնի կորեական «Մակաբույծներին»:
Եթե Օսկարը որոշի կոմպրոմիսային տարբերակ ընտրել, ապա Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմը հարմար տարբերակ է: Այն շատ պահպանողական, կինեմատոգրաֆի հանդեպ սիրով, իրոնիայով ու ակնածանքով լցված ֆիլմ է, որտեղ իրականն ու երևակայականը դժվար բաժանելի են:
Հիմա կարծես ամենից մեծ պահանջարկն ունեն տարօրինակներն ու իսկապես ասելու բան ունեցողները: Իրականում, դա նույն բանն է, պիտի տարօրինակ լինես, որ տարբերվես ու գնահատվես:
Ու կարողանաս այնքան ընդլայնել ժանրերի սահմաններն ու միահյուսել իրար, որ սպանես «ժանր» բառը՝ թողնելով միայն սեփական դրոշմով արտադրանքը:
Օրինակ, ինչպես «Գրեմմի» մրցանակաբաշխության հայտնություն ու արձանիկների չեմպիոն Բիլլի Էյլիշը, որը ոչ մեկին նման չի: Ինքն է, որ կա՝ իր տվայտանքներով, հագնվելու ոճով ու ձայնային տվյալներով:
Նրա պարգևատրումը անսպասելի էր ու միաժամանակ՝ սպասված:
Հասկանալի է, որ միշտ ավելի հեշտ է վաճառել այն, ինչն ունի հստակ նկարագրություն: Կինոյում դա օրենք է: Իսկ մրցանակաբաշխությունները նկարագրության (նաև ինստրուկցիայի) երաշխավորողներն են: Չափ են դնում:
Օսկարը սահմանելու է իր չափը փետրվարի 9-ին:
Ասենք, լավագույն դերասան կհամարի Խոակին Ֆենիքսին («Ջոքեր»), դերասանուհի՝ Սքարլեթ Յոհանսենին («Ամուսնության պատմություն»): Կամ էլ՝ ոչ նրանց:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: