2020.02.04,

vox populi

Կապի շուկայում փոխվում են խաղացողները

Հայաստանի հեռահաղորդակցույթան շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկը՝ Beeline ապրանքային նշանի տակ գործող ՎԵՈՆ Արեմենիա ընկերությունը, կարող է ամբողջությամբ անցնել մի այլ օպերատորի՝ Յուքոմ ընկերության, սեփականության տակ։

Ինչպիսի՞ հետևանքներ դա կարող է ունենալ շուկայի համար։ Չի տուժի, արդյո՞ք, շուկայական մրցակցությունը։ Ի՞նչ կարող է անել պետությունը շուկայի համակենտրոնացման հնարավոր բացասական հետևանքները նվազեցնելու համար։ Այս վերլուծությունը նվիրված է այդ հարցերի պատասխանները գտնելուն։

Ինչպես հայտնի դարձավ լրատվամիջոցներից, ՎԵՈՆ Արեմենիա ՓԲԸ միակ բաժնետեր, ռուսական Վիմպելկոմ ընկերությունը և Յուքոմը արդեն ներկայացրել են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին համակենտրոնացման մասին հայտարարագիրը և սպասում են, թե ինչ որոշում կընդունի հանձնաժողովը։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համակենտրոնացում են համարվում մեկ ընկերության կողմից մյուս ընկերության զգալի չափով մասնաբաժնի կամ ակտիվների ձեռքբերման գործարքները։

Ըստ էության՝ հանձնաժողովը պետք է պարզի մեկ հարց՝ կարո՞ղ է համակենտրոնացման արդյունքում կողմերից որևէ մեկը ձեռք բերել շուկայում գերիշխող դիրք կամ ամրապնդել այն:

Այդ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովը կարող է ընդունել տարբեր որոշումներ՝ մերժել նման գործարքը, թույլատրել այն առանց որևէ պայմանների կամ թույլատրել շուկայական մրցակցության երաշխիքները ապահովող պայմաններով։

Թե որոնք են այդ պայմանները այս կամ այն համակենտրոնացման գործարքի դեպքում, պետք է որոշի հանձնաժողովը՝ ելնելով տվյալ շուկայի առանձնահատկություններից։

Օրենքի նույն հոդվածի համաձայն՝ որոշում ընդունելիս հանձնաժողովը պետք է հաշվի առնի այն, թե արդյո՞ք համակենտրոնացման արդյունքում կստեղծի շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ կամ որևէ ընկերություն ավելի կամրապնդի արդեն գոյություն ունեցող իր գերիշխող դիրքը։

Շուկայում գերիշխող դիրք է համարվում այս կամ այն ընկերության կողմից զգալի ծավալների (մեկ երրորդի չափից ավելի) ապրանքների կամ ծառայությունների վաճառքի կամ սպառման վերահսկողությունը։

Օրինակ, այսօր շարժական կապի շուկայում նման դիրք ունեցող կարող է համարվել Վիվասել ՄՏՍ ապրանքային նշանի տակ գործող Ղ-Տելեկոմ ընկերությունը, իսկ ամրակցված (ֆիքսված) հեռախոսային կապի շուկայում՝ ՎԵՈՆ Արմենիան։

Պետք է ասել, որ հեռահաղորդակցության շուկայում բավականին հաճախ են տեղի ունենում համակենտրոնացման գործարքներ։

Այդպես 2015-2016 թվականներին Յուքոմ ընկերությունը ձեռք էր բերել ֆրանսիական Օրանժը, իսկ դրանից մի քանի տարի առաջ՝ Այքոն, Ինտերակտիվ, Նեթսիս ընկերությունները, ինչպես նաև ինտերնետ ծառայություններ մատուցող մի շարք այլ մանր ընկերություններ։

Համակենտրոնացման գործարքներ ունեցել է նաև Ղ-Տելեկոմը, որը ժամանակին ձեռք է բերել Կորնետ ընկերությունը, իսկ վերջերս նաև նախկին Էյ-Դի-Սի ընկերության ակտիվները։

Սակայն բոլոր թվարկած գործարքների արդյունքում գերիշխող դիրքի ձեռքբերման կամ ամրապնդման վտանգ չկար։

Թե՛ Յուքոմի կողմից Օրանժ ընկերության ձեռքբերումը, թե՛ Ղ-Տելեկոմի կողմից Կորնետ ընկերության ձեռքբերումը ու հետագայում սնանկ ճանաչված  Էյ-Դի-Սի ընկերության ակտիվների գնումը, չէին առաջացնում նման վտանգ։

Հակառակը, գնելով ու միացնելով Օրանժը, Յուքոմ ընկերությունը վերացրեց ՎԵՈՆ Արմենիայի՝ որպես ունիվերսալ հեռահաղորդակցության շուկայում բոլոր տեսակի ծառայություններ մատուցող ընկերության մենաշնորհը։

Նույնը վերաբերվում է Ղ-Տելեկոմի ձեռքբերումներին՝ դրանք որևէ կերպ չէին ամրապնդում ընկերության գերիշխող դիրքը, քանի որ գնված ընկերությունների մատուցված ծառայությունները շարժական կապի ծառայություններ չէին, այլ ինտերնետ հասանելիության։

Նման համակենտրոնացումները կոչվում են հորիզոնական ու սովորաբար նվազ վտանգավոր են մրցակցությունը խափանելու տեսանկյունից։

Չնայած լինում են դեպքեր, երբ համակցված շուկայում գործող ընկերության ձեռքբերումը կարող է ամրապնդել ընկերության գերիշխող դիրքը մեկ այլ շուկայում։

Նման օրինակ կարող է լինել գերիշխող դիրք ունեցող ամրակցված ցանցի օպերատորի կողմից որևէ խոշոր կամ մալուխային հեռուստատեսության օպերատորի ձեռքբերումը։

Ցանկացած դեպքում՝ հանձնաժողովը պարտավոր է գնահատել թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց համակենտրոնացումները և դրանց հնարավոր հետևանքները շուկայում անհավասար մրցակցության և սպառողների իրավունքները վտանգելու տեսակետից։

Ինչպիսի՞ն է իրավիճակը Յուքոմի կողմից ՎԵՈՆ Արմենիայի ձեռքբերման դեպքում։

2019-ին պաշտոնապես հրապարակված ընկերությունների վերջին՝ 3-րդ եռամսյակի, հաշվետվությունների համաձայն՝ Հայաստանում էլեկտրոնային հաղորդակցության շուկաները ունեն հետևյալ կառուցվածքը։

Այդ հաշվետվությունների համաձայն՝ շարժական կապի ընդհանուր բաժանորդների քանակը (չհաշված զուտ ինտերնետ ծառայությունից օգտվողների) կազմում է մոտավորապես 3.5 միլիոն բաժանորդ։

Բաժանորդների թիվը գերազանցում է Հայաստանի բնակչությունը, քանի որ բնակչության մեծ մասն ունի մի քանի շարժական հեռախոսահամար։ Վիվասել ՄՏՍ-ը նշում է 2.2 մլն բաժանորդ, ՎԵՈՆ Արմենիան՝ 965 հազար, իսկ Յուքոմը՝ 475 հազար։

Ճշգրիտ գնահատական տալու համար անհրաժեշտ է գնահատել ոչ միայն բաժանորդների թիվը, այլև ծառայությունների համար վճարված գումարները։

Շարժական կապի ծառայություններից ստացված եկամուտները՝ ներառյալ շարժական ինտերնետ հասանելիության ծառայությունները (USB մոդեմների միջոցով մատուցվող), 3-րդ կիսամյակում կազմել են.

  • Վիվասել ՄՏՍ – 14.7 մլրդ դրամ,
  • ՎԵՈՆ Արմենիա – 6.1 մլրդ դրամ,
  • Յուքոմ – 5.2 մլրդ դրամ։

Դատելով շարժական հեռախոսակապի շուկայի պատկերից՝  ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը ձեռք բերելու դեպքում անգամ՝ Յուքոմի ընդհանուր բաժանորդների թիվը չի գերազանցի Վիվասել ՄՏՍ ընկերության բաժանորդների թիվը։

Իսկ ֆինանսական ցուցանիշների տեսակետից՝ Յուքոմի ու ՎԵՈՆ-ի համատեղ եկամուտը մոտավորապես 30%-ով զիջելու է Վիվասել ՄՏՍ-ին։

Այնուամենայնիվ, թե՛ բաժանորդների քանակի, թե՛ ծառայությունների մատուցման դիմաց ձեռքբերված եկամտի տեսակետից իրավիճակը փոխվելու է:

Եթե այսօր շարժական կապի շուկայում գոյություն ունի մեկ գերիշխող օպերատոր՝ Վիվասել ՄՏՍ-ը, ապա համակենտրոնացման արդյունքում կունենանք արդեն երկու գերիշխող տնտեսվարող սուբյեկտ։

Պարզ ասած, շարժական կապի շուկայի վրա համակենտրոնացումը , ամենայն հավանականությամբ, բացասական ազդեցություն չի ունենա։

Այլ իրավիճակ է ամրակցված (ֆիքսված) կապի շուկայում։

Նույն ժամանակաշրջանի հաշվետվությունների համաձայն՝ Յուքոմի ինտերնետ ծառայություններից օգտվողների թիվը կազմում է 110 հազար մարդ, իսկ ՎԵՈՆ-ի՝ 111 հազար։

Սակայն, ՎԵՈՆ Արմենիայի ձայնային լարային հեռախոսակապի բաժանորդների թիվը գրեթե վեց անգամ մեծ է Յուքոմի բաժանորդների թվից՝ 350 ու 58 հազար համապատասխանաբար։

Շուկայում երրորդ խոշոր խաղացողը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱՆ-ն (Ռոստելեկոմը), ունի ինտերնետ ծառայությունից օգտվող 53 հազար բաժանորդ ու ընդամենը 18 հազար ձայնային լարային հեռախոսակապի բաժանորդ։

Շուկայում գործում են նաև ինտերնետ ծառայություններ մատուցող բազմաթիվ փոքր ընկերություններ, որոնք այս կամ այլ կերպ կախված են խոշոր խաղացողներից և իրենց բաժանորդների քանակը չի գերազանցում 10 հազարը։

Ստացվում է, որ Յուքոմի կողմից ՎԵՈՆ Արմենիա ընկերության ձեռք բերման դեպքում, ամրակցված (ֆիքսված, լարային) կապի շուկայում կառաջանա մեկ խոշոր օպերատոր, որը հսկելու է շուկայի մոտավորապես 70%-ը։

Բացի այդ, ՎԵՈՆ Արմենիան, որը պատմական կապի օպերատոր է, վերահսկում է ոչ միայն ձայնային ծառայությունների շուկայի մեծ մասը, այլև գծային ենթակառուցվածքները՝ ստորգետնյա խողովակաշարերը և օդային լարանցման հենասյուները։

Խորհրդային տարիներին պետության կողմից կառուցված ու հետագայում վաճառված գծային ենթակառուցվածքների վերահսկողությունը միշտ հնարավորություն է տվել ՎԵՈՆ Արմենիա ընկերությանը պահպանել իր գերիշխող դիրքը լարային հեռախոսակապի ոլորտում։

Յուքոմի ու ՎԵՈՆ Արմենիայի համակենտրոնացումը միանշանակորեն լուրջ վտանգ է լարային կապի շուկայում թե՛ Ռոստելեկոմի, թե՛ ինտերնետ ծառայություն մատուցողներ բազմաթիվ այլ ընկերությունների համար։

Այսօր ձայնային ծառայությունների շուկայում հիմնական մրցակցությունը տեղի ունենում կորպորատիվ հատվածում՝ ձեռնարկություններին, պետական կառույցներին ու ուսումնական հաստատություններին մատուցվող հեռախոսային ծառայությունների տեսքով։

Համակենտրոնացումը հաստատ բացասականորեն կազդի այդ շուկայում գնային և որակական մրցակցության վրա։

Հայաստանում դեռ թարմ են հեռահաղորդակցության շուկայում մենաշնորհի հետևանքների մասին հիշողությունները և դժվար թե որևէ մեկը ցանկանա դրանց կրկնությունը։

Անհրաժեշտ է նաև նշել, որ ի տարբերություն այլ շուկաների՝ ինտերնետ ծառայությունների գնի կարգավորումը արգելված է «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքով (27-րդ հոդված) և Յուքոմը փաստորեն կունենա ոչ միայն գերիշխող դիրք, այլև շուկայում գին թելադրելու հնարավորություն։

Լարային կապը շատ մեծ նշանակություն ունի ռազմական ու ռազմավարական նպատակների համար։

Ոչ լիարժեք մրցակցությունը սովորաբար հանգեցնում է ենթակառուցվածքների դանդաղ զարգացմանը, ընդհանուր որակի անկմանը և ոլորտի թերի զարգացմանը։

Ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովի լուծումը, որը կապահովի շուկայի մասնակիցների իրենց սեփականությանը ազատ տնօրինելու իրավունքը և միևնույն ժամանակ՝ կպաշտպանի շուկայում վերջապես ձևավորված արդար մրցակցությունը։

Տարբերակներից մեկը շարժական կապի համակենտրոնացումը թույլատրելն է՝ պարտադրելով պահպանել լարային կապը որպես շուկայի առանձին սուբյեկտ՝ առանձնացնելով այն թե՛ շարժական, թե՛ Յուքոմին պատկանող ամրակցված ցանցի միջոցով մատուցվող ծառայություններից։

Համակենտրանացումը որոշակի պայմաններով թույլատրելու այս լուծումը միակ չէ, հանձնաժողովը կարող է ընդհանրապես արգելել ամրակցված կապի վաճառքը մեկ անձին ու պահանջել վերածել այն բաց բաժնետիրական ընկերության, ինչը կարող է Հայաստանի պայմաններում լինել լավագույն լուծում։

Իհարկե, կան այլ տարբերակներ, որոնք կիրառվել են Եվրամիության ու այլ երկրներում նմանատիպ համակենտրոնացման գործարքները հաստատելիս։

Հույս ունենանք, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովի որոշումը հաշվի կառնի այդ փորձը, և Հայաստանը կրկին չի հայտնվի մենաշնորհային ծուղակում։

Դավիթ Սանդուխչյան, իրավաբան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *