Մենք տրամադրվելով խոսակցություն սկսել մեր սերիալների հետ կապված խնդիրների և առաջին հերթին մեր սերիալների լեզվի հետ կապված խնդիրների մասին` ավելի ու ավելի հեռացանք մեր բուն նպատակից, և հիմա մեր բուն նպատակին վերադառնալով` չենք կարող չնշել, որ մեր սերիալների լեզվից բողոքում են գրեթե բոլորը` լեզվաբաններն ու գրականագետները, կինոգետներն ու բոլոր տեսակի մտավորականները, հարուստներն ու աղքատները, քաղաքացիներն ու գյուղացինները․
Ինչպես նաև նրանք, ովքեր առավոտից իրիկուն մեր սերիալների հերոսների բառապաշարով ու նրանց հնչերանգով են խոսում տանը, փողոցում ու աշխատավայրում․
Եվ իհարկե, նաև մեր այն լրագրողները, որոնք շարունակ դժգոհում են մեր սերիալներից ու հատկապես մեր սերիալների հերոսներին մարմնավորողներից, բայց ընդգծված հարգանքով ու պատկառանքով են հետները հարցազրույցի նստում, և, որ ամենահետաքրքիրն է, նրանց հետ խոսելով՝ երբևէ մեր սերիալների լեզվին չեն անդրադառնում:
Համաձանվեք, որ, այնուամենայնիվ, անդրադառնալ պետք է, հատկապես` մեր հայրենական սերիալների լեզվական խնդիրներին, և մեր սերիալների լեզվական խնդիրներին անդրադառնալով` ստիպված եմ վերստին իմ անձնական օրինակի վրա կանգ առնել, որովհետև մի քանի անգամ մեր հեռուստաընկերություններից պատվեր ստանալով` մի քանի անգամ ձախողվել եմ։
Ընդ որում` ձախողմանս մասին ոչ թե էդ սերիալների պատասխանատուներն են ինձ հասկացրել, այլ, ընդհակառակը, ես էդ գործն սկսելով ու էդ գործի մեջ մտնելով` ինքս եմ իրենց հասկացրել, որ ձախողվելու եմ, որովհետև էդ գործի մեջ մտնելով` անմիջապես հասկացել եմ, որ դա իմ գործը չի, և այդպես` մի քանի անգամ:
Եվ էդ մի քանի դեպքերում հասկացել եմ նաև, որ ժամանակակից սերիալ գրելու համար սյուժեի ու լեզվի խնդիրներն էնքան կարևոր չեն, ինչքան` համակարգչին տիրապետելը, որովհետև ժամանակակից հայկական սերիալը չափազանց արագացված պրոցես է, և ընդամենը սերիալի բովանդակային ու ստրատեգիական նախագիծն ու առաջին մի քանի սերիաները ներկայացնելուց և հեռուստաընկերության ու ռեժիսորի համաձայնությունն ստանալուց հետո սցենարիստը պիտի ռեժիսորի ու դերասանների հետ միանգամայն սինքրոն աշխատի ու հընթացս ստեղծագործի:
Եվ էս արագացված պրոցեսի պատճառը ոչ էնքան հեռուստաընկերությունը, ռեժիսորն ու դերասաններն են, ինչքան` հենց սցենարիստը, որովհետև մեր «քցողական» ժամանակներում որևէ սցենարիստ հարյուր պատրաստի սերիա չի գրի ու պատրաստի ներկայացնի, որպեսզի տվյալ հեռուստաընկերության համաձայնությունն ստանա:
Եվ դրանից էլ բացի, պատվերը տալուց հետո որևէ հեռուստաընկերություն չի նստի ու սպասի` մինչև սցենարիստը հարյուր սերիա գրի ու ներկայացնի, մանավանդ որ` որևէ սցենարիստ անորոշ ու անվճար չի նստի ու հարյուր սերիա գրի:
Այսինքն, միակ տարբերակը սցենարիստի, ռեժիսորի, դերասանների և հեռուստաընկերության համատեղ ու սինքրոն ստեղծագործելու ու արտադրելու տարբերակն է, ինչպես նաև` մաս առ մաս և փուլ առ փուլ վճարման տարբերակը, և դրա համար տվյալ սցենարիստը ոչ միայն պիտի չափազանց արագ աշխատի ու ստեղծագործի, այլև պիտի համակարգչո՛վ չափազանց արագ աշխատի ու ստեղծագործի և ստեղծագործածը իր իսկ համակարգչից տեղափոխի հեռուստաընկերություն, այսինքն` դեպքի վայր:
Եվ էս կարգի արագացման ու արագության պայմաններում, բնական ու տրամաբանական է, որ տվյալ սերիալը ոչ միայն սյուժետային ու բովանդակային առումներով պիտի տուժի, այլև` կերպարների ու տվյալ կերպարների լեզվի առումներով, որովհետև տվյալ կերպարների տիպականությունն ու տիպական լեզուն ապահովելու համար սցենարիստը պիտի ստեղծագործաբար չարչարվելու ու տքնելու բավական ժամանակ ունենա։
Եվ անձամբ իմ դեպքում էդ բավական ու բավարար ժամանակը հնարավոր չէր ապահովել, որովհետև անձամբ իմ դեպքում տվյալ սերիալի սցենարը նախ գրիչով էր գրվելու, հետո մեր ընտանիքի անդամներից մեկը համակարգչով մուտքագրելու էր դա, հետո մուտքագրածը վերստին աչքի էի անցկացնելու և դրանից հետո էլ մերոնցից մեկի միջոցով էդ վերջնական տարբերակը մեր համակարգչից ուղարկելու էի հեռուստաընկերության կամ ռեժիսորի համագարգչին:
Երևի դուք էլ հասկացաք, որ ես, որպես սերիալի սցենարիստ, պիտանի չեմ, որովհետև իմ մասնակցության դեպքում սերիալի յուրաքանչուր սերիա մի շաբաթ ձգվելու էր: Առնվազն մի շաբաթ:
Ու էդ մի շաբաթվա ընթացքում սերիալի հերոսների տիպականության ու լեզվի մասին մտածելու հնարավորություն ու ժամանակ չէի ունենալու, ու էդ է պատճառը, որ ամեն նոր սերիալի պատվերից հետո պատվիրատու հեռուստաընկերությունն ու ձեր խոնարհ ծառան սինքրոն` գրեթե միաժամանակ ենք հրաժարվում ու ձեռ քաշում իրարից։
Եվ եթե ճիշտ ժամանակին իրարից չհրաժարվենք ու իրարից ձեռ չքաշենք, հետո հաստատ իրարից նեղանալու կամ իրար նեղացնելու ենք, որովհետև նույնիսկ ամենաճոխ ու ամենագայթակղիչ հոնորարի դեպքում մարդ արարածն ի վիճակի չի կատարել անհնարինը:
Ինչպես տեսնում եք, էս անգամ էլ անձնական փորձիցս ու օրինակիցս խոսելով` չանդրադարձա մեր սերիալների լեզվին:
Մնա` մյուս անգամ:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: