2020.01.22,

Քննադատ

Սպանդանոցների թեմայի քաղաքակիրթ ու վայրենի կողմերը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Սպանդանոց» ու «մսավաճառ» բառերը 2020-ի սկզբից դարձան բողոքի հոմանիշներ: Ցույցերը կառավարության մոտ, ակտիվ մեդիա լուսաբանումը կարծես անվերջանալի են թվում:

Հատկապես, որ որոշ լրատվամիջոցներ լծվել էին բողոքող մսավաճառների ցույցերի այնպիսի ինտենսիվ մեկնաբանությանը, որ թվում էր դա համար մեկ խնդիրն է:

Իսկ պետական մարմինները անհուսալիորեն ուշանում էին բացատրություններով ու իրենց ապագա փոփոխությունների մասին մանրամասներով:

Հայտնի էր միայն, որ հունվարի 15-ից գործում են կենդանիների մորթի նոր կանոններ, որոնք ներմուծել է Մաքսային միությունն իր անդամ պետությունների համար, ըստ որոնց՝ արգելվում է կենդանիների (թռչունների, խոզերի, կովերի, ցլերի, ճագարների) մորթը տնային տնտեսություններում: Հունվարի 15-ից մորթը պարտադիր պետք է տեղի ունենա սպանդանոցներում, որոնք անցել են պետական գրանցում:

Բայց խնդիրն այն էր, որ հնարավոր չէր պարզել սպանդանոցների իրական քանակը, անգամ հենց ոլորտի պաշտոնյաներն էին նշում տարբեր թվեր:

Միգուցե պատճառն այն էր, որ հստակ չէր արդեն գործող, դեռ գործել պատրաստվող ու առայժմ նախագծային փուլում եղած սպանդանոցների քանակը:

Այն, ինչ արեց «Հետք» հետաքննական հարթակը հունվարի 22-ին, դեռ մեկ ամիս առաջ պետք է արած լինեին (իսկ ավելի լավ է, արած լինեին ամիսներ առաջ) ՀՀ պետական մարմիններն ու տեսչությունները, որոնց ուղիղ պարտականությունն էր ներկայացնել կենդանիների մորթի ու սպանդանոցների դերի մասին օգտակար, կիրառելի ինֆորմացիան:

«Հետքն», ի վերջո, կարողացավ պեղել ու գրաֆիկների վերածել սպանդանոցների ստույգ թվերը, հասցեներն ու աշխարհագրական բաշխվածությունը Հայաստանի տարածքում:

Օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին անցկացնում մսավաճառները, անասնաբույծները, ֆերմերային տնտեսությունների սեփականատերերն ու անհատ գյուղացիները՝ ակտիվ ու ագրեսիվ խոսելով խնդրի իրենց տեսանկյունի և ընդհանրապես… ամեն ինչի մասին:

Բողոք էր կառավարության դիմաց, փակվում էին ճանապարհները, կրքոտ ելույթներ էին հնչում:

Որոշ լրատվամիջոցներ դրանք լուսաբանում էին մեծ պատրաստակամությամբ ու սիրով, իսկ որոշ լրատվամիջոցներ խոհեմաբար լռում՝ սպասելով պետական մարմինների հայտարարությանը:

Մի խոսքով՝ միակողմանի տեղեկատվություն էր սփռվում:

Տեսչական մարմինը պնդում էր, թե ցուցարարները ֆերմերներ չեն, այլ միջնորդ մսավաճառներ, որոնք ստվերային գերշահույթ են ստանում, իսկ ամեն ինչ հսկողության ներքո է:

Հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ «հունվարի 15-ից Երևանի խոշոր իրացման ցանցերն անցել են սպանդանոցային ծագման միս-մսեղիքի վաճառքի»: Լուրը տարածել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը (այդպես էր գրված կայքում, թեև այդպիսի նախարարություն այլևս չկա):

Իսկ հունվարի 17-ին կարդացինք, որ սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է:

Իրականում, շատ բարդ է հասկանալ պետական մարմինների դանդաղկոտության պատճառը, քանի որ սպանդանոցների քանակը անընդհատ վերանայվում էր ու տարբերվում՝ կախված այն բանից, թե ով է այդ մասին խոսում:

Տխուրն այն էր, որ դա անում էին օրենքը ուժի մեջ մտնելուց հետո միայն: Եվ դեռ խմբագրում քանակն ու սպանդանոց հասնելու պայմաններն ու վճարները:

Բնական է, որ սպանդանոցային պարտադիր մորթը ոչ միայն ավելի անվտանգ ու քաղաքակիրթ է, այլև ավելի ծախսատար ու ժամանակատար անասնապահների համար, քան բակային մորթը:

Բայց խնդիրը միայն գումարը չէ, այլ այն, որ սպանդանոցների քանակը բավարար չէ, կամ դրանք գտնվում են ֆերմաներից կամ օժանդակ տնտեսություններից բավականին հեռու: Եվ կենդանի կենդանիներին տանել-հասցնելը սպանդանոցներ կապված է ծախսերի հետ՝ տրանսպորտի, կենդանի քաշի կորստի, հավելյալ ժամանակի ծախսի հետ:

Այսպիսի վերնագրերով նյութեր էին տարածվում.

«Ցլին հլը փորձեք հանել ավտոն, սաղին կփռի գետնին». անասնապահների հետ հանդիպեց Գեորգի Ավետիսյանը»

«600 կիլանոց անասունին ո՞նց կարամ տեղափոխեմ բոյնի». գյուղացիները դժգոհում են սպանդանոցային մորթի պահանջից»

Մսավաճառը՝ Փաշինյանին. «Երբ իր հետ էինք, էդ սիգարետներն աչք չէին ծակում»:

Հունվարի 18-ին պաշտոնապես հայտարարվեց, որ այս պահին գործում է 38 սպանդանոց:

Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտարարել էր՝ հունվարի 15 -ից անցնում է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության, բակային մորթ չպետք է լինի։ Ցույցի դուրս եկածները պնդում են՝ ողջ հանրապետությունում ընդամենը 24 սպանդանոց կա, չեն կարող մի անասունն առնել ու կիլոմետրեր հաղթահարել։

Հունվարի 21-ին Սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի ղեկավարն ասաց, որ վաղվանից ակտիվ կաշխատեն համայնքների ղեկավարների հետ՝ իրազեկելու նրանց: Ստացվում է, որ սպանդանոցներին անցումը, որը նախապատրաստվել է դեռևս 2014-ից, հիմա նոր հասել է իրազեկման փուլ:

ՍԱՏՄ ներկայացուցիչները հաճախ են այս օրերին կրկնում, որ «հետքայլ չի լինի», որ պետք է դադարենք լինել հետադիմական» ու անցում կատարել ավելի քաղաքակիրթ մորթի պայմանների:

«Հետքայլ չի լինելու, որովհետև ես չեմ ուզում, որ մեր երկիրը հայտնվի միջնադարում»,- ասել էր ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը:

Հետքայլն ու առաջխաղացումը հետաքրքիր մանիպուլյացիաների տեղ են բացում:

Ամեն գնով սպանդանոցային պարտադիր մորթի կողմնակիցները օգտագործում են այն լուսանկարներն ու տեսագրությունները, որտեղ ամեն ինչ կեղտոտ է:

Ասվում էր, որ վերջ կտրվի այն իրավիճակին, որ «կեղտոտ, չսափրված, եղունգները չկտրած ղասաբները, որ գալիս են ու մորթ են իրականացնում»:

Մինչդեռ խնդիրը ավելի կոնկրետ էր, ոչ քաղաքակրթական կամ մոդեռնիստական, այլ զուտ տեխնիկական՝ ինչպե՞ս կազմակերպել մորթը նոր օրենքով առանց կորստի:

Հունվարի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասաց, որ «սպանդանոցների համակարգը բացի առողջապահական խնդիրներից, նաև երկրի ստանդարտի, վարկանիշի հարց է»:

Եվ միայն վարչապետն էր, որ ուժ ունեցավ ասելու, որ բողոքները արդարացի են, քանի որ սպանդանոցների քանակն ու խտությունը բավարար չէ:

Իսկ մինչ այդ լիազորություն ունեցող ցանկացած ոք փորձում էր համոզել, որ ամեն ինչ կարգին է:

Հունվարի 22-ին պարզ դարձավ, որ ամեն ինչ կարգին չէ ու դեռ պետք է քայլեր ձեռնարկվեն, որ սպանդանոցները ապահովված լինեն անհրաժեշտ տրանսպորտով ու երաշխիքներ ստանան, իսկ կառավարությունը հասցեական կֆինանսավորի այն սպանդանոցները, որոնք կընդլայնեն սպանդանոցների քարտեզը՝ լուծելով հասանելիության խնդիրը: Եվ դա կարվի մինչև հուլիսի 1-ը:

Սա առաջին անգամ էր, որ հայտնի դարձավ՝ պարտադիր սպանդանոցային մորթի ժամկետ է փոխվում մարզերում (բացառությամբ Երևանի խանութների ու սննդի օբյեկտների):

Փաստորեն «հետքայլը» լինելու է, բայց հանուն առաջընթացի:

ԱԺ-ում ասվեց նաև, որ մորթի այն ձևը, որը կար Հայաստանում հազար տարի առաջ, նոր Հայաստանում ընդունելի չէ:

Բայց թե՛ հին, թե՛ նոր օրենքների գործելու իրավիճակում՝ բակային մորթ կարելի է միայն մի դեպքում, եթե մատաղ եք անում: Հնարավոր է նաև 100 կամ 1000 կենդանի միաժամանակ: Քանակի մասին օրենքում նշում չկա, կա հղում ծեսին:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *