Հունվարի 9-ը Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:
Նրա կյանքի բոլոր շրջաններին ժամանակի մամուլն անդրադարձել է, սակայն ընտրովի:
Այսպես. սփյուռքի մամուլում հանդիպում են Փարաջանովին քաղաքական հայացքների համար հալածելու, նրա ֆիլմերը չցուցադրելու, նրա բանտարկության պատմությունները, մինչդեռ խորհրդահայ մամուլում հիմնականում նրա կինոֆիլմերի մասին կարծիքներ էին, «ռաֆինացված» հարցազրույցներ՝ առանց քաղաքական դիրքորոշում.
«Իմ ներշնչման ակունքներն են նույնիսկ պալեոլիթի շրջանի ժայռապատկերները, Ախթամարի բարձրաքանդակները, մանրանկարչությունը, Թորոս Ռոսլինի պատումները, Պիկասոյի «Գերնիկան», Անդրեյ Ռուբլյովը և Քոբերի որմնանկարների անհայտ հեղինակները:
Ուրիշ ուսուցիչներ ես չեմ ունեցել: Հետաքրքրել են ինձ պրիմիտիվիստ նկարիչները՝ Հանրի Ռուսսոն, Փիրոսմանին, Նիկիֆոր Պրիմոչենկոն և իմ վերջին հրապուրանքը՝ Արտավազդ Լորեցյանը»:
«Ի՞նչ ծրագրեր ունեք», – Գ. Յանկովսկայա-Միսակյանի հարցին Փարաջանովը պատասխանում է.
«Դժբախտաբար, ստուդիայի սցենարական պորտֆելում բացակայում են սցենարներ Մաշտոցի, Նարեկացու, Չարենցի, Թորոս Ռոսլինի, Սասունցի Դավթի, Կոմիտասի, Թումանյանի մասին: Պատճառն այն է, որ մեր նկարիչները, բանաստեղծները, գիտնականները միայն գոյակցում են Հայաստանի կինեմատոգրաֆիստների հետ և ոչ թե ակտիվորեն ստեղծում կինեմատոգրաֆիա» («Էկրան» 1969, N 5):
1974 թվականին Կիևի մարզային դատարանը Փարաջանովին դատապարտում է հինգ տարվա ազատազրկման.
«Անցեալ շաբթուն, Ռուսիո շարժապատկերի աշխարհին համբավավոր արտադրիչներէն Սերգէյ Փարաճանով կը ձերբակալուի Քիեւի մէջ՝ ընթացիկ շահադիտութեան եւ միասեռականութեան յանցանքներով, եւ կը դատապարտուի չորս տարուան պաշտօնական աքսորի…
Սերգեյ Փարաճանով հայ մըն է, որուն «Նռան գույնը» անուն ֆիլմը արգելքի տակ էր 1969 էն ի վէր եւ որ, սակայն, ցուցադրուեցավ անցեալ տարի, վերանայուելէ ենք, հակառակ Փարաճանովի կամքին: Խնդրոյ առարկա ժապաւէնը եզակիօրէն գեղեցիկ նկարահանումներու շարք մըն է, զօր արուէստի իր կատարելութեամբ կրնամ բաղդատել միայն Էյսանշթայնի «Que Viva Mexico»-ին (Էյզենշտեյն, «Կեցցե Մեքսիկան» – խմբ.):
…Իմ կարծիքով՝ Փարաճանովն ու Անտրէ Թարկովսկին (վերջինին «Անտրէ Րուպլեւ» անուն ֆիլմին ցուցադրութիւնը տակաւին արգիլուած է Ռուսիոյ մէջ, թևեւ ֆիլմը ծանօթ է արդեն Արեւմուտքին) միասնաբար կրնան ստեղծել խորհրդային շարժապատկերի աշխարհին երկրորդ ոսկեդարը ու կրնան մրցիլ Էյսանշթայնի ու Տովզհենքօյի (Դովժենկո-խմբ.) հետ» («Բագին», 1974, ապրիլ, N4):
Փարաջանովի բանտարկության հանդեպ միջազգային մամուլը ևս չափազանց ուշադիր էր, և սփյուռքի մամուլը հաճախ էր եվրոպական տարբեր թերթերից թարգմանություններ ներկայացնում.
«Քիեւի մօտիկ արգելափակման խիստ կեդրոնի մը մէջ կը հեծէ հայ շարժանկարի տաղանդաւոր վաչպետ Սարկիս Պարաճենեանը, որ միջազգային շրջանակներուն ծանօթ է Սերկէյ Պարաճանով անունով: Սովետական Միութեան մէջ ան կը պատկանի, այսպես կոչուած, «ընդդիմադիր» հոսանքին, որ կը համարձակի պետութեան պաշտօնական ուղեգիծէն դուրս ելլել եւ պահանջել ազատ եւ արժանապատիւ կեանքի իր իրաւունքը»:
Վենետիկում լույս տեսնող «Հայ ընտանիք» պարբերականը Փարաջանովի արվեստին և բանտարկությանը նվիրված այս հոդվածն արդեն պատրաստել էր տպագրության, երբ Մոսկվայից հասնում է ռեժիսորի՝ վաղաժամկետ ազատման լուրը.
«Այս յոդուածը գրուած էր եւ արդէն շարուած, երբ «Corriere dela Sera» թերթին 4 Յունուար 1978 թիւը, կարծէք, իբրեւ Ամանորի նուէր Հայութեան եւ բովանդակ գեղարուեստի աշխարհին, կ՛աւետէր Մոսկուայէ հասած թղթակցութեամբ մը, Սերկեյ Փարաճանովի ազատագրութեան լուրը» («Հայ ընտանիք», 1978, N 1-2):
Խորհրդային Հայաստանի մամուլում սկսեցին երևալ հարցազրույցներ Փարաջանովի հետ.
«Ժամանակին ես ուզում էի նկարահանել «Արա Գեղեցիկը»: Բայց «Արա Գեղեցիկը» այժմ հարկավոր չէ Հայաստանին: Նրան անհամեմատ ավելի «Սասունցի Դավիթն» է հարկավոր… «Արա Գեղեցիկն», այո, պատմական մեծ մելոդրամա է՝ խելահեղ սեր, հայկական առաջին գահակալի վեհություն:
Կգա Սոֆի Լորենը կամ մեկ ուրիշ հրաշագեղ կինոարարած, կհայտնվեն փղերը, կերևան ոսկեգանգուր Արա գեղեցիկն ու թավամազ Նինոսը, և ամեն ինչ կշողշողա՝ մարմարե ավազանները, շատրվանները, կապիկները, բաբելոնյան կախովի այգիները:
Բայց, ըստ իս, Հայաստանին և հայկական կինոյին այդ չէ այսօր, որ իրապես անհրաժեշտ է: Իսկ, այ, խստաշունչ լեռնալանջերը, քարերը, նժույգն ու ջլապինդ հեծյալը մեր մշտագո և այսօրվա Հայաստանն է…
Բայց «Սասունցի Դավթի» համար հարկավոր կլինեն հարյուրավոր արծաթե ու մետաղե դրոշմանիշներ, մի էշելոնի չափ ոչխարի մորթի, չդաբաղած գոմեշի կաշի՝ բծավոր, ինչպես հոլանդական ցուլերինն է: Հապա հնարժեք գործվածքներն ու կարպետնե՞րը: Հո կրեպդեշին կամ ատլաս չե՞ն գործածվելու: Դերասանների կամ բնորդների մի ամբողջ զորահավաք պիտի հայտարարվի, որ նրանց մեջ Դավթին նմանվող մեկին ընտրեն:
Եվ մոտ երկու հարյուր վարդագույն ծանրաքարշ ձիեր գնվեն ու բերվեն Հունգարիայից, որ Սասնա Ծռերը հեծնեն դրանց: Հը՛մ, այնպես եմ խոսում ֆիլմի մասին, կարծես վաղն ևեթ ինքս եմ սկսելու դրա նկարահանման աշխատանքները» («Նորից Փարաջանովի հետ», «Սովետական արվեստ», 1985, N 8):
Նման գաղափար Փարաջանովն, իհարկե, ուներ, սակայն «Հայֆիլմ» կինոստուդիայում անավարտ են մնացել «Խոստովանություն» ինքնակենսագրական ֆիլմի նկարահանումները, «Սասունցի Դավիթ», «Արա Գեղեցիկ», «Արարատ լեռան գանձերը», «Շուշանիկի նահատակությունը» և մի քանի այլ կինոսցենարներ կյանքի կոչելու մտահղացումները:
«Ի՞նչ կարծիք ունի համաշխարհային կինոյի, հայկական կինոյի մասին», – լրագրողների այս հարցերին Փարաջանովը պատասխանել է.
«Կա դեկորատիվ, սոցիալապես խորացված կինո: Որպես օրինակ՝ բերեմ Մոցարտի մասին նկարահանված «Ամադեուսը» (ռեժիսոր՝ Միլոշ Ֆորման – խմբ.): Գեղեցիկ է, շքեղ, տեղ-տեղ՝ նրբագեղ, բայց չկա հասարակության մեջ ստեղծագործողի դերի խոր ըմբռնում, իսկ, այ, Ֆելինիի «Եվ նավը լողում է», մեծ ողբերգություն է:
Ինձ անհասկանալի են այն կարծիքները, թե իբր այդ կինոնկարում հրաշալի ռեժիսորը կրկնում է ինքն իրեն, չի փնտրում նոր ուղիներ…
Հայկական կինոյի մասի՞ն. Հայաստանում կան հիանալի վարպետներ՝ Արթուր (Արտավազդ-խմբ.) Փելեշյանը, որը միանգամայն առանձնահատուկ կինոլեզու է ստեղծել, սքանչելի, նուրբ ու հայրենանվեր Հենրիկ Մալյանը, բառիս լավ իմաստով մոլի՝ Ֆրունզե Դովլաթյանը. ես գոհունակությամբ դիտեցի նրա «Մենավոր ընկուզենին»:
Կա որոնող Բագրատ Հովհաննիսյանը, որն աշխատում է արձակագիր Հրանտ Մաթևոսյանի գործերի վրա: Ուրիշներն էլ կան, բայց այդ երիտասարդները… Նրանց մեջ չեմ տեսնում առանց ետ նայելու՝ մարտի մեջ նետվելու համարձակություն:
Իսկ, ընդհանրապես, հայկական կինոյում զգում եմ հեղինակների ինչ-որ անջատվածություն, համերաշխության բացակայություն: Իսկ համերաշխություն կա վրաց գործընկերների մոտ…» («Ավանգարդ», 1988, փետրվարի 7):
1990-ի հուլիսի 21-ից հետո մամուլում արդեն Փարաջանովի հիշատակին նվիրված հոդվածներ էին:
«Փարաճանով՝ ծանր հիւանդ» («Ասպարէզ», Գլենդել, 1989), «Քանի մը տողով. Փարաջանովի՝ հիվանդության պատճառով Երևանում բացված ցուցահանդեսին ներկա չգտնվելու մասին» («Հորիզոն», Մոնրեալ, 1989) և այլն…
Փարաջանովի կյանքի մանրամասները չափազանց հետաքրքիր են: Հոդվածը պատրաստելիս՝ ընթերցեցի բանտից գրած նրա նամակները, ընկերների ներկայացրած չափազանց ինտիմ մանրամասները, ինքնախոստովանական ցուցմունքները, շատ այլ նյութեր: Պե՞տք էր դրանք ներկայացնել ընթերցողներին, թե՞ ոչ:
Ժամանակին դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը Մոցարտի կյանքից մի մանրամասն պատմեց, սակայն խնդրեց չհրապարակել դա. «Ով Մոցարտին գիտի, գիտի նաև այդ մասին, իսկ ով չգիտի, Մոցարտին կսկսի ընկալել նախևառաջ դրանով և նրա երաժշտությունը կհնչի արդեն ականջների կողքով»:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: