Երկար մտածում էի՝ ինչպես սկսեմ, որ ստիպեմ ընթերցողին ամբողջությամբ կարդալ տեքստը:
Առաջին դեպքում սկսել էի 7-րդ պարբերությամբ, կարդացի նախորդ տարվա մասնակիցների աշխատանքները, ետ եկա իմին ու սկսեցի մտածել, որ իմ բնագիտական ուսումն այս 6 տարիների ընթացքում ազդել է իմ պայծառ էմոցիաների վրա։
Խոսում եմ ինչ-որ գործիքի, դրա էներգիայի մասին, մինչդեռ ժամանակին ռոմանտիկ սցենարներով պատմություններ էի գրում։ Երևի պիտի լսեի մորս, որը ցանկանում էր տեսնել ինձ գրողի դերում:
Կոտրվեց, երևի, իմ մեջ ռոմանտիկան, հա՛, կամ դրան փոխարինելու եկավ մաթեմատիկական հետևություններով շարժվելու, ինչ-որ բաներ ապացուցելու սովորությունը։ Չէ, երևի բան դուրս չի գա։ Գնամ խոհանոց։ Սկսեմ շփվել մորս հետ, երևի խելացի կին է։
Մտնում եմ խոհանոց ու տեսնում, թե ինչպես է մայրս դատարկում պահարանը տարաներից, որոնց մեջ ինչ-որ պահից սկսած պետք է պահվեն մեր մեռած մրգերի պաշարները։
Միշտ չեմ հասկացել՝ ինչու՞ են շաքարը լցնում այդ հրաշքների վրա ու սպանում դրանց։ Դատարկում է, դատարկում ու ինչ-որ հսկայական տուփ է տալիս ինձ՝ ասելով, որ դա կոմբայն է։
Իմ հարցին, թե ինչու՞ է սովորության համաձայն թթու դրել օգտագործելու փոխարեն, չէ՞ որ ես օժիտ չեմ տանելու հետս, պատասխանում է, որ շատ է մեծ ու չի հավատում, որ ես սկսելու եմ ամեն առավոտ խմել թարմ քամած խնձորի հյութ։ Բայց, քանի որ զզվեցնում եմ իմ հիմարություններով, ինձ է տալիս տուփն ու ինստրուկցիան և գլուխն ազատում իմ հերթական մեղադրանքներից։
Հպարտ դեմքով, վստահ ու ինքնագոհ արտահայտությամբ վերցնում եմ թուղթն ու խնձորի հյութի մասին երազանքներով տեղափոխվում եմ հյուրասենյակ։ Անգլերենից այնքան էլ լավ չեմ․․․․
Ըըմ, խնձորի հյու՞թ, չէ՛, չեմ սիրում խնձոր։
Իսկ ի՞նչ կլինի, եթե այս ինստրուկցիան ամենևին էլ ճիշտ չէ, կամ ի՞նչ կլինի, եթե ես ունակ չլինեմ ճիշտ հասկանալու, կամ եթե ինձ միայն թվում է, որ հասկացել եմ, կամ եթե այս կոմբայնը պատրաստել են Ադրբեջանի հատուկ լաբորատորիայում, հատուկ սխալ ինստրուկցիան էլ դրել մեջը։
Դե չէ, իրականում ես ազգայնամոլ չեմ, ո՛չ ռասիստ եմ և ո՛չ էլ պառանոյայի հակում ունեմ։
Ինձ պետք էր ինչ-որ նախաբան գեղարվեստական ինստրուկցիայի մասին, որ իմ տեքստի սկիզբը չոր ու մաթեմատիկական չլինի։
Ես նպատակ ունեմ դրդել կարդալու իմ այս անհեթեթությունը, որովհետև նպատակ ունեմ հաղթելու։
Ինչի՞ս է պետք՝ կասեք դուք։ Կամ՝ չեք ասի, միգուցե ոչ մեկին էլ հետաքրքիր չեն իմ մտատանջությունները։
Բայց կասեմ, որ իրականում ինձ էլ հետաքրքիր չէ, թե ձեզ ինչ է հետաքրքիր։ Բում, սիրելի՛ս, այսպես է կառուցված այս աշխարհը։
«Աշխարհը ցուրտ է ու խաբուսիկ»,- կասեր մեր կողմից այս օրերին հայտնի հումոր դարձած Վանիկ Ղաղբաշյանը։
Հա, սովորություն ունեմ խոսքի ընթացքում օգտագործածս բառերով երգեր հիշել, շարունակել ու շեղվել թեմայից։
Մտածու՞մ եք, թե զիլ սովորություն է (միշտ շատ եմ սիրել ինչպես են «cool» բառը հայերեն թարգմանություններում «զիլ»-ով փոխարինում)»: Ես նույն կարծիքին եմ։
Մտածու՞մ եք՝ զզվեցնող է: Ընկերներս էլ նույն կարծիքի են։
Լավ, վերադառնամ թեմայիս, թե ինչու որոշեցի ինձ պառանոյիկ դարձնել ձեր աչքերում՝ պատմությանս մեջ կապ ստեղծելու ու հաղթելու համար։ Իրականում արդեն վաղուց ինձ համոզում եմ, որ ես այնքան էլ անտաղանդ ու անհաջողակ չեմ, ուղղակի այն տեղը, որտեղ հայտնվել եմ, ամենևին էլ իմը չէ, ես կարող էի լավ գրող դառնալ միգուցե։
Այսպիսով, ինձ ինքնավստահություն է պետք գոյատևելու համար։ Ու ես հորինեցի այս սկիզբը՝ իմ փիլիսոփայական գործիքի մասին հետևություններին գեղարվեստական շունչ տալու համար։
Հիմա նշեմ ստերը, որոնք հորինեցի գրելու ընթացքում։
Սուտ համար մեկ. գրելուս օրն ու մորս ձեռնարկած պահարանը վերահավաքելու օրը ամենևին չեն համընկնում, դա ավելի շուտ է եղել, քան որոշել եմ գրել։
Սուտ համար երկու. օժիտի մասին խոսակցությունները իմ մտքում են եղել։
Սուտ համար երեք. ես իրականում սիրում եմ մուրաբաները, մանավանդ ազնվամորու, իսկ մրգասպանության մասին կարծիքը լսել եմ ընկերուհուցս։
Դե, շատ հավանեցի, որոշեցի գողանալ, հետո մտածեցի, որ այս հրաշալի պատմությունս մնացածների նման հանձնելու եմ իր դատին և կուզենայի հետևել այն էմոցիաներին, որոնք կառաջանան նրա մոտ իմ գողության և հետո խոստովանության ժամանակ։ Ու էլի, ու էլի քեզ ներելու եմ․․․ Նորից այս հիվանդ սովորությունս:
Ու էլի, ու էլի ստեր՝ լիքը-լիքը։
Պատմությունս փոքր է, նպատակս՝ նույնպես, ստերս էլ էնքան մեծ չեն, կուտվեն, եթե համով չեն, մայրս ամառային կոմպոտ կսարքի շաքարով. սիրում եմ։ Լավ, հիմա եկեք մեծացնենք մասշտաբները. նպատակները խոշոր պետական մասշտաբների չափի են, ստերը կյանքեր խլող արդյունքների են բերում ու երբեմն խառնվում են շաքարի հետ ու ուտվում։
Հիմա կոչ իմ և ընկերուհուս կողմից. մի խառնեք ստերը շաքարին, շաքարը առողջությանը վնաս է, մի կերեք ստերը։
Այստեղ ավարտվում են գեղարվեստական ստերս ու սկսվում են մաթեմատիկական հետևություններս։
Ինչ մտածում եմ, ինչ ուզում եմ ասել, ինչ ինձ թվում է, որ ասում եմ, ինչ ասում եմ, ինչ դուք ուզում եք լսել, ինչ ձեզ թվում է, որ լսել եք, ինչ լսել եք, ինչ ուզում եք հասկանալ, ինչ հասկանում եք. այս ամենի միջև կանգնած է թյուրիմացություն առաջանալու 10 տարբերակ, բայց այնուամենայնիվ սկսեմ։
Սկսեմ Բերնարդ Վերբերի այս խոսքերով կամ այն մտքով, որ եթե իմանայինք՝ ինչքան են մեզ սխալ հասկանում, չէինք խոսի։ Առավել ևս այն դեպքում, երբ գիտենք, որ մեզ լսողները ավելի քան մենք ինքներս ենք։
Չէ՞ որ հաճախ մենք ինքներս մեզ չենք կարող ճիշտ հասկանալ։ Փորձենք հասկանալի խոսել, փորձենք ճիշտ հասկանալ, քանի որ մենք այն ենք, ինչ հասկանում ենք։
Մենք ամենուր լսում ենք «Մեդիան հզոր գործիք է» արտահայտությունը։
Եկեք նայենք այդ գործիքին գործիքը պատրաստողի տեսանկյունից և հասկանանք՝ ինչից է այն բաղկացած։
Ինֆորմացիան ինքնին իրենից ոչինչ չի ներկայացնում, քանի դեռ այն չի ընկալվել որևէ մեկի կողմից, այն գոյություն ունի ինչ-որ տեղ, և այդքանով ամեն ինչ ավարտվում է։
Երբ այն կարդացվեց, դիտվեց կամ լսվեց գոնե մի անձի կողմից, գործիքը սկսում է գործի դրվել։ Իսկ այդ գործիքի էներգիան, որով այն աշխատում է, ընկալող անհատի էմոցիաներն են։
Ահա մենք արդեն ունենք մի գործիք, որը ստեղծվել է մեդիայի կողմից, ունենք սպառող, որը ձեռք է բերել այդ գործիքը և օգտագործելու ընթացքում ներդնելով իր անհատական էներգիան՝ էմոցիաները և անհատական մտածմունքները՝ օգտագործում է այդ գործիքը ինչ-ինչ նպատակներով։
Հիմա հասկանանք, որ այդ գործիքը տրվում է գրեթե բոլորին՝ անկախ այն բանից, թե ինչ էներգիա են նրանք օգտագործելու այդ գործիքը գործի գցելու համար։
Մեդիան պատասխանատու չի լինի ոչնչի համար, եթե նա այդ գործիքը մատուցի ճիշտ եղանակով։
Եթե ես եմ մեդիան, ես եմ պատրաստել գործիքը, եթե ես չեմ ստիպում դիտավորյալ կերպով գազ լցնել այն գործիքի մեջ, որն աշխատում է հոսանքով և գազի դեպքում կվնասի ոչ միայն օգտագործողին, այլ նաև շրջակա միջավայրն ու մյուս անհատներին, պե՞տք է ինձ արդյոք այդ պատասխանատվությունը։
Բայց հիշեցնեմ նորից, որ գործիքը առանց օգտագործողի ոչինչ է։
Կուզենայի մի փոքր պատմել ինձ տպավորած ֆիլմի մասին, որն, ըստ իս, կեղծ ինֆորմացիայի անդառնալի հետևանքների մասին է: «Դեվիդ Գեյլի կյանքը» կամ մեկ սուտ երկու սպանություն բազմաթիվները կանխելու համար։
Ֆիլմի գլխավոր հերուսները բոլոր մանրամասնություններով ու փաստերով ստեղծում են մի պատմություն, որտեղ նրանցից մեկը սպանվողն է, իսկ մյուսը՝ մարդասպանը: Նրանք երկուսով պայքարում են մահապատժի վերացման համար, քանի որ հսկայական մաս են կազմում այն դեպքերը, երբ մահապատժից տարիներ հետո միայն մահապատժի ենթարկվածը արդարանում է։
Կարճ ասած՝ մեկն ինքնասպան է լինում, բայց ամեն կերպ ներկայացնում են փաստերով այնպես, որ մյուսը սպանել է, սպանության տեսանյութի առկայության մասին տեղյակ են լինում գործի ամբողջ ընթացքում և ոչինչ չեն անում այն գտնելու համար, այն միայն ներկայացվում է պատմության մասնակից 2 անձանց ընկերոջ կողմից մահապատժից հետո։
Առակս ինչ կցուցանե. կասկածի՛ր, ստուգի՛ր, մտածի՛ր տարածելուց առաջ։ Մի՛ կեր առանց ժամկետը նայելու, սուտը կարող է լայնամասշտաբ լինել, միջպետական, ինչին մենք հիմա ականատես ենք լինում ռուս-ուկրաինական մամուլում, երկու կողից էլ, երբ այս կամ այն լուսանկարները մատուցվում են որպես ներկայիս իրավիճակ, հայտնի մարդկանց սոցցանցերի մեկնաբանությունները աղավաղվում և օգտագործվում են:
Եվ այս ամենը, ինչպես և յուրաքանչյուր սուտ, ունի իր նպատակները, և այդ նպատակների համար օգտագործվում է ձեր Էներգիան։
Հիտլերն իր «Իմ մեղքը» ստեղծագործության մեջ նշում է, որ ամեն ինչ սկսվեց մամուլի նկատմամբ առաջացած իր կասկածներից, այն, ըստ նրա, կենտրոնացած էր սխալ մարդկանց ձեռքում և կիրառվում էր սխալ նպատակներով։
Գիրքը դեռ ամբողջությամբ չեմ կարդացել, բայց, ըստ իս, իմաստ ունի կարդալ նույնիսկ Հիտլերի տեսակետը, սեփական ուղեղով դատողություններ անելու համար:
Հ․Գ. Քանի որ ես հավատում եմ, որ փառքս առջևում է, շնորհակալ եմ սխալներս ուղղող ընկերուհուս և շաքարի մասին միտք տվողին։
Սոնա Մկրտչյան
ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող
Սոնա Մկրտչյանի էսսեն արժանացել է «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի առաջին մրցանակի
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: