2012.04.25,

Նյուսրում

Գորիսի «Շառավիղ» ակումբում երիտասարդ լրագրողներ են պատրաստում

Արդեն երկու տարի է Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամում գործում է երիտասարդ լրագրողների «Շառավիղ»  լրագրողական ակումբը:  Ակումբի աշխատանքները համակարգող լրագրող Իրինա Յոլյանն ասում է, որ փորձում են պատմել հասարակ գորիսեցիների կյանքի մասին, պատրաստել տեսանյութեր աղքատության մեջ ապրող ընտանիքների մասին:

«Մեր տեսանյութերից մեկը Գորիսում քարուքանդ տան մեջ 9 երեխա մեծացնող ընտանիքի մասին էր: Արձագանքներ եղան, ընտանիքին լրացուցիչ նպաստ նշանակվեց՝ 100 դոլարի չափով: Մեկ ուրիշ տեսանյութ էլ հաշմանդամի սայլակին գամված մի տղամարդու մասին էր, որը դեղորայքի կարիք ուներ: Տեսանյութից հետո, եղան մարդիկ, ովքեր պարբերաբար դեղորայք էին ուղարկում նրան»,- պատմում է Իրինան:

Ակումբում հիմնականում հավաքված են Գորիսի պետական համալսարանի  ուսանողները՝ 12 լրագրող եւ 4 օպերատոր:  Նրանցից մի մասը նախկինում լրագրությամբ չի զբաղվել:[[wysiwyg_imageupload:258:]] «Շառավիղ»-ը սեփական բլոգն ունի՝ sharavigh.blogspot.com: Այստեղ տեղադրվում են լրագրողների պատրաստած նյութերը: Բացի դրանից, Կապանի «Սոսի»  հեռուստաընկերությունը հեռարձակում է ակումբում  պատրաստած հաղորդումներն ու տեղական լուրերը:

Իրինա Յոլյանն ասում է, որ Գորիսում բարդ է լրագրողական ակումբ ստեղծելը՝ երիտասարդներն այդքան էլ հետաքրքրված չեն լրագրությամբ, «Երկար ժամանակ պահանջվեց, որ ակումբի անդամները հմտանան ու գործի անցնեն: Երբ ստեղծեցինք մեր բլոգը մտածում էինք, որ հաջողություն չենք ունենա, քանի որ պատրաստում էինք տեսանյութեր եւ կարծում էինք  որ  լավագույն տարբերակը հեռարձակելն է: Բայց կարճ ժամանակում հասկացանք, որ բլոգը  մի նոր հնարավորություն է գրելու այն ամենի մասին, ինչը մեզ հետաքրքրում է եւ մտահոգում»,- ասում է Իրինան:

Անուշ Առաքելյանն արդեն 5 ամիս է   լրագրողների ակումբի անդամ է: Գորիսի տարածաշրջանի Կոռնիձոր գյուղից է, Գորիսի պետական համալսարանի երրորդ կուրսում է սովորում եւ ապագա բանասեր է: Խոստովանում է, որ մինչեւ ակումբին անդամակցելը լրագրության հետ երբեւէ չի առնչվել, սակայն միշտ էլ սիրել է այդ մասնագիտությունը: Անուշն արդեն հասցրել է մի քանի հաղորդում եւ տեսանյութեր  պատրաստել: «Սկզբում չէի հավատում, որ կարող եմ: Ուժերիս վստահ չէի: Բայց երբ ինձ օգնեցին եւ մի քանի հաղորդում պատրաստեցի` սկսեցի  ավելի սիրել այս մասնագիտությունը, հպարտանում եմ, երբ տեսնում եմ աշխատանքիս արդյունքը»,- ասում է Անուշ Առաքելյանը:

«Շառավիղ»-ը նախընտրական այս շրջանում հետեւում է նաեւ քաղաքական անցուդարձին: Բլոգում տեղադրում են Գորիսում նախընտրական քարոզչություն իրականացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթները:

«Շառավիղ»-ում համերաշխ են աշխատում եւ մտադիր են նոր նախագծեր իրականացնել: Ասում են, իրենց միակ դժվարությունն այն է, որ  16 հոգանոց թիմն աշխատում է ընդամենը մեկ տեսախցիկով:

Մերի Սողոմոնյան, Գորիս


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *