Մեր օրերում սերիալները քննադատելն ամենաընդունված մոդան է: Քննադատում են մամուլում ու հեռուստատեսությամբ, քննադատում են գրեթե բոլորը` նայողներն ու չնայողները, ընդհանրապես չնայողներն ու թաքուն նայողները, մտավորականներն ու մտավոր պակասություն ունեցողները, բանվորներն ու գյուղացիները, տղամարդիկ ու կանայք, տղաներն ու աղջիկները եւ, իհարկե, առաջին հերթին ու բոլորից ավելի` մեր լրագրողներն ու լրագրողուհիները:
Հայկական ժամանակակից սերիալների մասին ամենից արհամարհական տոնով, իհարկե, մեր լրագրողուհիներն են խոսում ու գրում, բայց վերջերս մի քանի առիթներով հասկացա, որ մեր լրագրղների էդ արհամարհանքը միանգամայն կեղծ ու արհեստական է:
Իրականում առաջին իսկ առիթով մեր լրագրողները պատրաստ են հարցազրույց վերցնել մեր ամենաանհաջող սերիալների ամենաանհաջող դերասաներից անգամ, որոնց օրուգիշեր քննադատում, արհամարհում ու ծաղրում են:
Ընդ որում` երբ մեր լրագրողները որեւէ սերիալի մասնակից որեւէ դերասանից հարցազրույց են վերցնում, անմիջապես տեսնում ու հասկանում ես, որ խնդրո առարկա նյութին լավ էլ տիրապետում է լրագրողը, այսինքն՝ էդ հարցազրույցները կարդալով`հասկանում ես, որ մեր սերիալներն ու դրանց դերակատարներին ցանկացած առիթով ծաղրող ու արհամարհող դույն լրագրողը մշտապես նայում է դույն սերիալները եւ իրականում լավ էլ հարգանքով է վերաբերվում դրանք կերտողներին ու արարողներին, եւ դրանք հիմնականում էն լրագրողներն են, որոնք իրենց հարցազրույցներում սովորաբար հեգնանքով ու քամահրանքով են զրուցում մեր գրողների ու այլ մտավորականների հետ, եւ երբ որեւէ գրողի հետ են զրուցում, անմիջապես զգում ու տեսնում ես, որ տվյալ գրողի գրածներից բացարձակապես անտեղյակ են, նույնը եւ ճարտարապետների, գեղանկարիչների եւ արվեստի մյուս ճյուղերի գործիչների պարագայում, ու հիմնականում էդ է պատճառը, որ արվեստի մյուս ճյուղերի ներկայացուցիչների հետ հիմնականում քամահրանքով ու մուննաթով են զրուցում եւ հատկապես քաղաքական գործիչների ու առանձնապես Ազգային ժողովի պատգամավորների հետ են քամահրանքով ու մուննաթով խոսում, որովհետեւ, չնայած լրագրողի էս տեսակն իր օրվա մեծ մասը Ազգային ժողովի բուֆետում ու միջանցքներում է մսխում, պատգամավորի աշխատանքն էլ առանձնապես չի պատկերացնում, եւ, ըստ ամենայնի, լրագրողի էս տեսակն, իր աշխատանքային օրվա զգալի մասն Ազգային ժողովի բուֆետում ու միջանցքներում անցկացնելով, էնտեղ էլ է իր կոլեգաների ու պատգամավորների հետ ընդգծված արհամարհանքով արտահայտվում մեր հեռուստասերիալների մասին, եւ տարօրինակը ոչ թե դա է, այլ այն, որ մեր լրագրողները, մեր հեռուստասերիալների մասին ամենուր ու մշտապես ընդգծված արհամարհանքով արտահայտվելով, մշտապես տենչում են որեւէ սերիալի որեւէ քրեական հերոսից հարցազրույց վերցնել ու էդ հարցազրույցների ընթացքում հետներն ընդհանրապես չեն խոսում էն բաների մասին, որոնք մշտապես քննադատում են:
Մշտապես բողոքում ու դժգոհում են մեր հեռուստասերիալների լեզվից, բայց սերիալների հերոսների հետ էդ հարցազրույցներում սերիալների լեզվի մասին ընդհանրապես խոսակցություն չեն բացում, երեւի, կարծում են, թե լեզվի հարցերը ոչ թե դերասաններին են վերաբերում, այլ միայն սցենարիստներին, եւ հիմնականում պարզունակ ու երեխայական հարցեր են տալիս, օրինակ` «փողոցում մեր համաքաղաքացիները ձեզ ճանաչո՞ւմ են» կամ «փողոցում, երբ մեր համաքաղաքացիները ձեզ տեսնում ու ճանաչում են, ձեզ հարցեր չե՞ն տալիս» եւ կամ «փողոցում, երբ մեր համաքաղաքացիները ձեզ տեսնում ու ճանաչում են, ի՞նչ զգացողություն եք ունենում» եւ այլն եւ այսպես շարունակ, եւ ոչ մի խոսք սերիալների եւ կոնկրետ էդ սերիալի էդ հերոսի լեզվի ու էն ամենի մասի, որ մեր հեռուստասերիալները քննարկելիս իրար մեջ խոսում ենք, եւ ոչ մի խոսք էն մասին, թե ի՞նչ զգացողություն ունի տվյալ դերասանը հիմա՝ էս պահին, երբ հանկարծակի մի քանի ամսվա մեջ երթուղայինի շարքային պասաժիրից դարձել է արտասահմանյան ավտոմեքենայի տեր ու վարորդ:
Մեր լրագրողներին էսպես կշտամբելով` ինքս էլ շեղվեցի իմ բուն նյութից, որը պիտի վերաբերեր մեր հայրենական հեռուստասերիալների խնդիրներին եւ առաջին հերթին դրանց լեզվին, բայց, ինչպես տեսնում եք, դրանց բացարձակապես չանդրադարձա, չնայած՝ կարծում եմ՝ էս անդրադարձներս էլ ավելորդ ու անկարեւոր չէին:
Ինչ վերաբերում է մեր հեռուստասերիալների լեզվական եւ այլ խնդիրներին, դրանց կփորձենք անդրադառնալ առաջիկայում:
Ինչպես տեսնում եք, մերն էլ է սերիալի պես բան ստացվում:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: