Հայաստանում մեդիասպառման մասին նոր հետազոտություն է արվել: Երևանում և մարզերում անցկացված հարցումները ցույց են տվել, որ հեռուստատեսությունը շարունակում է մնալ Հայաստանում ամենաշատ սպառվող տեղեկատվական աղբյուրը: Թեև նախորդ տարիների համեմատ 2019թ-ին հեռուստատեսությամբ տեղեկատվության ստացման մակարդակը նվազել է:
Հետազոտությունն անցկացրել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը (CRRC):
2019թ-ի մայիս-հունիս ամիսներին անցկացված հարցմանը մասնակցել է 1200 քաղաքացի: Նման հարցումներ անցկացրել են նաև 2015 և 2017թթ-ին և ՄՆԿ-ի համար եղել են ներքին աշխատանքային գործիք:
Տարբեր տարիների տվյալների համադրումը թույլ է տվել մեդիա դաշտի սպառման ավելի ամբողջական պատկեր ստանալ, տեսնել մի քանի տարիների դինամիկան: Նաև հաշվի առնել քաղաքական փոփոխություններն ու հասարակության սպասելիքները:
«Դաշտում նման հետազոտության կարիք կար, կարծում եմ, որ այն կօգտագործվի, հարցեր կառաջացնի և նոր հետազոտությունների աղբյուր կդառնա»,- ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Նա կարևոր է համարում, որ այս հետազոտության միջոցով առաջին անգամ Հայաստանում փորձ է արվել պարզել քաղաքացիների գիտելիքները մեդիագրագիտության մասին՝ որպես բազային հետազոտություն:
CRRC-ի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանն ասում է, որ հասարակությունն ինքնաբնութագրվում է մեդիայի միջոցով.
«Հետազոտելով մեդիան, հասկանում ենք, թե ինչպես է ինքն իրեն տեսնում հասարակությունը: Կարևոր է, որ մենք ներկայացնում ենք տարբեր տարիների հետազոտությունների արդյունքներ, այդ իմաստով տվյալների վավերացման հնարավորություն ունենք»:
Ըստ Բալասանյանի, խնդիրը հանրության մեդիադաշտի ընկալումն է, քանի որ հանրությունը տարբեր կերպ է պատկերացնում մեդիան, տարբեր հիշողություն ու գնահատական ունի, որոնք հաճախ ամբողջապես տարբերվում են մեդիա փորձագետների ընկալումներից:
Հետազոտության հիմնական եզրակացությունները՝ թվերով
«Քաղաքացիների տեղեկատվության աղբյուրները» հետազոտության առաջին մասն է:
Ըստ հարցման՝ Հայաստանում երկրորդ ամենասպառվող տեղեկատվական աղբյուրը սոցիալական ցանցերն են և համացանցը ընդհանուր առմամբ: Դրանց օգտագործումը վերջին տարիներին դարձել է զանգվածային: Առաջին տեղում շարունակում է մնալ հեռուստատեսությունը:
Համացանցի օգտագործման մակարդակն աճել է՝ 2015թ-ի 30%-ի համեմատ 2019թ-ին կազմել է 57%: Համացանցից օգտվող հարցվածների 17%-ն առցանց նորություններ ստանում է սկզբնաղբյուր կայքերից, իսկ 83%-ը՝ սոցիալական ցանցերից: Հարցվածների մեծամասնությունը՝ 55%-ը, պատասխանել է, որ համացանցում նորություններ չի կարդում:
Ըստ հարցման մասնակիցների՝ ամենահաճախ այցելվող կայքերն են News.am-ը, Azatutyun.am-ը, Shamshyan.com-ը և Tert.am-ը:
Հայաստանում համացանցի սպառողների 96%-ն օգտվում է սոցիալական ցանցերից: Ամենաշատ օգտագործվող սոցցանցերն են Յություբն (87%) ու Ֆեյսբուքը (83%), այնուհետև Ինստագրամն (32%) ու Օդնոկլասնիկին (28%): Օրվա կտրվածքով, ամենաշատն այցելում են Ֆեյսբուք ու Ինստագրամ:
Երկրորդ մասում՝ «Ընկալումներ և մեդիա գրագիտություն» հարցվողները պատասխանել են տեղեկատվության հավաստիության, ստուգման, վստահելի աղբյուրների, մեդիա արտադրանքից բավարարվածության, տեղեկատվական աղբյուրների անկախության և այլ հարցերի:
Հարցվածների 31%-ը կասկածելի տեղեկությունները ստուգելու համար թեման որոնում է համացանցում, 26%-ը թեմայի հետ կապված հոդվածներ է փնտրում իր համար վստահելի կայքերում:
Հարցվողների 34%-ը երբեք չի ստուգում նյութերում առկա հղումները:
Լսարանի ամենաբարձր վստահությունը վայելում են հանրապետական սփռում ունեցող և տեղական ռադիոկայանները, թեև նրանց լսարանը փոքր է:
Հետազոտության երրորդ մասը ուսումնասիրում է բարեփոխումների լուսաբանումը:
Հարցումները ցույց են տվել, որ 2015թ-ի համեմատ 2019թ-ին բարեփոխումներով հետաքրքրվողների թիվն աճել է:
Քաղաքացիներն արդյունավետ են համարում կենսաթոշակային, երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումներն ու կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Ընթացող բարեփոխումների մասին հարցվողները հիմնականում տեղեկանում են հեռուստատեսությունից, համացանցային ռեսուրսներից և ռադիոյից:
Ըստ հարցվողների, թեման ամենաշատը՝ 37% լուսաբանել է Շանթ-ը, 21% Արմենիա և 17 % Հանրային հեռուստաընկերությունները:
Այս սոցիոլոգիական հետազոտությունը գործիք է, որը օգնում է հասկանալ հասարակության ընդհանուր տրամադրվածությունը լրատվական դաշտի հանդեպ ու խնդիրները:
Օրինակ, տեսնելով, որ 2015թ-ի համեմատ առցանց ռեսուրսների նկատմամբ վստահությունը 2019թ-ին նվազել է, կարելի է եզրակացնել, որ վստահությունը հիմա մեդիա դաշտի ամենաթանկ ապրանքն է:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: