2019.10.18,

Քննադատ

Պատկառելի տարիքը Երևանի միակ արժանիքը չէ

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Երևանի հիմնադրման առաջին մեծ տոնակատարությունը տեղի է ունեցել 1968-ին, երբ նշվում էր քաղաքի 2750-ամյակը: 

Դատելով 1968-ի մամուլի հրապարակումներից ՝ այդ տոնն առիթ էր ցուցադրելու  Երևանի հավակնությունները՝ դասվելու համաշխարհային մայրաքաղաքների շարքին.  

«2750-ամյա քաղաքաներ աշխարհում շատ քիչ կան: Երևանը, որ հին է աշխարհահռչակ Հռոմից, համաշխարհային ճանաչում ստացավ վերջին հինգ տասնամյակի ընթացքում: Չորս տասնյակ հազարից մի քիչ ավելի բնակչություն այսինքն՝ այնքան որքան քաղաքի այսօրվա ուսանողությունն է, ունեցող նախահեղափոխական քաղաքի փոխարեն՝ Սովետական Հայաստանի մայրաքաղաքն այժմ ունի 708 հազար բնակիչ. սա համաշխարհային չափանիշով հազվադեպ աճ է («Գրական թերթ», 1968, սեպտեմբերի 13):

Նույն թերթը տեղեկացնում է, որ քաղաքը 30 անգամ ընդարձակվել է նախահեղափոխական Երևանի համեմատ:

Պատկառելի տարիքը, սակայն, Երևանի միակ արժանիքը չէ. նախասովետական Երևանի տնտեսության մասին գաղափար կազմելու համար բավական է նշել, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գործող բոլոր տեսակի  ձեռնարկություններում աշխատում էին մոտ 500 բանվոր: 

Ի դեպ, այդ, այսպես կոչված, արդյունաբերական ձեռնարկությունների թողարկած արտադրանքը ուներ զուտ տեղական նշանակություն: Արտաքին շուկա էր դուրս բերվում գինու-կոնյակի ու պահածոների արտադրանքի մի մասը: 

Երևանը Ասիայի, Եվրոպայից ստանում էր բամբակյա, բրդյա, մետաքսյա գործվածքներ, ապակի, շաքար, թեյ, արտադրության համար անհրաժեշտ համարյա բոլոր տեսակի գործիքներ, անգամ՝ ասեղ ու մեխ:

Սովետական Հայաստանում ստեղծվեց ժամանակակից տեխնիկայով զինված արդյունաբերություն: Երևանի տրանսֆորմատորների, շարժական էլեկտրակայանների, գեներատորների, ճշգրիտ չափից գործիքների, հիդրոպոմպերի, էլեկտրալամպերի, հաստոցների, քիմիկատների, պահածոների գործարանները ճանաչելի են սովետական ողջ տարածքում: 

Համաշխարհային շուկայում մրցունակ են ուժային տրանսֆորմատորները, շարժական էլեկտրակայանները, գեներատորները, էլեկտրաշարժիչները, կոմպրեսատորները, հիդրոպոմպերը, ճշգրիտ չափիչ գործիքները, էլեկտրալամպերը, ժամացուցյցները, ալյումինը, սինթետիկ կաուչուկը, կոնյակը, գինին:

1967-ին համաշխարհային շուկա է դուրս բերվել շուրջ դեկալիտր կոնյակ: 

«Երևանի բնակչությունը, մեր հաշվով, մինչև 1977 թվականի վերջը կհասնի մեկ միլիոնի» («Ավանգարդ», 1968, հոկտեմբերի 15): 

Ու սա ամենը չէ: Ըստ նույն աղբյուրի՝ 1967-ին քաղաքի մեքենաշինական գործարանները երկրին տվել են 16,4 հազար շարժական էլեկտրակայան, 36 հազար գեներատոր, 4.300 հազար կիլովատ ուժային տրանսֆորմատորներ, 115 միլիոն էլեկտրալամպ, 68 հազար կենտրոնախույս պոմպ, 4.500 մետաղահատ հաստոց, 3 միլիոն ժամացույց:

Աղբահանություն, խցանումներ, կեղտոտ օդ… Սրանք այսօրվա մայրաքաղաքի խնդիրներից մի քանիսն են միայն: 

Հիսուն տարի առաջ էլ Երևանն ուներ խնդիրներ, որոնցից մեկն էլ հայտնվել է մամուլում: 

Քաղաքացին նամակ է ուղարկել խմբագրություն ու պատմել, թե ինչպես է Լենինի պողոտայի ու Սվերդլովի փողոցի անկյունի, ապա Պուշկինի, Սայաթ Նովա փողոցների, Մոսկովյան և Բարեկամության փողոցների հատման կետում գտնվող  ծաղկի խանութներում թարմ մեխակներ չի կարողացել գտնել. 

«Տխուր պատկերի առաջ է կանգնած ծաղկի բաշխման  և վաճառման գործը մեր սիրելի 2750 տարեկան Երևանում: Շուտով հազարավոր հյուրեր կգան, կմասնակցեն մեր տոնին, ի՞նչ նվիրենք մենք մեր բարեկամներին» («Ավանգարդ» 1968, հոկտեմբերի 10): 

2000-ից Երևանի հիմնադրման տոնակատարությունները առավել համեստ են՝ նվաճումները թվարկելու տեսանկյունից: 

Վիճակագրությանը փոխարինել են պաթետիկ, սակայն ոչ այնքան բովանդակային ուղերձները՝  «Երևանը մենք ենք», «Իմ սրտի մայրաքաղաք», «Իմ սրտի ուղեկից», «Երևան՝ իմ տուն», «Իմ ջերմ ու բարի քաղաք», «Երևան՝ արևի տուն»:

Այսօր մայրաքաղաքում լրիվ այլ մթնոլորտ է, որը տարբերվում է հիսնամյա վաղեմության Երևանից, որտեղ երևանցիները միմյանց ու իրենց հյուրերին կարմիր մեխակներ էին նվիրում: 

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *