2019.10.02,

Քննադատ

Սելֆին միայն լուսանկար չէ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սելֆին, արված հոկտեմբերի 1-ին զրահապատ Mercedes Sprinter միկրոավտոբուսում, որտեղ բոլորը տեսան ԵԱՏՄ վեհաժողովի մասնակից առաջնորդներին, իր էությամբ պատմական էր:

«Ճանապարհային սելֆի 🙂 Այս ընթացքում հասցրեցինք կարևոր որոշում կայացնել»,- Ֆեյսբուքում հրապարակված իր սելֆին այսպես է մակագրել Փաշինյանը:

Լուսանկարում Եվրասիական բարձրագույն տնտեսական միության խորհրդի նիստին մասնակցած նախագահներ Իգոր Դոդոնն է (Մոլդովա), Կասիմ-Ժոմարտ Տոկաևը (Ղազախստան), Սոորոնբայ Ժեենբեկովը (Ղրղզստան), Վլադիմիր Պուտինը (Ռուսաստանի Դաշնություն), Հասան Ռոհանին (Իրան):

Շատ տարբեր մարդիկ են՝ տարբեր մշակույթներով ու անցած ճանապարհով, տարբեր դեմքի արտահայտություններով ու դիրքով (սառած, զարմացած, գոհ, լարված), բայց բոլորը մի վայրում են կողք կողքի ու նույն դերն են կատարում: Գնում են այնտեղ, ուր իրենց տանում է ընդունող կողմը ու լուսանկարվում են այն պահին, երբ ուզում է ընդունող կողմը:

Երևի Նիկոլ Փաշինյանն ասել է՝ հիմա անում ենք սելֆի: Ու առանց երկար-բարակ մտածելու արել է: Պահը դարձել է պատմական, քանի որ շատ մտածված ու գեղեցկացված չէ, այլ պարզապես խոսուն է: Ակամայից:

Լուսանկարը հանպատրաստից է ու բավականին վատ որակի, բայց հենց այն փաստը, որ պատրաստությունների ընտելացած ու հանրային իմիջը հաշվարկող անձերը (հատկապես մեկ անձը, որը նստած է վերջին շարքում ու ատոմային ռումբ ունեցող գերտերության նախագահն է) հայտնվել են նոր խաղի կանոններով իրավիճակում: Ու սկսում են խաղալ այդ կանոններով:

Սելֆին ունի մի սիրուն հատկություն՝ հեռախոսի կոճակը սեղմողը թեև մասնակցում է, բայց ինքն է հեղինակը:

Ու Նիկոլ Փաշինյանը որպես սելֆիի հեղինակ լուրջ քայլ արեց նախագահների իմիջը բարելավելու համար: Օրինակ, հանգիստ տարածելով այն փաստը, որ լուսանկարը կարող է լինել անորակ, ֆոկուսից դուրս, սխալ կոմպոզիցիայով ու լուսավորությամբ, և հենց դա է պատմականը:

Սա առաջին և միակ սելֆին չէ, որը արել է ՀՀ վարչապետը նույն օրը վեհաժողովի ընթացքում:

Կային նաև ուրիշներ, որտեղ Փաշինյանն այլ խմբով առաջնորդների հետ է: Անգամ մի սելֆի, որտեղ առաջարկում է խմել կենացը այն մարդկանց, ովքեր չեն սիրում սելֆի անել:

Բայց հենց այս «ճանապարհային սելֆին» դարձավ ամենատարածվածը՝ սկիզբ դնելով մեմերի ու բարյացակամ մեկնաբանությունների:

Իհարկե, եղան նաև մեկնաբանություններ, որ այսպես չի կարելի, լուրջ չէ, ամոթ է, բայց դրանք եղանակ չէին ստեղծում:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը այս սելֆիին կցեց անցյալ տարի Ֆրանսիայի նախագահի և նրա կնոջ հետ արված Փաշինյանի սելֆին ու տարածեց սոցցանցերում՝ գրելով, որ սա «հայաստանյան բազմավեկտորային դիվանագիտություն է՝ պատկերավոր դարձած Նիկոլ Փաշինյանի սելֆիներով (և հումորով):

Ֆեյսբուքյան տարածքում այս սելֆին ով չէր տարածել կամ առնվազն դրա մասին արտահայտվել, իրեն անհարմարավետ էր զգում: Ուրախ (կամ սկեպտիկ) արձագանքելը հակակշռում էր պաշտոնական լուսանկարներից ու պահվածքից սպասելիքները:

Այս սելֆիից հետո, կյանքն այլևս առաջվանը չէ:

Բարձրաստիճան ու հանրային արձագանքից պաշտպանվելու սովոր մարդիկ մեկնաբանվում էին ու դառնում մեմերի առիթ:

«Ազիզ, կագնի, Բաղրամյանում իջնող կա», «Իսկ Լուկաշենկոն ու՞ր է: Ղեկին»: «Չէ, երևի Լուկաշենկոն կրակն է վառում, որ հասցնի խորովածը», «Նիկոլը էրեխեքին նստեցրել տանում է պաղպաղակ ուտելու»,- նման հումորային մեկնաբանությունները շատ էին:

Ղրղըստանի լրատվամիջոցներում, օրինակ հայտնվեց այսպիսի մեկնաբանություն՝ «Ղրղզստանի նախագահը իր մասնակցությունը ցուցաբերեց խմբակային սելֆիում»: Այսինքն, ընտրվեց ծանոթ ֆորմատ՝ նկարագրելու համար մի արտառոց արարողություն:

Պուտինը գնաց, սելֆին մնաց:

Ի վերջո, հենց ասում են «սելֆի», մարդիկ ժպտում են: Եվ դա ոչ մի առանձնահատուկ բան չի նշանակում: Պարզապես մշակույթ է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *