2012.04.07,

Քննադատ

Իմ հոգատար ռադիոն

Այս տարվա ապրիլի 7-ին իմ սիրելի «Վէմ» ռադիոկայանը տոնում է իր 10-ամյակը: 

Ես հայտնաբերել եմ «Վէմ» ռադիոկայանը մոտ 5-6 տարի առաջ՝ պատահաբար, ալիքները փոխելով: Գտա դասական երաժշտություն հեռարձակող կայան: Թողեցի, որ հասկանամ՝ ինչ ալիք է: Քիչ անց երաժշտությունը վերջացավ եւ սկսվեց «Հոգեւոր զրույցներ» հաղորդումը: Էլ չփոխեցի ալիքը: 

Չեմ ուզում պատմել, թե ինչպես ինձ «Վէմ»-ը դարձրեց գիտակից, ՀԱԵ (Հայ առաքելական եկեղեցու) դավանաբանությունից, ճշմարիտ քրիստոնեական հավատքից տեղյակ եկեղեցու ակտիվ անդամ: Կարծում եմ, որ «Վէմ»-ի շատ ունկնդիրներ անցել են նմանատիպ ճանապարհ: Կրթվել են նրա միջոցով:

Ավելի լավ է խոսեմ ռադիոկայանի մասին: Փորձեմ բնութագրել: 

Բովանդակություն, որակ, պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվության զգացում եւ հոգատարություն ու սեր ունկնդիրների հանդեպ: 

Բովանդակություն եւ որակ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն եթերը լցնող երաժշտության եւ հաղորդումների տեսակը եւ թեմատիկան, այլեւ դրանք ներկայացնելու, մատուցելու ձեւը, որը պրոֆեսիոնալիզմի, իրենց արած գործին պատասխանատվությամբ եւ ունկնդիրներին հոգատարությամբ եւ սիրով վերաբերվելու արդյունք է: 

Գովազդից բացարձակապես զերծ: 

Երբ ինձ հարց են տալիս՝ ի՞նչ ալիք ես լսում, ես պատասխանում եմ, որ երես եմ առել «Վէմ»-ի անգովազդ եթերից ու չեմ կարողանում որեւէ այլ կայան 10 րոպեից ավելի լսել: Այսօրվա գովազդաշատ հայկական առօրյայում նման հնարավորությունը կատարյալ երջանկություն է, վստահեցնում եմ: 

Օբյեկտիվություն:

«Վէմ»-ը եզակի է ոչ միայն իր հոգեւոր ուղղվածությամբ, այլեւ հայ իրականությանը վերաբերող, հայ ժողովրդի եւ մեր երկրի համար կենսական հարցերի բազմակողմանի վերլուծություն, քննարկումներ եւ տեսակետներ ներկայացնելու առումով: Օրինակ՝ հայ-թուրքական աննախադեպ եւ բուռն սիրավեպի զարգացումների ընթացքում, 1-2 բացառությամբ («բացառություն» ասում եմ խիստ վերապահումով, քանզի այս կամ այն կուսակցական գիծն ինձ համար ճշմարտության չափանիշ լինել չի կարող), երբ ոչ մի լրատվամիջոց հնարավորություն չէր ընձեռում մարդկանց լսելու հավասարակշռված քննադատություն, վերլուծություն, որոնք կօգնեին նրանց կողմնորոշվել, լսել, տեսնել իրատեսական գնահատականներ, այստեղ հրավիրվում էին մարդիկ, ովքեր մուտք չունեին «պաշտոնական» մամուլ, հնչում էին հիմնավորված կարծիքներ, տեսակետներ, որոնք պարզապես անհրաժեշտ էին մարդկանց՝ հարցի մյուս կողմը տեսնելու համար: Արձանագրություններ, լեզվի օրենքի փոփոխություն, Արցախ, Ցեղասպանության (չ)ճանաչում, ընտրություններ եւ այլն: 

Առանց գրաքննության:

Եթե որեւէ հարցով Էջմիածնին քննադատում են, ապա դա եթերից չի հանվում: Ազատության նման դրսեւորումն անհասկանալի կարող է լինել ոչ միայն այս կան այն կուսակցությանը պատկանող կամ պետական համարվող լրատվամիջոցների, այլեւ իրենց ազատ ու անկախ համարող տարբեր տեսակի զվարճա-երաժշտա-գլամուռայինների համար: 

***

«Վէմ»-ի մասին երկար կարելի է խոսել, կարելի է հատ-հատ նկարագրել բոլոր հաղորդումները՝ հոգեւորից մինչեւ մանկական, անուն առ անուն խոսել հաղորդավարների, հեղինակների եւ անգամ նրանց հյուրերի մասին (հատկապես հոգեւորականների), սակայն նյութը կերկարի: Չեմ ուզում այդքան ձգել, պարզապես ասեմ, որ Հայաստանի այսօրվա լրատվական խայտաբղետության մեջ նման ռադիոկայանի գոյությունը ոչ թե ուղղակի լավ է, այլեւ մխիթարիչ եւ հուսադրող:  

Եթե ինձ հարցնեին՝ ինչպես կարելի է կրթել մեր լրատվամիջոցներին, ես անպայման գործընթացի մեջ կներառեի «Վէմ» լսելն ու նրա աշխատելաոճն ուսումնասիրելը: Վստահաբար կարող եմ ասել, որ կայանից կարելի է դասեր քաղել՝ պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվության զգացողություն եւ հանրային գործունեության համար կարեւոր այլ հատկանիշներ ձեռք բերելու եւ իրենց աշխատանքում դրանք կիրառելու համար… 

Հաճախ տարբեր եթերներից լսում ենք «մենք սիրում ենք ձեզ», «մենք աշխատում ենք ձեզ համար», «մեր ունկնդիրները/հեռուստադիտողները/ լավագույնն են» եւ այլ զրնգան արտահայտություններ: Լսում ենք ու չենք հավատում: 

Սակայն երբ տեսնում ենք, որ մարդիկ իրենց ձեռնարկած գործին մատների արանքով չեն նայում, այլ ամեն ինչ անում են հանուն անծանոթ ու անհայտ ռադիոունկնդրի, երախտապարտության զգացումից բացի այլ բան չես կարող զգալ: 

Նարինե Աղաբեկյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *