«Թվապատում 2019. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի մրցանակները գտան իրենց տերերին:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը արդեն հինգերորդ տարին է կազմակերպում այս լրագրողական մրցանակաբաշխությունը՝ խրախուսելով Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը:
«Թվապատումն այս տարի ունի երկու նոր անվանակարգեր նվիրված փաստերի ստուգմանն ու մարդասիրական թեմաներին: Ներկայացված նյութերն անցյալ 5 տարիների համեմատ ավելի որակյալ են դարձել, քանի որ լրագրողները սկսել են լավագույնս օգտագործել մուլտիմեդիա գործիքները»,-ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Մրցանակաբաշխությանը հաղթող պատմություններն իրազեկում են հասարակությանն ու միաժամանակ խթանում որակյալ լրագրողական պատմությունների ստեղծմանը:
Այս շղթայի անխափան աշխատանքի շնորհիվ է, որ կարևոր թեմաներն ու քայլերը դառնում են հանրային սեփականություն՝ թույլ չտալով, որ վերահսկողությունից վրիպեն կարևոր որոշումները, իսկ ինֆորմացիան՝ կոծկվի:
«Homo Agendi (Գործող անձ)» գլխավոր անվանակարգում լավագույնն է ճանաչվել 4PLUS հարթակի «Տաթևիկ» նյութը, որը միաժամանակ մարդու ու այդ մարդու աշխատանքի դիմանկար է: «Տաթևիկ»-ը ֆոտոպատմություն է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի մասին:
Նյութի հեղինակ Վաղինակ Ղազարյանն ու նյութի հերոս Տաթևիկ Ռևազյանը ստացել են հավասար գումարային մրցանակներ և «Թվապատման» հայեցակարգի համաձայն՝ նյութի համահեղինակներ են:
Գործող անձը նույնքան կարևոր է, որքան այդ անձի մասին պատմող հեղինակը, քանի որ գործող անձերն են կարողանում սեփական փորձով, օրինակով, համարձակությամբ, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ ու ճակատագրով ոգևորել, բարեփոխել ու համախմբել մյուսներին:
Նյութի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը բարելավելու, մարդկանց օգնելու հնարավորությամբ ու փորձով:
Այս անվանակարգում պարգևատրվեցին թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը:
«Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Աստղիկ Գևորգյանի Ampop.am-ում հրապարակված «Համայնքների միավորում և խոշորացում. Բնակիչների համաձայնությունը ոչ միշտ է առկա» մանրամասն ուսումնասիրված, մշակված ու ինֆոգրաֆիկներով հագեցած մուլտիմեդիա լրագրողական աշխատանքը:
«Այս նյութը թիմային աշխատանք է, որտեղ օգտագործվել են բացատրական լրագրության և մուլտիմեդիա գործիքներ: Բացի այն, որ ամբողջական ենք ներկայացրել թեման, նաև ստեղծել ենք հետաքրքիր քարտեզ, որն օգնում է ընթերցողին հասկանալ, թե որ համայնքում մեկ բնակչին ինչքան բյուջե է բաժին ընկնում»,-ասում է Աստղիկ Գևորգյանը:
Համայնքների խոշորացման գործընթացում առկա թերություններն ու խնդիրները թվերով ներկայացնելը նաև լավ աջակցություն է մյուս լրագրողների համար, որոնք կարող են օգտվել այլ աշխատանքից ու սեփական, ավելի թիրախային հետաքննություններ անել:
«Դիտակ. հետաքննական լրագրություն» անվանակարգում լավագույնն է «Հետք»-ի լրագրող Քրիստինե Աղալարյանի «Հայկական ոսկու գինը. Աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ» հետաքննությունը:
Նյութերը պատրաստված են լրագրողական հետաքննության ժանրում կամ պարունակում են լրագրողական հետաքննության տարրեր: Աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվել քողարկված կամ անորոշ տեղեկատվության բացահայտումը, փաստերի ստուգումն ու ճշգրտումը, տվյալների լրագրության գործիքների օգտագործումը:
«Ստատուս․ մարդու իրավունքներ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Առավոտ»-ի լրագրող Նելլի Բաբայանը «Սովորույթի ուժով՝ ընդհատելով կրթությունը» վավերագրական ֆիլմի համար:
Հայաստանի ամենախոշոր ազգային փոքրամասնության՝ եզդիների, մասին պատմող ֆիլմը աղջիկների, կրթություն ստանալու իրավունքի ու վաղ ամուսնությունների ավանդույթի մասին է:
Անչափահասների իրավունքի գիտակցումը ավելի է բարդանում, երբ գործում են ազգային ու կրոնական դոգմաները: Եվ ստացվում է, որ գրված օրենքները բախվում են չգրված օրենքների հետ: Այն եզդի աղջիկները, որոնք դպրոցում սովորել ու պայքարում են այդ իրավունքի համար, այս նյութի հերոսներն են:
«Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում մրցանակի է արժանացել «Հետքի» լրագրող Դիանա Ղազարյանը «Մենակ դասարանում. Հայաստանում 452 երեխա դասարանի միակ աշակերտն է» մուլտիմեդիա պատմության համար:
Տեսանյութերով, լուսանկարներով, քարտեզներով ու տեքստային կոլաժով ներկայացված այս պատմությունը միաժամանակ հագեցած ու լակոնիկ է: Եվ ոչ միայն թեմայի ընտրությունը, այլև այն կառուցելու զուսպ ու տեղեկատվական ոճի շնորհիվ է այս աշխատանքը համարվել լավագույնը:
Դիանա Ղազարյանը ցանկանում է, որ որոշում կայացնողները մինչև օպտիմալացման և խոշորացման գործընթացը սկսելը գնան այս դպրոցներ. «Դա կօգնի ավելի գիտակցված որոշումներ կայացնել, որպեսզի նման պատմություններ այլևս չտեսնենք»:
«Ստուգված է. տեղեկությունների ստուգում» անվանակարգում լավագույն լրագրողական աշխատանք է ճանաչվել 24news.am-ի «Շաքարավազի շուկայում հեղափոխությունից հետո ավելացել է Սամվել Ալեքսանյանի հարևանը» մուլտիմեդիա նյութը: Հեղինակ Լիլիթ Հովհաննիսյանը, ստուգելով վարչապետի պնդումը, ուսումնասիրել ու համադրել է մեծ ծավալի տվյալներ՝ պարզելու համար շաքարի գնի գոյացումն ու մենաշնորհային ռիսկերը:
«Թվապատում» մրցույթում հատուկ մրցանակ շնորհվեց Երևանի քաղաքապետարանի անունից՝ «Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել. տարածքը՝ վաճառվել» հետաքննության համար: «Հետքի» լրագրողներ Սեդա Ղուկասյանը, Սարո Բաղդասարյանը, Տիրայր Մուրադյանը հետաքննել են անհետացած մանկապարտեզների շենքերի ճակատագիրը ու քաղաքապետարանի համար աշխատաքային նոր դաշտ բացել:
«Իհարկե լավ է, որ նյութը գնահատվել է, սակայն լավագույն մրցանակը կլինի այն, որ այս մանկապարտեզները նորից վերադարձվեն հանրությանը»,-ասում է նյութի համահեղինակ Սեդա Ղուկասյանը:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաև մրցույթային ժյուրիի կազմում էր, հանձնելով մրցանակն ասաց. «Մենք առանձնացրել ենք քաղաքի մասին պատմող մի քանի նյութեր, սակայն քանի որ տարեսկզբից մանկապարտեզների հանրայնացումը քաղաքապետարանի առաջնահերթությունների մեջ է, առանձնացրել ենք «Հետքի» հետաքննությունը»:
Մարդասիրական թեմաներով հատուկ մրցանակի արժանացավ նաև Լուսին Մկրտչյանը «Մեդիամաքսում» հրապարակված «Վազաշեն. Կրակոցները, պարող և «Արարատը մեր լեռն է» երգող աղջիկները» նյութի համար:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակ հանձնեց նաև երեք պատմության հեղինակների՝ Mediamax.am-ից Ամալի Խաչատրյանին՝ «Զրոյից» շարքի համար, Daphnearmenia.com-ից Վահե Ներսեսյանին՝ «40 տարվա լռություն» նկարազարդած
պատմության համար, Hetq.am-ից Մարինե Մարտիրոսյանին՝ «Հայաստանի «փակ քաղաքները»․ հոգեբուժարաններ» հետազոտական նյութի համար։
«Թվապատման» խրախուսական մրցանակների արժանացան EVNreport.am-ում հրապարակված նյութերի երկու հեղինակներ՝ Արշալույս Բարսեղյանը («Կհավատա՞ս» ) և Կուշանե Չոբանյանը («Տիգրան Գևորգյան. Կոտրելով կարծրատիպերը»): Խրախուսական մրցանակ շնորհվեց նաև նյութի հերոս Տիգրան Գևորգյանին, որը բարդություններով, համբերությամբ ու համառորեն անցնում է իր կյանքի ճանապարհը՝ հաղթահարելով Դաունի համախտանիշով մարդկանց հանդեպ եղած նախապաշարումները:
Հատուկ հիշատակման պատվոգրեր ստացան Urbannews.com-ի լրագրողական թիմը՝ «Վերաիմաստավորել արդյունաբերական քաղաքը», Yerevan.today-ի լրագրող Լիլիթ Գալստյանը՝ «Ինձ այստեղ կոնֆորտ չեմ զգում». Համշմանդամության կարգավիճակ ստանալը պատուհաս է դարձել», «Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանը՝ «Պաշտոնյաների ունեցվածքի և փոխկապակցված անձանց բաց շտեմարան», Մարինե Մարտիրոսյանն ու Վահե Սարուխանյանը «Փոքր երկրի մեծ, «թունավոր» աչքը. Արծվանիկի պաչամբար» լրագրողական աշխատանքների համար:
Նունե Հախվերդյան
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: