2012.04.05,

Քննադատ

Հայկոն, Մկոն եւ մյուսները

Մեր նախորդ հրապարակումներում, Նազենի Հովհաննիսյանի եւ Խորեն  Լեւոնյանի վարած հաղորդումների առիթներով, հիմնականում խոսեցինք  էդ հաղորդումներին հրավիրված հյուրերի մասին, եւ հիմա  հրավիրվածների թեման շարունակելով` ուզում եմ հիմնականում կանգ  առնել իբրեւ հաղորդման ֆոն հրավիրվող հյուրերի վրա, մասնավորապես`  մեր երգիծական հաղորդումներին հրավիրվող հյուրերի վրա, եւ էս առիթն  օգտագործելով` ուզում եմ նշել, որ մեր երգիծական հեռուստածրագրերը («Կարգին հաղորդում», «32 ատամ», «vitamin» եւ այլն) հիմնականում  հաջողված են:

Ի պատիվ «Կարգին հաղորդման» Մկոյի ու Հայկոյի, պիտի ասեմ, որ  նրանց «Կարգին հաղորդումը», սիրված ու ընդունված լինելով  հեռուստադիտողների կողմից, ճիշտ ժամանակին դադարեցվեց (ի  տարբերություն ռուսական Городок-ի): Սա բացառիկ դեպք է, երբ  հաղորդման հեղինակները խուսափելով կրկնվելուց` դադարեցնում են  իրենց ծրագիրը: Փոխարենը հղացան միանգամայն նորը` «Կարգին  սերիալը», որը, ճիշտ է, «Կարգին հաղորդման» մասսայականությունը  դեռեւս չի վայելում, այդուհանդերձ, անհամեմատ հետաքրքիր ու  դիտարժան է, քան` մեր անթիվ ու անհամար քրեական ու
կիսաքրեական սերիալները: Նույնը կարող եմ ասել «Երեւան-1» երգիծասերիալի վերաբերյալ, որը եւս ուրախություն է պարգեւում դեպքից դեպք ուրախացող մեր հեռուստադիտողներին: Նույնը կարող եմ ասել իրարից տարանջատված «32 ատամ» եւ «vitamin» խմբերի մասին, որոնք  իրարից անջատ ոչ միայն հաջողությամբ գոյատեւում են, այլեւ ստեղծագործական նորանոր դրսեւորումներ են ունենում:

Կարծես շեղվեցինք մեր բուն թեմայից, չնայած, կարծում եմ, մեր էս  շեղումն ավելի կարեւոր էր, քան` մեր բուն թեման: Մեր բուն թեման  հատկապես ու առանձնապես այս երկու երգիծական ծրագրերին պարբերաբար հրավիրվող հյուրերն էին, ավելի ստույգ` այդ հյուրերի վարքն ու պահվածքը` նույն այդ հաղորդումների ընթացքում: Նրանց հեռուստատեսային վարքի ու պահվածքի մասին հնարավոր է երկար խոսել, որովհետեւ տվյալ հաղորդումների օպերատորներն իրենց  տեսախցիկները չափազանց երկար են պահում տվյալ հրավիրվածների  վրա:

Չնայած ասացինք, որ «32 ատամն» ու «vitamin»-ը առանձին-առանձին էլ  են հաջողությամբ գոյատեւում ու շարունակվում, այդուհանդերձ,  հաջողված համարների կողքին անհաջողներ էլ են պատահում, եւ դա  միանգամայն բնական է, որովհետեւ նույնիսկ համաշխարհային կարգի կատակերգուներին ու երգիծաբաններին չի հաջողվում մշտապես միեւնույն բարձրության վրա գտնվել: Մեր այս երկու երգիծական հաղորդումների արտիստների ու երգիծաբանների հումորն էլ է ժամանակ  առ ժամանակ թուլանում. ավելին. երբեմն-երբեմն նույնիսկ տափակություններ ու գռեհկաբանություններ էլ են պատահում, բայց տարօրինակը ոչ թե դրանք են, այլ այն, որ հրավիրված հյուրերից շատերն էդ տափականությունների ու գռեհկաբանությունների վրա ավելի սրտանց ու ավելի լիաթոք են ծիծաղում, քան նույնիսկ` իսկական ու հաջող սրամտությունների վրա, եւ թարսի պես էդ տափակությունների վրա ծիծաղողների ծիծաղն առավել երկար ու առավել մանրամասն են մեզ հրամցնում: Ես պատրաստվում էի ավելի երկար ու ավելի մանրամասն կանգ առնել էս հրավիրվածների անտեղի ու անառիթ ծիծաղների վրա, բայց, ինձանից անկախ, ավելի կարեւոր բանի մասին խոսեցի: Ավելի կարեւոր բանն այն է, որ վերջին տարիներին մեր տարբեր հեռուստաընկերություններում ստեղծված երգիծական հաղորդումները հիմնականում հաջողված են: Ես սա ասում եմ, հասկանալով ու պատկերացնելով, որ երգիծանքի ժանրն իսկապես ամենաբարդն է: Այս ժանրում նույնիսկ ռուսական հեռուստաալիքները մեծ հաջողությունների չեն հասել, եւ այս առումով մեր հայրենակից Գարիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ ստեղծված ծրագիրն իսկապես բացառություն է:

Իմ գովասանքին արժանացած էս երգիծական հաղորդումներն ու  սերիալներն իհարկե անթերի չեն. սրանցում, իհարկե, լիքը  տափակություններ ու գռեհկաբանություններ կան` հատկապես  «գալիբոյության» թեմաներով, բայց պիտի ընդունենք նաեւ, որ մարդկանց  առողջ ծիծաղ պարգեւելը չափազանց բարդ ու չափազանց դժվարին գործ  է, ինչպես նաեւ` չափազանց կարեւոր ու շնորհակալ գործ, որովհետեւ  ժամանակակից մարդն ու մանավանդ ժամանակակից հայը ծիծաղի  կարոտ է:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *