2019.09.10,

Քննադատ

Լայվերի մայրամուտը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ուղիղ միացումները՝ լայվերը, ամենապահանջված ապրանքն էին մեդիա դաշտում այն ժամանակից, երբ սկսվել էր թավշյա շարժումը և Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետ չէր:

Հետագայում էլ, երբ նորընտիր կառավարությունը ուղերձ ուներ հանրությանը, իր առանցքային դեմքերը (բնականաբար, նաև վարչապետը) «մայր»-սոցցանց Ֆեյսբուքով մտնում էին լայվ ու խոսում չխմբագրված ու դրանով հանդերձ՝ համակրելի ոճով ու արագ արձագանքման ռեժիմով:

Բայց անցավ որոշ ժամանակ, և այն, ինչը համակրելի ու արժեքավոր հնարք էր, դարձավ թակարդ պաշտոնյա-մեդիա անձերի համար:

Որպեսզի բարձրաստիճան պաշտոնյայի լայվը իմաստ ունենա այսօր,  հարկավոր է, որ լինի կա՛մ նոր դեպք, կա՛մ նոր վայր, կա՛մ նոր ասելիք:

Դրան գումարած նաև նպատակ հետապնդի ուսումնասիրել արձագանքները: Այսինքն, լինի առիթ ինտերակտիվ եղանակով հասկանալու լայվ ուղերձի արժեքն ու գինը հանրության աչքերում ու ականջներում: Իսկ դա հասկացվում է այն ժամանակ, երբ կիրառվում է ընդգծված երկխոսության ձևաչափ: Եթե կան հարցեր կամ մտահոգություններ, դրանք չենք կարող երկար ժամանակ մնալ անպատասխան ու առանց մեկնաբանության:

Եթե լայվը ընդամենը PR քայլ է, այն վաղ թե ուշ խամրեցնելու է լայվի հեղինակին:

Քանի որ Նիկոլ Փաշինյանի ֆեյսքուքյան էջը արդեն հիշեցնում է հաշվետվությունների հարթակ (բնականաբար, միայն դրական ու ոգևորող լուրերով ու թվերով), փոխվել է շատ նուրբ ենթատեքստ՝ վարչապետի հաղորդած լուրերը այսօր առաջին դեմքով գրված ու մտածված լուրեր չեն:

Դրանք ընդհանուր գովազդային լուրեր են, որոնք հիմնականում գրված են լինում բյուրոկրատական լեզվով, արդեն իսկ խմբագրված տարբեր անձանց կողմից: Որպես կանոն, դրանք միակողմանի հաղորդիչ են այն մասին, որ աճել է… (այցելուների թիվը, նպաստները, քանակը, ծավալը և այն այլ բաները, որոնք պետք է աճեն):

Նաև կրճատվել է այն, ինչը ցանկալի է նվազած տեսնել (բացասական թվերը, ցուցանիշները, տոկոսները):

Գրեթե չես գտնի մի հրապարակում, որը ենթադրվում է քննարկում, հակասություն, մտածելու մակերես: Հրապարակումներից շատերը երկխոսելու համար չեն:

Հեղափոխությունից մեկ տարի անց նոր կառավարությունն արդեն մեծացրել է իր համակիր մեդիա հարթակների քանակը, ստացել հնարավորություն մոնտաժելու, մշակելու ու ներկայացնելու իր տեսակետից հանրային կարևոր ինֆորմացիան այն ձևով, ինչ համարում է աժեքավոր:

Երբ ունես լուրջ մեդիա աջակցություն, այլևս անհասկանալի է դառնում սոցցանցի լայվի իմաստը: Ի վերջո, ասելիքը կարող է ոչ պակաս արագությամբ նկարահանվել ու տարածվել լրատվամիջոցներով: Օրինակ, Հանրայինով, որը միշտ պատրաստ է դա անել:

Լայվը պետք է, եթե ուզում ես երկխոսել կամ առնվազն մշտադիտարկել մեկնաբանություններն ու մեկնաբանել արդեն արձագանքը:

ՀՀ վարչապետի վերջին լայվերն ու դրանց մեկնաբանությունները վկայում են մասնավոր կապիտալի ու հանրային շահի անշեղելի բախման մասին:

Այն, ինչ ասում է վարչապետը ժողովրդին իր լայվերով, այլևս չի ստանում անվերապահորեն արտահայտված աջակցություն ու հիացմունք: Հիմա մեկնաբանություններն ավելի առաջադիմական դիրքերից են, քան երբևէ եղել են:

Արդեն արձագանքում է սոցցանցային այն հատվածը, որը ասելու բան ունի, այլ ոչ թե միայն ուրախ սմայլիկներ ու սիրո խոսքեր է ասում վարչապետին: Առաջադեմ հատվածը ցանկանում է լսելի լինել՝ մեկնաբանելով վարչապետին: Եվ այն, թե ինչպես է այդ ցանկության հետ վարվելու վարչապետը, ունենալու է լուրջ քաղաքական հետևանքներ:

#Ամուլսարը մատնանշում է ոչ միայն հանքարդյունաբերական ու բնապահպանական խնդիրները, այլ ուրվագծում է Հայաստանի դիրքավորումը՝ լինել հու՞մք, թե՞ գաղափար: Ընդ որում՝ արդեն նշանակություն չունի այս վարչապետով, թե ուրիշ:

Հանքերը գաղափարական հիմնավորում չունեն (բացի փողից), իսկ մաքուր էկոհամակարգը, այդ թվում նաև շփման ու արձագանքման մշակույթը ունի ներդրումային էֆեկտ: Հանքը շահագործվում է, գաղափարը՝ ստեղծվում:

Եվ բոլոր ժամանակներում ստեղծելն ավելի առաջադիմական ու թանկ է, քան շահագործելը:

ՀՀ կառավարությունը չի կարող անցում կատարել ուղիղ ու շիտակ շփման մշակույթից դեպի ստվերային պայմանավորվածությունների ու արհամարհանքի մշակույթ առանց լուրջ կորուստների:

Եվ հիմնական կորուստը կլինի ոչ այնքան նոր կառավարության շատ բարձր վարկանիշի անկումը, այլ հանրային սպասելիքների փլուզումը:

Մինչդեռ հանրային էներգիան նոր կառավարության հիմնական ռեսուրսն է:

Հանրային առաջադեմ դիմադրությունը ոչ մի տեղ չի կորելու, դրա հետ հաշվի պիտի նստի առաջին հերթին վարչապետը, ում Ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունները երբեք այսքան բովանդակալի չեն եղել:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *