Նոյեմբերի 10-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը մեծ արձագանք գտավ մեդիայում: Լրատվամիջոցները պարբերաբար թարմացվող տեղեկատվությանը կցում էին նաեւ լուսանկարներ դեպքի վայրից, որտեղ պատկերված էին այրված միկրոավտոբուսի մնացորդներն ու փրկարարական աշխատանքները:
Որոշ լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում զոհվածների՝ սավանով ծածկված դիակներից բացի՝ երեւում էին նաեւ ողբերգական պատահարի զոհերի այրված մարմնի մասերը:
Ինչպիսի լուսանկարներ պետք է հրապարակվեն նման պատահարների ժամանակ. լուսանկարների բովանդակության էթիկայի մասին մեկնաբանում են խմբագիրները:
Աննա Իսրայեյլյան
Առցանց «Առավոտ»-ի խմբագիր
Մենք խնայում ենք մեր ընթերցողներին, դրա համար էլ նման նկարներ չենք հրապարակել:
Ինձ թվում է՝ արժի հնարավորինս խնայել մարդկանց էմոցիաները, հատկապես երբ նման փորձությունների անհրաժեշտություն չկա՝ տեքստում գրված էր, որ հրդեհ է եղել, պայթյուն, մարդիկ այրվել են: Սարսափի տեսարաններով մարդկանց վրա ազդելն ինձ թվում է՝ էթիկական առումով այդքան էլ ճիշտ չէ: Ուստի թեեւ մենք ունեինք այդ լուսանկարները, որոշեցինք չհրապարակել:
Լրատվամիջոցների մի մասը նյութի վերնագրում չի էլ նշում «18+», իսկ նրանք, որոնք նշում են, կասկածներ ունեմ, որ հետաքրքրություն գրգռելու համար են անում, ինչպես էրոտիկ բնույթի լուսանկարների դեպքում, երբ «18+»-ը ինչ-որ առումով գովազդային, ընթերցել հրահրող բան է դառնում:
Լեւոն Բարսեղյան
Գյումրու «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Մեր հոդվածների մեջ կար դրսում դրված՝ սպիտակ սավանով ծածկված դիակ պատկերող լուսանկար: Սավանից միայն կոշիկներն էին երում, ջանացել էինք, որ մարմնի այլ մասեր չերեւան: Մեր լուսանկարչին հանձնարարել էինք նկարել ամեն ինչ, սակայն գտանք, որ ամեն ինչ չպետք է հրապարակել:
Պետք է զգույշ լինել ու զգաստ, առաջնորդվել կրքեր չբորբոքելու, ցավը չշահարկելու սկզբունքով: Ես կարծում եմ, որ այդ իրավիճակում գտնվող մարդուն նույնականացնող եւ ակնհայտորեն հույզեր պատճառող նկարներ չպետք է լինեն: Մյուս կողմից՝ իրադրությունը թույլ չի տալիս երեսպաշտություն անել եւ շատ ընդհանրական նկարներ տեղադրել նման դեպքերում:
Նույնիսկ ամերիկյան՝ էթիկական բարձր չափանիշներ ունեցող լրատվամիջոցներում ենք տեսնում, որ սավանով ծածկված դիակի լուսանկար կարելի է հրապարակել, եթե դեմքը չի երեւում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: